Պաշտոնական այցըՙ աշնանը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույց: ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն Քոչարյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ՀՀ ղեկավարությանը մոտ աղբյուրներ, հաղորդում է, որ մարտի երկրորդ կեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան, որտեղ նա մտադիր է մասնակցել ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության խորհրդի անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Նույն աղբյուրը հաղորդել է, որ ընթացիկ տարվա աշնանը ծրագրված է Վ. Պուտինի պաշտոնական այցը Երեւան: Տեղեկատվությունը հաստատվել է Կրեմլյան վարչակազմում: