«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2001-02-17 | #31, 2001-02-20 | #32, 2001-02-21


ՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈ՜ՒՆՔ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

«Թե կյանքը գետ է կատաղիՙ Ափունք ու հուն են մայթերը»:

Գրում է հայ մեծ բանաստեղծուհին: Իրապես ինչ հոյակապ, նվիրական տողեր են նվիրված հայ կնոջըՙ մորը, քրոջը, աղջկան, սիրածին...

Փետրվարի 19-ին, Բաղրամյան փողոցում, մազերը շեկացրած, շրջազգեստով կատաղած արարածը բղավում էր. «Մա՚հ Հայրիկյանին»: Ոչ ավել, ոչ պակաս. մահ: Շատ գոռալուց նրա ձայնը խզված էր, աչքերը ատելությունից կարմրել էին, ձեռքերըՙ բռունցքվել: Նա պատրաստ էր գործողությունների: Նա, որ 1988-ին իր նման մի խումբ անասնացած էակների հետ ներխուժեց այդ նույն փողոցում գտնվող նույն շենքը եւ ծեծի ենթարկեց Հրանտ Ոսկանյանին, նա, որ հրճվանքով «Լեւո՜ն, նախագահ» էր բացականչում եւ մի տարի անց բղավումՙ «Լեւո՚ն, հեռացիր», նա, ով մի քանի կոպեկի համար կծեծի, կգոռա, կսպառնա, կսպանի, վստահ լինելով, որ անպատժելի է, քանզի կին է:

Նա համաձայն չէ Պարույր Հայրիկյանի հետ: Վերջինս նահատակներին է քննադատել: Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին: Բայց չէ՞ որ նա, հենց նա, այդ շեկացրած մազերով կինը 1988-ին բղավում, գոռում, սպառնում էր նաեւ այդ նույն Դեմիրճյանին: Նույն ձեւով անասնացած, ատելությամբ լի, պատրաստ ծեծի, սպառնալիքի, սպանության:

Նա ատելության մաղձը խորհրդանշող հավաքական կերպար է դարձելՙ զուրկ կանացի արժանապատվությունից, բարությունից, նրան բետեեռի հետ են համեմատում, որին քշում են ուրիշները...

Ինչքա՞ն անպետք եւ վախկոտ պետք է լինեն այն մարդիկ, որոնք փողոց հանելովՙ ստորացնում են հայ կնոջըՙ մորը, սիրածին, քրոջը...

Պարոնայք հեղափոխականներ, ոչ հեռու անցյալի պաշտոնավորներ, ժամանցված քաղաքական թայֆաների ներկայացուցիչներ, վերջապեսՙ խելքահան արված ազգականներ.

«Մի դիպեք մայրերի սրտին,
Մի դիպեք, իրավունք չունեք,
Նրանք սոսկ ձերը չեն
Ազգինն են, գոյության սյունն են մայրերը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4