<20013202.jpg>
Միայն այս հարցում երեկ պայմանավորվածություն ձեռք չբերվեց
Հայաստանը եւ Ուկրաինան երեկ պայմանավորվեցին ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ հասցնել մինչեւ 35- 40 մլն դոլարի: Այս պահին ծավալները տատանվում են 15 մլն դոլարի սահմաններում: Պայմանավորվածությունը միակը չէր երեկվա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում: Կողմերը պայմանավորվել են նաեւ համագործակցել էներգետիկայի, արդյունաբերության, զբոսաշրջության, դեղագործության, կրթության եւ այլ ոլորտներում: Կոնկրետ պայմանավորվածություններից առանձնահատուկ նշանակություն ունեն հայկական կաուչուկի եւ լատեքսների Ուկրաինա արտահանելու, Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը ուկրաինական ընկերությունների մասնակցության հարցերը:
Վերջինիս վերաբերյալ հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ Կարեն Ճշմարիտյանը հստակեցրեց, որ Ուկրաինան հանդես է գալիս որպես սարքավորումներ մատակարարող, այլ ոչ թե նախագծի մասնակից: Որպես օրինակ նշվեց Սումսկի մեքենաշինական գործարանը, որը գազատար խողովակների եւ այլ էներգետիկ ոլորտին անհրաժեշտ սարքավորումների լավագույն ձեռնարկություններից է: Էներգետիկ համագործակցությունը ենթադրվում է, որ կընդգրկի ավելի լայն ծավալներ: Մասնավորապես ուկրաինական ընկերությունների սարքավորումները կօգտագործվեն նաեւ հայկական ԱԷԿ-ում: Առաքված արտադրանքի դիմաց կողմերը պայմանավորվեցին կիրառել վճարման տարբեր ձեւեր: Բնական է, որ այս ամենի իրականացումն անհնար կլինի առանց հուսալի եւ ոչ թանկարժեք տրանսպորտային ուղիների: Իսկ այդպիսի ուղիներ արդեն գործում են: Մասնավորապեսՙ անցյալ տարվանից գործարկված Փոթի-Իլյիչեւսկ լաստանավային անցումը:
Այդուհանդերձ, երեկվա նիստի ժամանակ պայմանավորվածություն ձեռք չբերվեց մեկ կարեւոր հարցիՙ Հայաստանին ունեցած Ուկրաինայի պարտքի վերաբերյալ: Այս երկիրը Վրաստանից եւ Բելառուսից հետո երրորդն է, որը Հայաստանին պարտք է որոշակի գումար: Այն առաջացել է նախկին խորհրդային ռուբլու շրջանառությունից դուրս գալու, ռուսական ռուբլու, ուկրաինական կուպոնի եւ հայկական դրամի ի հայտ գալու ժամանակներումՙ 1993 թ. վերջին ամիսներին: Ըստ հայկական կողմի հաշվարկների գումարային առումով ուկրաինացիները մեզ պարտք են 15 մլն դոլար: Ըստ ուկրաինացիներիՙ ընդամենը 7 հազար դոլար: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պաշտոնյաներից մեկը դա բացատրեց հաշվարկների մեթոդաբանության տարբերությամբ եւ նշեց, որ պարտքի իրական թիվը 4- 5 մլն դոլարն է: Չնայած այդ բացատրություններին, պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո նույն հարցն ուղղեցինք Կարեն Ճշմարիտյանին եւ Ուկրաինայի արդյունաբերության քաղաքականության պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Նովիցկուն, որը նաեւ միջկառավարական հանձնաժողովի ուկրաինականի համանախագահն է: Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարը պատասխանեց, որ ուկրաինական կողմը չի ընդունում պարտքը, եւ այս հարցը դեռեւս բանակցությունների առարկա է: Վլադիմիր Նովիցկին ավելացրեց, որ բանակցությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբեր, եւ կընդունվի փոխհամաձայնեցված որոշում: Մամուլի ասուլիսից հետո «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Կարեն Ճշմարիտյանը հայտնեց, որ գոյություն ունի փաստաթուղթՙ ստորագրված երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ, որտեղ արձանագրված է Ուկրաինայիՙ Հայաստանին ունեցած 4 մլն դոլար պարտքը: Իսկ թե ինչո՞ւ է Ուկրաինան հրաժարվում ընդունել, հանձնաժողովի հայ անդամներից մեկը պատասխանեց, որ համանման խնդիրներ Ուկրաինան ունի Ղազախստանի, Ռուսաստանի հետ: Սակայն այդ գումարներն անհամեմատ մեծ են, եւ ճանաչելով ըստ էության ոչ մեծ պարտքը Հայաստանին, Ուկրաինան ստիպված կլինի ճանաչել մնացած համանման իրավիճակում գոյացած խոշոր պարտքերը: Այսինքն այստեղ ավելի շուտ քաղաքական կամք է պահանջվում, որն առայժմ ուկրաինացիները չեն ցուցաբերում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ