«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2001-02-17 | #31, 2001-02-20 | #32, 2001-02-21


«ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՆՍՊԱՌ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՉ ԷԼ ԾԱԽԵՍ ՕԳՈՒՏ Է»

ԱԺ պատվիրակությունը վերադարձավ Չինաստանից

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Չինաստանՙ այդ երկրի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀՉԺ) նախագահ Լի Պենի հրավերով: Ինչպես տեղեկացրեց պրն Խաչատրյանը, ծախսերը հոգացել է չինական կողմը:

Պատվիրակության կազմում էին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը եւ Հայաստան-Չինաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Կետիկյանը:

Չինական մեծ պատը դիտելուց հետո ԱԺ պատվիրակությունը հանդիպել է պրն Լի Պենի հետ, քննարկվել են միջխորհրդարանական, տնտեսական, քաղաքական առավել սերտ համագործակցության հեռանկարները, համոզմունք է հայտնվել, որ հայ-չինական բազմակողմ փոխշփումներն այլընտրանք չունեն: Այնուհետեւ պատվիրակությունը մեկնել է Գուանդուն նահանգ, որի ներմուծման եւ արտահանման ընդհանուր ծավալն անցած տարի կազմել է ավելի քան 176 մլրդ դոլար: Նահանգապետ Չժու Սենլինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության խնդիրներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նահանգի վարչական կենտրոն Գունչժաոու քաղաքը եւ Հայաստանի Հրազդան քաղաքը «եղբայրներ» դարձնելու շուրջ:

Առանձին ձեռնարկություններ այցելությունների ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանում չինական ներդրումներ կատարելու եւ նոր աշխատատեղեր բացելու շուրջ: Ինչպես գտնում է ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը, փոխադարձ տնտեսական համագործակցությունը կարող է զարգանալ երեք ուղղություններով: Առաջինՙ նպաստավոր դաշտ ստեղծել մեր երկրում չինական ներդրումների համար, որի առումով շահագրգռվածություն են ցուցաբերում այդ երկրի ձեռնարկությունները, երկրորդՙ չինական անսպառ շուկայում հաստատվելուն միտված աշխատանքների ծավալում, որը հիմնականում կախված է մեր տրամադրվածությունից: Այս ուղղությամբ, ի դեպ, առաջին քայլերն արդեն իսկ առկա են. Չինաստանում գործում է «Հայկական գյուղ» անունով մի ձեռնարկություն, որի նպատակն այդ երկրում հայկական ծիրան աճեցնել: Երրորդ, որը նաեւ առավել հեռանկարային է, համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Չինաստանը վերջին շրջանում մեծ նվաճումների է հասել:

Եթե նկատի ունենանք, որ ցանկացած ներդրումների ցուցանիշը տվյալ երկրի կոռումպացվածության աստիճանի հետ է կապված, ապա հասկանալի կդառնա, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ Հայաստանում: Վահան Հովհաննիսյանը (որի ղեկավարությամբ հանձնաժողովը մշակում է կոռուպցիայի դեմ պայքարի օրենք) գտնում է, որ Չինաստանի ձեռքբերումներն այս տեսակետից կարող են մասամբ ուսանելի լինել:

Հայկական պատվիրակությունը Չինաստանում բարձրացրել է նաեւ այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հավանականության հարցը, սակայն, Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ, Չինաստանում ինֆորմացիայի պակաս կա, որի հիմնական պատճառը հայկական սփյուռքի բացակայությունն է:

Հովհաննես Հովհաննիսյանն ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Դրա անհրաժեշտությունն ունի ոչ միայն տնտեսական հիմնավորում, այլեւ կապված է ազգային անվտանգության հետ, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող Չինաստանը խոշոր պատվար կարող է լինել Հայաստանի համար: Այս առումով առաջնային խնդիր է բարձր մակարդակով փոխայցելություններ նախաձեռնելը: Առայժմ, սակայն, ԱԺ նախագահի հրավերով ՉԺՀ-ի բարձրագույն մարմնի նախագահ Լի Պենը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան:

ԱԺ պատվիրակությունը Հայաստան է վերադարձել փետրվարի 19-ին:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4