Վերջին ժամանակներս շատ հաճախ լրատվական միջոցներում կարելի է հանդիպել աղանդավորության եւ համասեռականության մասին բազմաթիվ նյութերի, ինչը հետեւանք է Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պատճառով վերջինիս ներկայացվող օրենսդրական փոփոխությունների անխուսափելիության: Սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ընդգրկում է շատ ավելի լայն խնդիրների շրջանակ, քան վերը նշվածները, ինչպես օրինակՙ զանգվածային լրատվության, այլընտրանքային զինծառայության, եւ ընդհանրապես, բոլոր այն խնդիրները, որոնք այս կամ այն չափով կարող են դիտվել մարդու իրավունքների համատեքստում: Այդ նույն համատեքստում իսկ անհրաժեշտ է դիտարկել, թե որքանով է ՀՀ օրենքը լեզվի մասին համապատասխանում մարդու իրավունքների դեկլարացիայի չափանիշներին:
Հետադարձ հայացք նետելով մեր անկախության շրջանի ոչ երկար պատմությանը կարող ենք վերհիշել, թե ինչ պայմաններում եւ ովքեր էին ընդունում լեզվի մասին այս տխրահռչակ օրենքը:
Անցած տասնամյակի սկզբներին, երբ ընդունվում էր ՀՀ օրենքը լեզվի մասին, արդեն սկսվել էր իշխանության օտարումը ժողովրդից եւ հատկապես մտավորականությունից, իսկ ՀՀՇ-ականները, շրջապատված մանկլավիկների ստվար բազմությամբ, իրենց զգում էին ամենակարող, անսխալական եւ, ինչն է ամենահետաքրքրականը, ամենագետ: Նրանց մեծամասնությունն ամպագոռգոռ ելույթներ ունենալով ազգասիրության, հայոց բացառիկության եւ հայրենանվիրության մասին, այդ միջոցներով ձգտում էր ինքնահաստատվել եւ ազատվել կրթության անլիարժեքության ու անձնական թերարժեքության զգացումներից, իսկ ազգի ինքնամեկուսացման մեջ տեսնում էին իրենց իշխանությունն ուժեղացնելու միջոց:
Խորհրդարանում ներկայացված ընտրանին, որը դեռ չէր հստակեցրել ինչպես իրար դիմենՙ «դեպուտատ» թե «պատգամավոր», «ընկեր» թե «տիար», շատ լավ սակայն հասկացել էր, որ ընդունվող օրենքներում ինչքան շատ լինեն արգելքները, այնքան ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն բացառությունների կարգով տրվող թույլտվությունների շնորհիվ, մեղմ ասած, լավացնելու սեփական ֆինանսական դրությունը: ՀՀՇ-ի առաջնորդները «բարձր» քաղաքականությամբ եւ նախկին կոմունիստական նոմենկլատուրայի հետ իշխանական լծակների վերաբաշխմամբ զբաղված լինելովՙ երկրորդական հարցերը թողել էին երկրորդ էշելոնին: Մասնավորապես գիտության, կրթության, մշակույթի եւ լեզվի հարցերով զբաղվում էին ՀՀՇ-ի այնպիսի «կարկառուն» դեմքեր, ինչպես Վալերի Միրզոյանը, Արամ Մանուկյանը եւ նրանց նմանները: Հատկապես բնորոշ է, որ հայ մշակույթի ու հայոց լեզվի պաշտպանի դերում հանդես էր գալիս նախկին ընկեր Վ. Միրզոյանը, որը «Գիտելիք» ընկերության կողմից կարդացվող դասախոսությունների ընթացքում մեծ ափսոսանք էր հայտնում ժամանակին հայերի մահմեդականություն չընդունելու կապակցությամբ:
Բնական է, որ այսպիսի իրավիճակում եւ այսպիսի մարդկանց կողմից ձեւակերպված օրենքը, որը, ցավոք, գործում է մինչ այսօր, չէր կարող վնասաբեր չլինել: Ամենամեծ վնասներից մեկը հասցվեց կրթական համակարգին, երբ սկսեցին փակել ոչ հայալեզու դպրոցները, եւ գիտությանը, քանի որ ժամանակակից գիտական տեղեկատվությունը համարյա բացարձակապես այլ լեզուներով է հրատարակվում: Այս ամենը ծանրագույն հարված հասցրեց աճող սերնդի հոգեւոր եւ մտավոր ներուժին, նրանց համաշխարհային մշակութային արժեքներին հաղորդակից անելու գործին: Մոռացվել էր հայկական ժողովրդական ասացվածքըՙ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»:
Անհրաժեշտ է նաեւ նշել, որ այս լեզվի օրենքի պահանջներին համապատասխան ոչ հայկական դպրոցների փակումը հայ ազգի մի ստվար մասի, որը սակայն պատմական այլեւայլ պատճառով չի տիրապետում հայերենին, ստիպեց լքել Հայաստանը եւ օտարվել տեղացի բնակչությունից:
Օրենքի ցանկացած հոդված լի է թերություններով եւ նույնիսկ կարիք չկա առանձին-առանձին քննարկել դրանք: Ընդհանուր առումով տվյալ օրենքը բացարձակապես արգելող բնույթ ունի եւ ոտնահարում է մարդու հանրահայտ իրավունքները:
Այսօրվա պահանջներից ելնելով, մասնավորապես հաշվի առնելով Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության իրողությունը, անհետաձգելի խնդիր է դարձել գործող ՀՀ լեզվի մասին օրենքի վերանայումը: Տվյալ օրենքի վերացումը կամ նրա փոխարինումը այնպիսի օրենքով, որը պահպանելով հայոց լեզվիՙ որպես պետական լեզվի կարգավիճակը, կապահովի լեզուների ազատ գործածությունը եւ չի հակասի մարդու ազատություններին ու իրավունքներին, միայն կնպաստի ազգային մշակույթի հարստացմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ կօգնի Հայաստանի ավելի լայն ինտեգրացմանը համաշխարհային գիտական եւ մշակութային համակարգին:
ՀՐԱՉՅԱ ՏԱԹԵՎՅԱՆ, ՀՌԱԿ Հանրապետական վարչության փոխանդամ