«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2001-02-17 | #31, 2001-02-20 | #32, 2001-02-21


«ՀՈՒՄ» ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԵՏ ՈՒՂԱՐԿՎԻ

Ինչպես նախորդ նստաշրջանում, այս անգամ էլ տոների ու հիշատակների հետ կապված բավականին լուրջ, կարելի է ասել ճակատագրական խնդիրները շրջանառության մեջ են, սակայն հարց է դրված վերանայել ոչ թե առանձին տոների նշման ժամանակացույցն ու կարգը, այլ ողջ տոնացույցը, այսինքն «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքը: ԱԺ մի քանի պատգամավորների նախաձեռնած նոր օրինագիծը, ինչպես եւ կարելի էր սպասել, բուռն քննարկման առարկա դարձավՙ համարվելով անգամ քաղաքական լուրջ հիմնահարց: Սակայն ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ տոների հիմնական կազմը պահպանվում էՙ ելնելով հասարակական պահանջներից ու ժողովրդականությունից: Դրանցից են, ասենք, ապրիլի 7-ըՙ մայրության, գեղեցկության եւ սիրո տոն, մարտի 8-ըՙ կանանց միջազգային օր (ոչ աշխատանքային), աշխատավորների համերաշխության միջազգային օրըՙ մայիսի 1-ը, դարձյալ ոչ աշխատանքային: Այդ էր պատճառը, որ կոմունիստներն ընդգծված համեստ կեցվածք էին ընդունել, մինչդեռ նախորդ նստաշրջանում հարցի քննարկման հիմնական ակտիվիստները հենց նրանք էին:

Նախագծում տեղ էին գտել նոր առաջարկներ, որոնք խորհրդարանը միանշանակ չընկալեց: Նախաձեռնողները եկեղեցական տոներից երկուսն առանձնացնելով «Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական օրացույցից», առանձին դրույթներով են ամրագրում, չնայած օրինագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցական տոները եւ հիշատակի օրերը նշվում են այդ օրացույցի համաձայն: Առանձնացվող տոներից է Սուրբ Վարդանանցը, որպես բարի գործի եւ ազգային տուրքի օր, որը պետք է նշվի Սուրբ զատիկից ութ շաբաթ առաջՙ հինգշաբթի օրը: Երկրորդը, որ առավել սկզբունքային դիմադրության արժանացավ, կապված է Սուրբ Թարգմանչաց տոնի հետ, որպես գիտելիքի, գրի եւ դպրության օր, որը նշվելու է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Խնդիրն այն է, որ որպես գիտելիքի եւ դպրության օր ավանդաբար նշվում է սեպտեմբերի 1-ը եւ անկախ ամեն ինչից, ժողովուրդն ընդունելու է հենց այս օրը:

Առավել հակասությունների տեղիք տվեց նաեւ հայոց բանակի օրը որոշելու խնդիրը: Երկու տարբերակ էր առաջ քաշվումՙ հունվարի 28-ը, երբ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվեց պաշտպանության նախարարությունըՙ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ, եւ մայիսի 9-ըՙ կապված Շուշիի ազատագրման օրվա հետ: Պատգամավորների մեծամասնությունը, սակայն, չէր ընդունում տարբերակներից եւ ոչ մեկը: Համլետ Հարությունյանն, օրինակ, գտնում է, որ տոները երբեք չպետք է կապվեն անձերի եւ գերատեսչությունների հետ, քանի որ ժողովուրդը նման մոտեցումը չի կարող ընկալել, իսկ մայիսի 9-ը, որպես Հայրենական պատերազմի հաղթանակի օր, այնքան հզոր է եւ ամուր է նստած սերունդների գիտակցության մեջ, որ ստվեր կարող է գցել ցանկացած ազգային տոնի վրա, այնպես որ անհրաժեշտություն չկա այս փաստն անտեսել: Եվ քանի որ, որպես ազատամարտիկի օր, նախագիծն առաջ է քաշում մայիսի 8-ը, առավել նպատակահարմար կարող է լինել ազգային բանակի օրը նշել այդ ամսաթվովՙ չանջատելով երկրապահներին բանակից, որի կնքահայրերը հենց այդ անհատներն են:

«Հայաստան» պատգամավորական խմբից Մյասնիկ Մալխասյանն առաջարկում է բանակի օրը դարձնել սեպտեմբերի 20-ը, երբ ստեղծվեց առաջին զորամիավորումը, իսկ մայիսի 8-ը թողնել որպես ազատամարտիկի օր:

Առաջարկները բազմազան էին, ինչը ցույց էր տալիս օրինագծին պատգամավորների ոչ դրական վերաբերմունքը: Դա հաստատվեց նաեւ նրանով, որ գրեթե բոլոր ելույթ ունեցողները շեշտում էին օրինագիծը լրամշակելու անհրաժեշտությունը: Այնպես որ առիթ կունենանք ականատեսը լինելու, թե ինչպես է հայրենական պառլամենտը բան ու գործը թողածՙ տոների ու հիշատակի օրեր մշակում:

Փոփոխություններ ստուգումների մասին օրենքում

Կառավարությունը ԱԺ ներկայացրեց չարչրկված ստուգումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որի մի քանի սկզբունքային կետերով պետեկամուտների նախարարությանն առավել մեծ լիազորությունների դաշտ է տրվում տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ անցկացնելու: Դրանցից հիմնականը, թերեւս, հանկարծակիության սկզբունքի որդեգրումն է գործադրի կողմից. ըստ որի, եթե երեք օր առաջ տվյալ տնտեսվարող սուբյեկտին տեղյակ էր պահվում ստուգում անցկացնելու մասին, այս նախագծով հիշյալ կետը հանվում է: Այս առաջարկը, սակայն, միանշանակ վերաբերմունքի չարժանացավ ԱԺ պետաիրավական եւ ֆինանսավարկային հանձնաժողովների կողմից: Նախագծով առաջարկվում է նաեւ ստուգումներ անցկացնելու գրավոր համաձայնություն տալու արտոնություն սահմանել նաեւ պետեկամուտների նախարարին փոխարինող լիազորված պաշտոնյայի համար: Հիշեցնենք, որ նման նախաձեռնության իրավունք տրված է նաեւ վարչապետին եւ այս փոփոխությամբ հստակություն չի մտցվում, թե հատկապես որ դեպքերում պետք է ստուգումներ անցկացնելու թույլտվություն տա վարչապետը, որ դեպքումՙ նախարարը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովը խորհուրդ տվեց կառավարությանը վերանայել այս հիմնադրույթը:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4