Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կապակցությամբ «Վասպուրական» հայրենակցական միությունը հարկ է համարում հայտարարել, որ Թուրքիայի նկատմամբ պահանջատեր են ոչ միայն սփյուռքի, այլեւ մայր հայրենիքում ապրող հայերը, մասնավորապես նրանք, ովքեր վերապրել են Եղեռնը:
Մեծերն այլեւս չկան, մնացել են մանկուց եղեռնի վկաներն ու նրանց ժառանգները: Կորցրած ծննդավայրերից հիշատակ են մնացել Հայաստանում ստեղծված հայրենակցական միությունները, հերոսամարտերի հուշակոթողները: Դրանց շուրջ տարեցտարի տեղի ունեցող հավաքներում ելույթ ունեցողները անբուժելի մրմուռը սրտներում վերհիշում են իրենց մեծերի պատմությունները հայրենի օջախների ավերման, կոտորածների, գաղթի ու տառապանքների մասին: Մենք հուսով ենք, որ կգա այն բաղձալի ժամանակը, երբ Թուրքիայի մեծագույն հանցագործություն կարժանանա ընդհանուր դատապարտմանը:
Թեկուզ թեւակոխել ենք 21-րդ դարը, սակայն ինչպե՞ս մոռացության տանք այն ահավոր ոճրագործությունները, որոնք տեղի ունեցան Թուրքիայում 19-րդ դարի վերջինՙ 1895- 1896 թվերին եւ 20-րդ դարի սկզբինՙ 1915- 1923 թթ., որոնց զոհ գնաց շուրջ երկու միլիոն հայ ազգաբնակչություն:
Վերջապես ոճրագործ թուրքերի դատապարտման սկիզբը դրեցին Ռուսաստանը, Հունաստանը, Ֆրանսիան: Նշաններ կան, որ Եվրոպայի եւ այլ աշխարհամասերի պետությունները կհետեւեն նրանց օրինակին, որպեսզի միահամուռ ջանքերով ստիպեն Թուրքիային հանձն առնել կատարած ոճրագործությունը, զղջալ եւ պատասխան տալ:
Վան-վասպուրականցիները ոչ միայն սփյուռքում, այլեւ Հայաստանում Թուրքիայից պահանջատեր են: