<20013203.jpg>
1915 թ. Կոստանդնուպոլսում ՆԳ նախարար Թալեաթն ԱՄՆ դեսպան Մորգենթաուին ասաց. «Այլեւս հայեր չկան հայկական նահանգներում: Նրանք մահացել են անժառանգ: Նրանց ամբողջ ունեցվածքը պատկանում է պետությանը, այդ թվում կյանքի ապահովագրման դրամագլուխները: Խնդրում եմ ինձ հանձնել ամերիկյան ընկերություններում իրենց կյանքն ապահովագրած հայերի լիակատար ցանկը»: Մորգենթաուն զայրացավ... Այս տողերն առնված են փաստաբան, Մորգենթաուի կենսագիր Վարդգես Եղիայանի գրքից: Նրա գրասենյակը Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդեյլ քաղաքում է: Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում ուսանած այդ նախկին եթովպահայը պաշտոններ է զբաղեցրել դեմոկրատների, ապա հանրապետական Ռեյգանի վարչակազմերում: 1987 թ. հայ փաստաբանը որոշեց գտնել անհետ կորած հայերի ցանկը եւ նամակ գրեց Պետդեպարտամենտին: Ազգային արխիվը վճարի դիմաց ուղարկեց 700 էջանոց միկրոֆիլմ: Այսօր նա հայթայթել է 1900-1928 թթ. Թուրքիային եւ ապահովագրությանն առնչվող նյութերի 10000 էջ: «Նուվել դ՜Արմենի» ամսագրին հայ փաստաբանի տված հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
- Ունե՞ք ապահովագրվածների ցանկը:
- Ոչ: Յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պահել է իր ցուցակը, ես չունեմ որեւէ ցանկ:
- Ինչպե՞ս էր աշխատում «Նյու Յորք լայֆն» այն ժամանակ:
- Նա շահավետ գործարքներ էր կնքում Օսմանյան կայսրությունում եւ հատկապես Թուրքիայում: 1895 թ. բացեց գրասենյակներ, որոնք փակեց 1915 թ.: Ընկերությունը 7671 ապահովագրական վկայական ուներ 40281174 դոլար ընդհանուր գումարով: Ապահովագրի միջին գումարը 1340 դոլար էր:
- Իսկ կյանքի ապահովագրությո՞ւնը...
- Դա բարգավաճ ոլորտ էր: Կար 59 ապահովագրական ընկերություն, որոնցից 31-ըՙ բացառապես կյանքի ապահովագրման համար: Նաեւ կային 3 ամերիկյան, մեկ դյուժին ֆրանսիական ու գերմանական եւ կես դյուժին ավստրիական, իտալական ու շվեյցարական ընկերություններ: Այս «Միությունը» (որն ստացավ UAP, ապա Axa անվանումները) պարծենում էր, որ ինքը թիվ 1 գրասենյակն է: Սրանք 1915 թ. ունեին 10899 գործող ապահովագիրՙ 44 մլն ֆրանկ գումարով:
- Ո՞վ էր գնել այդ ապահովագրերը:
- Գլխավորապես հայերը: Բայց ամբողջ շուկան կազմված էր քրիստոնյա համայնքներից. հույներ, հայեր, ասորիներ, քաղդեացիներ, մարոնիտներ... Մահմեդականներն ապահովագրության վկայականներ չէին գնումՙ դա Ղուրանին դեմ համարելով:
- Ո՞վ էր վաճառում ապահովագրության այդ վկայականները:
- Գործակալները սովորաբար եվրոպական ընկերություններից էին, բայց միջնորդներն ու վաճառողները սպասարկվող համայնքների արտացոլումն էին. հայեր, հույներ, հրեաներ... Ապահովագրական ընկերությունների մեծ մասը կենտրոնանում էր այն տարածքներում, որտեղ առավել մեծ էր իրենց երկրների ազդեցությունը, այսինքն ամերիկացի, գերմանացի, բրիտանացի, ֆրանսիացի միսիոներների գործունեության վայրերում, որտեղ կային դպրոցներ, որբանոցներ... Ամերիկացիները շատ ակտիվ էին իրենց կրոնական, կրթական եւ բարեսիրական հաստատությունների գործունեության վայրերում: Դրանց ազդեցությունը պատկերացնելու համար արժե իմանալ, որ Արեւմտահայաստանում կար 1000-ից ավելի կրթական հաստատությունՙ փաստորեն յուրաքանչյուր գյուղում:
- Ի՞նչ կասեիք «Նյու Յորք լայֆի» մասին:
- Եվրոպական նստավայրը Փարիզի Պելտիե փողոցում էր: Առաջին աշխարհամարտն սկսվելուց հետո Թուրքիայում փակեց իր գրասենյակները: Ապահովագրված հայերը լքվեցին: Բայց նրանց հետքը տեսանելի է, քանզի շատերը շարունակեցին ապահովագրական վճարներ մուծել ԱՄՆ դեսպանատանը կամ Արեւմտահայաստանի ամերիկյան 12 հյուպատոսարաններին: Դա ինձ թույլ տվեց շարունակել որոնումներս ամերիկյան կառավարության վավերագրերի մեջ: 1916 թ. հունվարից թուրքական կառավարությունը նամակներ ուղարկեց ապահովագրական բոլոր ընկերություններին, նշելով այն 34 նահանգները, մարզերն ու քաղաքները, որտեղ «այլեւս հայեր չկան»: Նրանց հաշիվները, ունեցվածքը, կայքը փոխանցվում էին «Լուծարման հանձնաժողովին», որին պետք է հանձնվեին նաեւ բոլոր ապահովագրերը, անունները, փոխհատուցումները:
- Ընկերությունները ենթարկվեցի՞ն:
- Ոչ: Նրանք դիմեցին դեսպանատներին, հիշեցնելով, որ դրանք խորհրդապահական տեղեկություններ են: Երբ պատերազմն սկսվեց, դաշնակից երկրների բոլոր ընկերությունները հեռացան Թուրքիայից: Ամերիկյան դեսպանությունն ստանձնեց երկրի ընկերությունների մեծ մասի շահերի պաշտպանությունը մինչեւ 1917 թ., երբ ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց Գերմանիային: Միացյալ Նահանգները երբեք պատերազմ չհայտարարեց Թուրքիային, քանզի միսիոներական լոբբին ճնշում գործադրեց ամերիկյան կառավարության վրա (պատերազմի դեպքում միսիոներների ունեցվածքը վտանգի կենթարկվեր):
- Ի՞նչ արեց ամերիկյան կառավարությունը:
- Գրեթե ոչինչ: «Նյու Յորք լայֆը» հայտարարեց, թե ինքը եւս թուրքերի զոհն է, քանի որ դրամ է կորցրել: Մինչդեռ Ֆրանսիայի կառավարությունը որոշեց օգնել «Միությանը», հատուցումներ պահանջելով Լոզանի պայմանագրով: «Նյու Յորք լայֆը» հայերի ապահովագրության վկայականները փոխանցեց «Միությանը», որպեսզի նրանք կարողանային օգտվել Ֆրանսիայի կառավարության օգնությունից: Առայժմ չգիտեմ, թե դա ինչով ավարտվեց: Այս բոլոր տեղեկությունները հավաքելովՙ հանդիպում ունեցա Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ: Պարզվեց, որ Մարտին Մարությանը պահպանել է բացառիկ փաստաթղթեր: 1923 թվականից նրա մայրը, ապա ավագ քույրը «Նյու Յորք լայֆին» նամակներ են գրել 1916 թ. Հարպուտի բանտում մեռած քեռուՙ Սեդրակ Շեյթանյանի ապահովագրական գումարը (3000 ֆրանկ ոսկով) ետ ստանալու համար: Ընկերությունը տարբեր պահանջներով գործը ձգձգել է մինչեւ 1999 թ. նոյեմբեր: Ապա Մարտին Մարությանը փոխհատուցման պահանջով Դաշնային դատարան է դիմել անձամբ իր եւ կյանքն ապահովագրած Մեծ եղեռնի բոլոր զոհերի անունից. միայն 1915 թ. կազմվել է 7671 ապահովագիրՙ 10281134 դոլար գումարով: Իրավական հիմքն ամրապնդելու նպատակով աշխատեցինք կալիֆոռնիացի սենատոր Չակ Փուչիկյանի հետ: 6 ամիս անց Կալիֆոռնիայի նահանգապետի ստորագրած օրենքում նշվում էր, որ 1895-1923 թթ. զոհերի ժառանգները կարող են մինչեւ 2010 թ. դատական հայց ներկայացնել Կալիֆոռնիայում: Մենք բանակցում ենք հնարավոր համաձայնագրի կնքման շուրջ: Եթե բոլոր հոդվածներն ընդունվեն, ապա 2 ամսում հնարավոր կլինի համաձայնության հասնել: Մնացյալը կտեւի 6 ամսից մինչեւ 1 տարի: Այդ ժամանակ կկարողանանք քայլեր ձեռնարկել եվրոպական ընկերությունների դեմ: Մտադիր ենք այդ նպատակով խորհրդաժողովներ անցկացնել Լոնդոնում եւ Փարիզում:
- Որոշ դեպքերում կարող են ժառանգներ չլինել:
- «Նյու Յորք լայֆը» խնդրեց, որ կազմվի ֆոնդերը տնօրինող «միավոր»: Հայ համայնքը մեզ արդեն հուշել է ֆոնդերը վստահել Քըրք Քըրքորյանին, Հայկական համագումարին, Հայ ազգային հանձնախմբին եւ այլն: Ես կապվեցի սենատոր Դոքմեջյանիՙ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետի հետ, բայց այդ կետը տակավին կարգավորված չէ:
- Որքա՞ն եք պահանջում:
- Մեր հաշվարկած գումարը 3 միլիարդ դոլար է: Եթե մեզ առաջարկեն խղճուկ գումար, ապա կընդհատենք բանակցությունները, քանի որ դա կլիներ Ցեղասպանության զոհերի հիշատակի անարգում:
- Դուք ասում եք, որ «Միությունը» գնել է «Նյու Յորք լայֆի» ապահովագրերը: Շարունակելո՞ւ եք ձեր քայլերը:
- Ես Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանի միջոցով կապվեցի Արամ Գեւորգյանի հետ: Կփորձեմ Ֆրանսիայում փաստաբանների խումբ կազմել ամերիկյան խմբի նմանությամբ:
- Ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք:
- Հետաքրքրվել եմ Բաղդադ-Բեռլին երկաթգծի կառուցմամբ: Կարծում էի, թե ֆինանսավորվել է Թուրքիայի կողմից, բայց իրականում «Դոյչե բանկն» է ֆինանսավորել: Գերմանական բանկը շատ քիչ է վճարել թուրք բանվորներին, հարուցելով դժգոհություն եւ գործադուլներ: Իսկ հայ բանվորներին բնավ չի վճարել, նրանց ճակատագիրը թողնելով թուրքերի հայեցողությանը, որոնք էլ հարցն արմատապես լուծեցին: Եթե գտնեմ այդ հայ բանվորների ժառանգներին, «Դոյչե բանկը» կհայտնվի տհաճ կացության մեջ:
- Հետաքրքրվե՞լ եք Ցեղասպանության զոհերի ունեցվածքով:
- «Նյու Յորք լայֆի» դեմ իմ ձեռնարկմանը տեղեկանալովՙ հայերն սկսեցին ինձ ներկայացնել կայքի վկայագրեր: Բայց ես ասացի, որ դրա հերթը դեռ չի եկել: Անշարժ գույքը բարձրացնում է իրավաբանական այլ խնդիրներ: Հողը քաղաքական խնդիր է: Հույս ունեմ այնքան ապրել, որ տեսնեմ թուրքական կառավարության դեմ ուղղված դատական գործերը: