«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2001-02-17 | #31, 2001-02-20 | #32, 2001-02-21


ԱՄՆ-Ի ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿՐԻ

Վաշինգտոնն Անկարայի եւ Երեւանի առջեւ հարաբերություններ հաստատելու պարտադրանք է դնում

ԱՄՆ նոր վարչակազմը նախագահական պայքարի ընթացքում տարբեր առիթներով նշում էր, թե կվերանայի Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու շարունակականությունը, իսկ փոխնախագահի թեկնածու Դիք Չեյնին քննադատում էր Վաշինգտոնիՙ Թեհրանի նկատմամբ տարվող քաղաքականությունը: Ճիշտ է, մինչեւ օգոստոսի 5-ը, երբ լրանալու է դ՜Ամատոյի օրենքի ժամկետը, դեռ ժամանակ կա, սակայն ամերիկյան դիտորդների կարծիքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում դրական փոփոխություններ չեն լինի: Նախագահ Բուշի ռուսական քաղաքականությունն իր նախորդիՙ Քլինթոնի հետ համեմատած, կդառնա առավել արմատական, այսինքնՙ ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության միտումներն ակնհայտ կլինեն: «Այս ամենը կբերեն նրան, որ Մոսկվան եւ Թեհրանն առավել կխորացնեն համագործակցությունը, որից կշահի նաեւ այս պետությունների միջեւ գտնվող եւ նրանց անմիջական սահմանակից մեկ այլ երկիր: ԱՄՆ կողմից Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցմանն աջակցությունը, Կասպիցի նավթը ռուսական եւ իրանական ճանապարհներով տեղափոխելուց հրաժարումը անարդյունավետ է», պնդում է Վաշինգտոնի Նիքսոնի կենտրոնի տարածաշրջանային ռազմավարական ծրագրերի տնօրեն Ջ. Քեմփը:

ԱՄՆ հարավկովկասյան քաղաքականության մեջ առաջնային են Մոսկվայի եւ Թեհրանի հետ հարաբերությունների հետագա ընթացքը, ինչպես նաեւ Կասպիցի էներգակիրների առաքման ուղիների ընտրությունը, ճիշտ է, վերջինի նշանակությանը երեւի թե այնքան կարեւորություն չտրվի Բուշի վարչակազմի կողմից: Ամենաառաջնայինը Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերություններն են, որոնց հնարավոր փոփոխությունը կարող է փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը: Ամերիկացի վերլուծաբանների գրեթե միահամուռ պնդմամբՙ Բուշի վարչակազմը կփորձի այս տարածաշրջանում ռուսական ազդեցության չեզոքացման աշխատանքները, առաջնային դեր կտա Թուրքիայի ակտիվացմանըՙ փորձելով Անկարա-Երեւան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ժամ առաջ իրականություն դարձնել: Պաշտոնական Անկարան չի ժխտում, որ Վաշինգտոնը խորապես շահագրգռված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բնականոնացմամբ, ինչը թուրք դիտորդների կարծիքով կարող է եւ կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, հետեւաբարՙ Հարավային Կովկասում: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումով Վաշինգտոնը կթաղի Բաքու-Ջեյհան նախագիծը, իսկ Կասպիցի էներգակիրների նկատմամբ հետաքրքրությունն առժամանակ կմղի երկրորդական պլան:

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ճանապարհին էական խոչընդոտ է Հայոց ցեղասպանության փաստը: Ընդ որում, խոչընդոտ է Հայաստանի եւ Թուրքիայի համար հավասարապես: Եթե Թուրքիան կասկածներ ունի, թե աշխարհի առաջատար երկրների կողմից ցեղասպանության փաստի ընդունումով ստիպված կլինի զիջումներ անել ե՚ւ նյութական, ե՚ւ տարածքային առումներով, ապա Հայաստանի համար հարցն առաջին հերթին բարոյական է: Համենայն դեպս, ՀՀ նախագահը պարզ տեքստով ասել է, թե Ցեղասպանության ճանաչումը հայոց պահանջատիրության պատճառ դառնալ չի կարող: Ասել է թե Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եթե, իհարկե, ԼՂ հարցում Անկարան դրսեւորի անաչառ կեցվածք: Ավելին, արտգործնախարար Օսկանյանի ասելովՙ Հայաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Թուրքիայի դրական ներգրավվածությանը: Իր հերթին Թուրքիան ստիպված է լինելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն հայտնել:

Այս համատեքստում հետաքրքրական է կովկասյան տարածաշրջանի կայունության խնդիրներին նվիրված Ստամբուլի միջազգային ժողովում Թուրքիայի արտգործնախարար Ի. Ջեմիՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկությունըՙ քննարկելու ԼՂ խնդրի կարգավորման ուղիները: Աշխատանքային ժողովը, որին մասնակցում էին Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, ենթադրաբար Վաշինգտոնի ռազմավարների մտահղացումն էր: Պատահական չէր ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Ք. Քեւինոյի անմիջական արձագանքը: Ամերիկացի դիվանագետը ողջունեց եռակողմ հայ-ադրբեջանա-թուրքական հանդիպման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունը: Քեւինոն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն անբնական է: Հայաստանի ԱԳՆ եվրոպական բաժնի տնօրեն Սամվել Մկրտչյանը հայտարարել է. «Մինչ եռակողմ հանդիպում անցկացնելը, մեզ հարկավոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը զուտ ժամանակի խնդիր է եւ իրականություն կդառնա նախագահ Քոչարյանի պաշտոնավարության մնացյալ երկու տարիներին, եթե, անշուշտ, ՀՀ-ն զերծ մնա ներքաղաքական լուրջ ցնցումներից:

Մոսկվայում եւ Թեհրանում մշակվո՞ւմ են Հայաստանին հակազդելու ծրագրեր

Այն ժամանակ, երբ ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներից քննարկվում էր այսպես կոչված «Գոբլի ծրագիրը», Մոսկվայում եւ Թեհրանում ակնհայտ էր անհանգստությունը: Ռուսաստանը եւ Իրանը սկսել էին քննարկել Հայաստանին հակազդելու քայլեր: Երեւան ժամանած Իրանի փոխարտգործնախարար Մ. Սարմադին ՀՀ իշխանություններին հասկացրել էր, որ պաշտոնական Թեհրանը դեմ է տարածքային փոխանակման ցանկացած տարբերակի: Վերջերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Ա. Դրյուկովը «Իրավունք»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Գոբլի ծրագրի այս կամ այն մոդիֆիկացիայի քննարկմանը, ասել է. «Ռուսաստանը դեմ է կոնֆլիկտի մեջ ներքաշված կողմերին դրսից կարգավորման որեւէ սխեմայի պարտադրանքին, դեմ է, երբ նրանց վրա ճնշում է բանեցվում»:

Այսօր, երբ անխուսափելի են թվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հնարավորությունները, կրկին անհանգստության ազդանշաններ են լսվում Մոսկվայից, Թեհրանից, ինչպես նաեւ Աթենքից: «Ազգի» ունեցած ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկություններով, Մոսկվայում եւ Թեհրանում կրկին սկսել են քննարկել Հայաստանին հակազդելու քայլեր: Նյարդային վիճակում է Աթենքը, որը Բաքվում իր դեսպան Մ. Կարաֆոատիասի շուրթերով ասել է. «Չնայած հայ-հունական լավ հարաբերություններին, մենք միշտ մատնանշում ենք, որ հայերը ճիշտ չեն: Բոլոր մակարդակներում մենք պաշտպանում եւ պաշտպանելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Նույն ոգով օրերս հանդես է եկել նաեւ Բաքվում Իրանի դեսպան Ա. Ղազաին. «Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը»:

Վերադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի դերի ակտիվացման ԱՄՆ-ի քաջալերանքին, կրկնենք, որ Վաշինգտոնի համար այս պահին առաջնայինը ոչ թե ԼՂ խնդիրն է, այլ հայ-թուրքական հարաբերությունները: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի միջնորդությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման ինչ-որ տարբերակի հավանականությանը, ապա դրան ե՚ւ Մոսկվան, ե՚ւ Վաշինգտոնը հանգիստ են վերաբերվում: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի հոլովույթում է ԼՂ խնդրի կարգավորման ֆորմատը: Այսինքնՙ առանց եռյակի միասնական դիրքորոշման կարգավորման ոչ մի տարբերակ կենսունակ չէ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4