«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2001-02-17 | #31, 2001-02-20 | #32, 2001-02-21


ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ՕՊԵՐԱՅՈՒՄ

Չեն խաղաղվում կրքերն օպերայում, ոչ մի կերպ չեն խաղաղվում: Ամեն մի հյուրախաղից, անգամ ամեն մի ներկայացումից առաջ եւ հետո կրկին ու կրկին հսկայական լարվածություն է կուտակվում: Անշուշտ, կարելի էր անուշադրության մատնել այս շիկացումը, բայց խոսքը վերաբերում է մեր մեծագույն արժեքներից մեկինՙ օպերային թատրոնին: Իհարկե, ամեն ինչ խաղաղ կլիներ, եթե ժամանակին, դեռեւս նախկին ղեկավարության փոփոխության ժամանակ, մշակույթի նախարարությունում ամեն ինչ հաշվի առնվեր, ամեն մեկի կարծիքը լսվեր եւ ընդունվեր խելամիտ որոշում: Սակայն այդպես չեղավ: Եվ անհամաձայնության ձնագունդն արագորեն գլորվում էՙ մեծանալով: Ինչի՞ կհասցնի այս ամենը:

Այսպես եղավ նաեւ այս անգամ, երբ օպերային թատրոնը փետրվարի 8- 10-ը «Տրավիատայի» երեք ներկայացումով հյուրախաղերի էր մեկնել Բեյրութ: Լիբանանյան մամուլն արձագանքեց մեր արտիստների հյուրախաղերին: «Լորիան- Լը Ժուր» թերթից մեջբերենք երկու հատված. «.145 երաժիշտներ, երգիչներ, տեխնիկական աշխատողներ իրենց «հովվի»ՙ շատ համակրելի եւ հրավարուն նվագավար Օհան Դուրյանի ղեկավարությամբ կյանք տվեցին այդ կորած թափահարումներին.»:

Եվ երկրորդը. «.Ինչպես անցյալ ամառ Բեյտեդինում Գեղամ Գրիգորյանը կիսատ էր թողել իր երգեցողությունը, այս անգամ եւս, «ենթակա մի տկարության», ներկայացման երկրորդ արարից հետո կանգնեց, եւ փոխարինվեց ուրիշ մի երգչով.»:

Ու ահա, հյուրախաղերն ավարտվելուց հետո տիկին Ալիսա Շահմիրյան-Դուրյանը խմբագրություն է ներկայացրել մի հոդված: Խմբագրությունն այս հոդվածը ներկայացնում է, ակնկալելով, որ, այսպես ասած, «մյուս կողմը» նույնպես իր կարծիքը կհայտնի:

Ամեն դեպքում օպերային թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության շտապ միջամտության կարիքն է զգացվում:

Խոսքի ազատությունը բոլորս գնահատում ենք, անձամբ ես, որ ծնվել եւ մեծացել եմ Ֆրանսիայում: Սակայն ազատությունը չպետք է շփոթել անազնիվ, անբարոյական սանձարձակությունների հետ: Խոր վիրավորանք եմ զգում, որ մեր երկրում, հայրենիքում գոյություն ունեն «արվեստագետներ», որոնք առանց ամաչելու եւ առանց պատժվելու ուզում են խանգարել մաքուր, ազնվորեն աշխատող տաղանդավոր մարդու գործունեությունը:

Օպերայում տիրող նենգոտ իրավիճակը գալիս է նրանից, որ այնտեղ ղեկավարում են, մեղմ ասած, ոչ որակյալ մարդիկ: Օհան Դուրյանի երաժշտական որակը եւ բծախնդրությունը, անշուշտ, խանգարում է նրանց: Իրենք երբեք չեն մտածում օպերայի մակարդակը բարձրացնելու, կազմակերպված աշխատելու եւ իրենց կոլեկտիվի սոցիալական անապահովության մասին: Ոչինչ, որ օպերայի աշխատողները 100 դրամ չունենալով աշխատանքի են գալիս ոտքով, բայց տնօրեն Կամո Հովհաննիսյանի եւ Գեղամ Գրիգորյանի անձնակազմն ամեն օր խորովածներ է ուտում, կենացներ խմում եւ սեղանի շուրջ խարդավանքներ կազմակերպում մաեստրո Դուրյանի դեմ:

Ինչպե՞ս կարող են ծայրահեղ հակասական մարդիկ իրար հետ աշխատել: Օհան Դուրյանը չի կարող եւ չպետք է յոլա գնա նման մարդկանց հետ: Այո, Օհան Դուրյանն իրավունք ունի անընդունակ երաժշտին, որ մի քանի անգամ սխալ է նվագում կամ երգում, ասելուՙ դե, գնա պոմիդոր ծախի: Օհան Դուրյանն իրավունք ունի բթամիտ երաժշտի վրա բարկանալու, քանի որ այդ բթամտության պատճառով կրկնողությունները հոգնեցնում են թե՚ երաժիշտներին, թե՚ երգիչներին:

Օհան Դուրյանը Բեյրութում «հիստերիկ նոպաներ» չի ունեցել, ինչպես ուզում են ու փորձում են արձագանքել վերոհիշյալ մարդիկ: Օհան Դուրյանը Բեյրութում փրկեց Հայաստանի պատիվը, իսկ ինչ վերաբերում է Գ. Գրիգորյանի չերգելուն, թող այդ երգիչը միայն ու միայն ինքն իր վրա վերցնի մեղքը, հարբեցողությունն է պատճառը նրա ձայնի խզման: Հնարավոր չէ աշխարհի բոլոր վայելքները վայելել եւ դրա հետ մեկտեղ պահպանել ձայնը:

Նա չի հասկանում պարզապես մի պարզ բան, որ արվեստը եւ հատկապես երաժշտական արվեստը պահանջում է զոհաբերություն: Ինքը եւ իր հետ քեֆ անողներն ուզեցին դավադրություն կազմակերպել մաեստրոյի դեմ, ուզեցին ամեն կերպ ջղայնացնել մաեստրոյին, որ բեյրության ներկայացումը չկարողանա ղեկավարել: Սակայն ինքըՙ Գ. Գրիգորյանը, ընկավ իր իսկ գործած ծուղակը եւ, ինչպես շատ ուրիշ անգամներ (ինչպես վկայում են միջազգային մի քանի թղթակցություններ), չկարողացավ այս անգամ եւս ներկայացումը լրիվ երգել: Առաջին իսկ արարից ռիթմերի կոպիտ խախտումներով ու ձայնային ճիչերով վտանգի տակ դրեց ներկայացումը, որը շնորհիվ մաեստրոյի հմտության եւ փորձառության, փրկվեց: «Ծեր բիձան», ինչպես անկրթորեն անվանում են այս անդաստիարակ անձինք, «Տրավիատայի» երեք ներկայացումներըՙ փետրվարի 8-ին, 9-ին, 10-ին, իրար ետեւից, արիաբար ղեկավարեց, սակայն երգիչը չկարողացավ մեկ ներկայացումում անգամ լրիվ երգել: Եթե այս անգամ մեղքը Օհան Դուրյանինն էր, ապա նախորդ անգամների մեղքը ո՞ւմն է եղել (անցյալ տարի Բեյտեդինում եւ Իտալիայում):

Օհան Դուրյանը, ճնշվելով Բեյրութում Գեղամ Գրիգորյանի երգչական ձախողությունից, վազեց նրա մոտ եւ համբուրեց անկեղծորեն: Ես տեղյակ լինելով Երեւանում իր իսկ կազմակերպած նենգություններին, ներքուստ զայրացա, բայց միեւնույն ժամանակ հիացա ամուսնուս մեծահոգության վրա:

Առնոլդ Քոչարյան երիտասարդ տենորիզան-բարիտոնը մեծամտորեն մերժել էր Երեւանում փորձերի ժամանակ երգել, օրինակ վերցնելով իր ուսուցիչ Գեղամ Գրիգորյանից, որը նույնպես ոչ մի անգամ չբարեհաճեց փորձերին երգել ո՚չ Երեւանում, ո՚չ էլ Բեյրութում: Երգիչը ինչո՞ւ է անտեսում հայ դիրիժորին եւ հայ նվագախմբին: Փորձերի ժամանակ չերգելու պատճառով Օհան Դուրյանը բեմից վտարեց Առնոլդ Քոչարյանին, ուստի երիտասարդ պարոնը քաջալերված Գ. Գրիգորյանիցՙ թշնամացավ Օհան Դուրյանի հետ:

Սակայն Բեյրութ մեկնելուց առաջ Կամո Հովհաննիսյանը խնդրեց, որ Առնոլդ Քոչարյանը գնա Բեյրութ, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխարինի Կոնստանտին Սիմոնյանին: Օհան Դուրյանը համաձայնեց, բայց այդպես էլ անհրաժեշտության կարիք չզգացվեց: Բայց նույն Կամո Հովհաննիսյանը ոչ մի խոսք չասաց Յուրի Դավթյանին Բեյրութ տանելու մասին, որին նույնպես Օհան Դուրյանը կհամաձայներ անկասկած: Մենք Յուրի Դավթյանին հանդիպեցինք «Զվարթնոց» օդանավակայանում:

Գեղամ Գրիգորյանը հրաշալի իմանալով Օհան Դուրյանի բծախնդրությունը, ի սկզբանե, միտումնավոր ստեղծում է իրավիճակներՙ աղավաղելու երաժշտությունը, որպեսզի մաեստրոն դուրս գա իր ափերից, որը երբեմն հաջողվում է: Այդպես էլ եղավ Բեյրութում փորձի ժամանակ, ուր դեկորների անպատրաստության եւ անկազմակերպ աշխատանքների պատճառով միակ փորձը, որ տեղի պիտի ունենար փետրվարի 7-ին, հետաձգվեց հաջորդ օրվանՙ ներկայացումից մի քանի ժամ առաջ: Ոչ մի տեղ չի տեսնվել, որ ներկայացման օրը փորձ կատարվի, քանի որ ներկայացումը տեւելու է չորս ժամ, եւ որ չի կարելի հոգնեցնել արվեստագետներին: Սակայն ստիպված էին բեմին եւ սրահին ծանոթանալու նպատակով մի փոքր փորձ կատարել: Մաեստրոն ասաց կոլեկտիվին. «Ձեզ չեմ հոգնեցնելու, ընդհանուր մասնակիցների մի քանի տեսարաններ կփորձենք առաջին եւ երրորդ արարներում, հետո կհանգստանաք մինչեւ երեկո, որ թարմ ներկայանաք հանդիսատեսին»: Փորձում էին առաջին արարը, երբ մի երկրորդական դերի երգիչ սխալ մուտք գործեց: Մաեստրոն կրկին սկսեց, երգիչը նորից սխալվեց եւ մաեստրոն, կոլեկտիվին չհոգնեցնելու միտումով ուզեց առաջ անցնել, որպեսզի երգչախումբը վարժվի նոր բեմի տարածքին: Այդ պահին Գեղամ Գրիգորյանը, որ մինչեւ այդ օրը չէր երեւացել, ոչ մի բեմական աշխատանք չէր կատարել կոլեկտիվի հետ նախքան հյուրախաղերը ո՚չ Երեւանում, ո՚չ էլ Բեյրութում: Օհան Դուրյանից պահանջեց, որ նորից փորձեն այդ երգչի մուտք գործելը: Մաեստրոն պատասխանեց. «Գեղամ, ժամանակը թանկ է, չեմ ուզում երաժիշտներին հոգնեցնել, այս երեկո ներկայացում ունենք»: Պարոն գեղարվեստական ղեկավարն ինքնավստահորեն ասացՙ բայց սխալ է, սխալ մուտք է գործում եւ այլն. (կարծես միայն ինքն էր հասկանում երաժշտությունից): Դրա վրա մաեստրոն պատասխանեց. «Ես ի՞նչ անեմ, որ դմբո է, արդեն քանի անգամ ենք փորձել»: Այս բառից երգիչը վիրավորվեց ու բեմից իջավ: Մաեստրոն ընդունեց Գ. Գրիգորյանի առաջարկը (որը բոլորովին էլ տեղին չէր) եւ վերջին անգամ վերսկսեց սխալված տեղը փորձել: Հանկարծ նկատելով, որ երգիչը բեմից իջել է, դարձավ Գ. Գրիգորյանին ու ասաց, որ երգիչն իջել է, մի բան ասա, գեղարվեստական ղեկավար ես: Գեղամ Գրիգորյանը, փոխանակ երգչին ասելու, որ բեմ բարձրանա, Օհան Դուրյանին ասում է. «Լավ է անում, ճիշտ է անում»ՙ անշուշտ վիրավորելու, ջղայնացնելու համար մաեստրոյին: Որպես ապացույց, այդ նույն երգիչը ներկայացման ժամանակ նորից սխալվեց: Անտեղի չէր մաեստրոյի վիրավորանքը երգչին: Պետք է ասեմ, որ այդ ոչ լրիվ պատրաստ երգչին պարոն Գրիգորյանը վստահում է «Կարմեն» օպերայի Դոն Խոսեի դժվարին դերըՙ այն էլ Միլանի փառատոնում երգելու համար:

Տարին տասը ամիս Երեւանից բացակայելով, Գեղամ Գրիգորյանը հեռվից հրահանգներ է տալիս, եւ իր տեղակալներն ուզում են իշխել մաեստրոյին: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այս ցածրությունները եւ չջղայնանալ:

«Տրավիատայի» ներկայացումների երաժշտական հաջողությունները գնահատեցին Լիբանանի այլ ազգի դեսպանները, բարձր անձնավորություններ, Լիբանանում հյուրախաղերի կազմակերպիչները, բացի Հայաստանի դեսպանից: Ես շատ հիասթափվեցի նրա վերաբերմունքից:

Իսկ Հայաստանի օպերայի տնօրենության ադմինիստրատիվ անկազմակերպ աշխատանքն ուղղակի ամոթալի էր: Ինչպե՞ս կարելի էր տպագրված ծրագրերի մեջ չդնել երաժշտական ղեկավարի լուսանկարը, որը շատ անգամ խնդրել էին Լիբանանի կազմակերպիչները Երեւանի օպերայից, եւ որ տնօրինությունը չէր ուղարկել: Փոխարենն ուղարկել էին Գեղամ Գրիգորյանի հինգ նկարները, որոնք տպվեցին: Ինչպե՞ս կարելի էր մոռանալ գլխավոր դերակատարներից մեկիՙ Կոնստանտին Սիմոնյանի կենսագրությունը եւ նկարը, որը հոյակապ երգեց եւ մեկնաբանեց Ժերմոնի դերը: Ինչպե՞ս կարելի էր մոռանալ երգչախմբի ու բալետի տքնաջան աշխատանքըՙ անտեսելով եւ չնշելով նրանց ղեկավարների անուններն ու նկարները: Բայց այդ նույն ծրագրի մեջ կային մարդկանց նկարներ ու կենսագրություններ, որոնք նույնիսկ չէին եկել Լիբանան: Ինչպե՞ս կարելի էր երեք արարով գրված «Տրավիատան» չորս արարի վերածելուց հետո տեղյակ չպահել Լիբանանի կազմակերպիչներին, որոնք միայն երեք արար էին տպել եւ դրա պատճառով, երրորդ արարից հետո որոշ մարդիկ մեկնում էին, կարծելով, որ օպերան վերջացել է ու զարմացել էին, որ Գեղամ Գրիգորյանի բեմադրության մեջ պիեսի գլխավոր հերոսուհինՙ Վիոլետան չի մահանում:

Հենց վերադարձանք Երեւան, գաղտնի նկարված եւ իրենց ուզածի պես մոնտաժված ժապավենը ցուցադրեցին որոշ լրագրողների, որտեղ Գեղամ Գրիգորյանը ոչ մի խոսք չի արտահայտում, իսկ մաեստրոն ջղայնանում է: Միեւնույն ժամանակ ներկաներին հայտարարում են, որ մաեստրոն «գիժ» է, նախարարը կոլեգիա պետք է կազմակերպի եւ նրան հանի, երիտասարդներին տեղ չի տալիս, թող նա գնա ծառ տնկի, եւ այլ տգետ արտահայտություններ:

Ո՚չ, պարոնայք, մաեստրոն ո՚չ գիժ է, ո՚չ էլՙ ծեր, ինչպես անվանում եք անամոթաբար: Դիրիժորը քանի մեծանում է, այնքան վարպետանում է եւ հիանալիորեն էլ ղեկավարում է, բայց նույնը չի կարելի ասել երգչի մասին, որը փաստվեց: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդ դիրիժորներին, օպերայի նվագախումբը փորձադաշտ չէ, ինչպես քանիցս հայտարարել է մաեստրոն: Կա օպերային ստուդիա եւ կոնսերվատորիա, ուր կարող են երիտասարդ դիրիժորները փորձառություն ձեռք բերել: Դրա հետ մեկտեղ մաեստրոն քաջալերել է շատ երիտասարդ դիրիժորների եւ երգիչների:

ՀՀ առաջին նախագահն ամուսնուս խոստացել եւ երաշխավորել էր անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, որպեսզի բարձրանա օպերային թատրոնի երաժշտական մակարդակը: Այդ երաշխավորության մասին է վկայում նաեւ Օհան Դուրյանի հետ կառավարության 1999 թ. կնքած աշխատանքային պայմանագիրը, որով Օհան Դուրյանը ցմահ պետք է ղեկավարի օպերային թատրոնի երաժշտական մասը: Սակայն, ավաղ, ստիպված եմ փաստել այն, որ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները տվյալ դեպքում չեն կատարում իրենց երաշխիքները: Ես կարծում էի, որ գալիս եմ ազատ, անկախ, դեմոկրատական Հայաստանՙ սիրտս լիքը հույսերով, բայց.

Հուսանք, որ քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ իսկական քրիստոնյա կդառնանք:

ԱԼԻՍ-ՇԱՀՄԻՐՅԱՆ-ԴՈՒՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4