«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ՓԱՐԻԶՈՒՄ ԳՏՆՎԵ՞Լ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Մոսկվան եւ Վաշինգտոնը պահպանում են ժամանակավոր լռություն

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Այս օրերին աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կրկին Լեռնային Ղարաբաղն է, ավելի ճիշտՙ հակամարտության շուտափույթ կարգավորման կորովի հավանականությունը: Ինչպես հայտնի է, մարտի սկզբներին, Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումը: Դատելով երկու պետությունների պաշտոնական շրջանակներից մամուլ սպրդող կցկտուր տեղեկություններից, կարելի է ենթադրել, որ Փարիզը Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին առաջարկել է ԼՂ հակամարտության լուծման մի տարբերակ, որը, որոշ վերապահումներով, այնուամենայնիվ ընդունելի է Հայաստանի եւ Ադրբեջանի համար:

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ասոշիեյթեդ պրեսին» ասել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ բանակցությունները հույս են արթնացնում, որ երկու երկրների տարածքային վեճը կլուծվի խաղաղ ճանապարհով», ավելացնելով, թե երկու կողմերի համար առաջ շարժվելու ճանապարհը բաց է:

Հայաստանի նախագահը փետրվարի 20-ին Եվրամիության «եռյակի» հետ հանդիպման ընթացքում շեշտել է, թե ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի փաթեթային տարբերակով: Դեռ 1997 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին առաջարկել էին հակամարտության լուծման երկուՙ փաթեթային եւ փուլային տարբերակներ: Փուլային տարբերակը, որը մերժվեց Հայաստանի կողմից, նախատեսում էր հայկական ուժերի դուրսբերում գրավյալ վեց շրջաններից, բացառությամբ Լաչինի միջանցքի, խաղաղարար ուժերի տեղաբաշխում, շրջափակման վերացում, փախստականների վերադարձ եւ միայն վերջումՙ ԼՂ կարգավիճակի հարցի լուծում: Փաթեթային տարբերակով վերոնշյալ հարցերը լուծվում էին միաժամանակ, այդ թվում եւ կարգավիճակի խնդիրըՙ ԼՂ համարվում էր Ադրբեջանի անբաժանելի մաս: Այն ժամանակվա ՀՀ իշխանությունները մերժեցին փաթեթային տարբերակը, որից հետո ներկայացվեց փուլային տարբերակը: Երեւանը եւ Բաքուն համաձայնություն տվեցին փուլային տարբերակին, Ստեփանակերտըՙ մերժեց:

Նախագահ Քոչարյանը, մեր կարծիքով, դժվար թե նկատի ունեցած լինի 1997 թ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկած փաթեթային տարբերակը, ուր, ինչպես նշեցինք, ԼՂ-ն նշվում էր որպես Ադրբեջանի անբաժանելի մաս: ՀՀ նախագահը բազմիցս շեշտել է, որ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ պետք է պահպանվեն հորիզոնական կապեր, այսինքնՙ ԼՂՀ-ի ենթակայությունն Ադրբեջանին անընդունելի է:

Կարծում ենք, Քոչարյանի հիշատակած փաթեթային տարբերակը նույն «Ընդհանուր պետություն» բանաձեւն է, անշուշտ, որոշ վերապահումներովՙ հօգուտ Ադրբեջանի, որը հակամարտության կողմերին առաջարկվել է 1998 թ. աշնանըՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Թերեւս պատահականություն չէ նաեւ այն, որ խիստ գաղտնի պահվող կարգավորման «Ընդհանուր պետություն» բանաձեւը սպրդեց Հայաստանի ԶԼՄ-ներ: Ի դեպ, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը «Ասոշիեյթեդ պրեսին» ակնարկել է, որ բանակցությունները գտնվում են Մինսկի խմբի շրջանակներում:

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը փետրվարի 20-ին հայտարարել է, թե նախագահ Ալիեւը շուտով կհրապարակի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված իր առաջարկները: Պիտի ենթադրել, որ ԼՂ կարգավորման «Ընդհանուր պետություն» բանաձեւը եւս կսպրդի ադրբեջանական լրատվամիջոցներ, եթե, իհարկե, արդեն դա չի եղել:

Ռուսական ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետան», անդրադառնալով ԼՂ հարցում Ֆրանսիայի ակտիվությանը, գրում է, թե Փարիզում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կարող է լինել ճակատագրական: Թերթը, սակայն, իր հոդվածում շեշտադրում է բոլորովին այլ հարց. «Հին աշխարհամասի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների անորոշությունը միանշանակ պատասխան չի տալիս հետեւյալ ծանրակշիռ հարցին. մտադի՞ր է արդյոք Եվրոպան Հարավային Կովկասում խաղալ ԱՄՆ շահերն իրականացնողի իր սովորական դերը, թե՞ Եվրամիության (որի առաջատարը թերեւս Ֆրանսիան է- Թ. Հ.) քաղաքականությունը կհիմնվի այսպես կոչված «եվրոպական ինքնիշխանության» սկզբունքի վրա, եւ ԵՄ-ը ավելի շուտ պատրաստ կլինի պաշտպանել բացառիկ լծակներ ունեցողի ազդեցությունը Ռուսաստանի անդրկովկասյան նախկին արբանյակների վրա»:

Հատկանշական է, գրում է թերթը, որ ե՚ւ Մոսկվան, ե՚ւ Վաշինգտոնն այս պահին նախընտրում են պահպանել լռություն: Սակայն ակնհայտ է, որ նման իրավիճակը երկար շարունակվել չի կարող:

Հավելենք, որ երեքշաբթի Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում անդրադարձել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4