«Օրինաց երկիրը» օրինագիծ անցկացրեց, որը տապալվել էր երեք անգամ
«Հաստատագրված վճարների» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն արտահերթ նիստում վերջապես ընդունվեց: Դա կարելի է համարել «Օրինաց երկրի» հաղթանակը, քանի որ, թերեւս, դեռ չէր եղել, երբ երեք անգամ տապալվելուց հետո օրենք ընդունվի 100-ից ավելի ձայնով: Այս կապակցությամբ տեսակետներ են հայտնում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը եւ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը:
Արթուր Բաղդասարյան.
- Կարեւորն այն է, որ ժողովուրդն իր սոցիալական դժգոհությունը կազմակերպված կերպով բարձրացրեց, իսկ կառավարությունը չէր կարող հաշվի չառնել պատգամավորների 60 ստորագրությունները նախագծի տակ: Նա հասկացավ, որ խնդիրն այլեւս չի կարելի քողարկել: Ողջունում ենք, որ խորհրդարանը հավաքական ուժ գտավ ընդունելու օրինագիծը: Ավելին, պայմանավորվեցինք, որ խնդրին վերջնական իրավական լուծում պետք է տրվի:
Անդրանիկ Մանուկյան.
- Երեկ քվեարկություն կատարվեց, ժամանակավորապես կասեցվեց տոնավաճառներում հսկիչ դրամարկղային մեքենաների տեղադրման գործընթացը, բայց կա նաեւ կառավարության ներկայացրած տարբերակը, որը կքննարկվի: Ամեն դեպքում ստվերայնությունն առկա է եւ պետք է պայքարել:
Գ. Ա.