«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

<20013303.jpg>

Փետրվարի 21-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Համլետ Կարապետյանի, Ռոբերտ Մավիսակալյանի, Մեխակ Գեւորգյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովի եւ դեսպանատան խորհրդական Վլադիմիր Պոլիշուկի հետ:

Երկու ժամից ավել տեւած զրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ռուսական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, երկու պետությունների միջեւ տնտեսության, մասնավորապես արդյունաբերության ոլորտում փոխհարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն ընդգծեց, որ դեսպանատան գնահատմամբ ոչ մի սառեցում հայ-ռուսական հարաբերություններում չի արձանագրվում: Դրա հետ մեկտեղ առկա հարաբերություններին անհրաժեշտ է հաղորդել դինամիկա, որակական նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունների ոլորտը, մասնավորապես համագործակցությունը երկու երկրների միջեւ տրանսպորտի ոլորտում:

Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ իրականացվող կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը ոչ միայն չի բացառում, այլեւ ենթադրում է արտաքին հարաբերությունների բնագավառում հստակ նախապատվությունների առկայությունը, հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ստրատեգիական համագործակցությունը, տարիների ընթացքում հաստատված քաղաքական, ռազմավարական եւ մշակութային իրողությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ մշակութային փոխհարաբերությունների հարցեր: Նշվեց լեզվի մասին նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը կհամապատասխանի մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության, որպես Եվրախորհրդի անդամի, կարգավիճակին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4