«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾ ՄԻՏՔԸ

Ամերիկյան «Քեմոնիքս ինտերնեշնլ» կազմակերպությունը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի նախագահ Արման Մկրտումյանին փետրվարի 21- ին հրավիրել էր իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներին բացատրելու քաղաքացիական օրենսգրքի հիմնական հասկացությունները:

Պրն Մկրտումյանը բացատրեց, որ քաղաքացիական նոր օրենսգիրքն իր ծավալով եւ բովանդակությամբ էապես տարբերվում է նախորդից: Նախՙ մեծ է նախորդից 2,5 անգամ եւ հռչակում է սեփականատիրոջ բացարձակ իրավունքը: Նշեց նաեւՙ քաղաքացիական օրենսգիրքը, որի հեղինակներից է նաեւ ինքը, լավագույնն է ԱՊՀ տարածքում:

Պրն Մկրտումյանը «Քաղաքացիական օրենսգրքի հիմնական հասկացությունները» թեմայով զեկույցը կարեւորեց այն առումով, որ լրագրողները հանրությանը տեղեկացնեն, թե ինչ կանոններ է սահմանում պետությունը: Քազի «ամենեւին պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քաղաքացի օրենսգիրք ըեթերցի»: Կարծում ենք, պրն Մկրտումյանը չի առարկի, որ լրագրողներն էլ չեն կարող յուրացնել քաղաքացիական օրենսգիրքը, հատկապես մատուցման այդ եղանակով:

Մամուլում քաղաքացիական գործերին անդրադառնալու հիմնական առիթը քաղաքացիների դժգոհություններն են եւ այն դժվարությունները, որոնց բախվում են դատարաններում: Իրենքՙ դատավորները, դատական համակարգի ներկայիս ամենամեծ թերությունը համարում են գործերի քննության ձգձգումները եւ, ըստ այդմ, լուծումներ են փնտրում: Մասնավորապես, նրանց ասելով, այդ նպատակով 2000 թ. հուլիսի 10-ից փոփոխություններ կատարվեցին քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ սահմանվեց, որ վճռաբեկ դատարանը վճիռը բեկանելուց հետո գործը վերադարձնում է քննության ոչ թե առաջին ատյան, այլ վերաքննիչ դատարան: Նպատակն էրՙ կիսով չափ կրճատել շրջապտույտը: Պրն Մկրտումյանին ուղղված «Ազգի» հարցը վերաբերում էր նրան թե արդյոք դրանով ավելի մեծ խնդիր չի՞ ստեղծվում դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշված փոփոխությունից հետո հայտնի են դեպքեր, երբ քաղաքացին բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան, նշելով, որ դատարանն առանց իր մասնակցության, իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հարցեր է լուծել, եւ վճռաբեկ դատարանը բեկանել է նախորդ ատյանի վճիռը: «Բնական է, որ վճռաբեկ դատարանը պետք է բեկանի եւ գործն ուղարկի դատարան», ինձ լսելուց հետո հայտնեց քաղ. եւ տնտ. գործերի պալատի նախագահըՙ միտքն ավարտին չհասցնելով:

Շարունակենք ընդհատված տեղիցՙ «.եւ գործն ուղարկի վերաքննիչ դատարան», որին բողոք բերած անձը դարձյալ մասնակցություն ունենալ չի կարող: Այստեղ դարձյալ անհեթեթ է դառնում, թե ինչո՞ւ նա ծախսեր կատարեց եւ բողոք ներկայացրեց վճռաբեկ դատարան: Ականատես եմ եղել նման բազմաթիվ դեպքերի, երբ քաղաքացին փաստաբանին խնդրում է գրել իր բողոքը եւ նույնիսկ այսպիսի պատասխան է ստանում. «Գնացեք, թող Արման Մկրտումյանը գրի»: Մեզ հայտնի միակ ելքն այն է, որ վերաքննիչ դատարանը կասեցնի գործի քննությունը եւ քաղաքացին առանձին հայցով դիմի առաջին ատյանի դատարան, այնուհետեւ այդ գործը միացվի վերաքննիչ դատարանում կասեցված գործին եւ կրկին քննվի ըստ էության:

Այս դեպքում պետք է ասելՙ վճռաբեկ դատարանը կանխե՞ց ավելորդ շրջապտույտը, թե ավելի բարդացրեց վիճակը: Հայտնի է նաեւ այսպիսի դեպք, երբ քաղաքացին շարունակությունը նկատի ունենալով հրաժարվել է դատարանում իր իրավունքները պաշտպանելուց: Եվս մեկ հանգամանք. եթե Մեղրիից կամ Նոյեմբերյանից որեւէ մեկին հաջողվել է հասնել վճռաբեկ դատարան եւ արդյունք ստանալ, ի՞նչ եք կարծում, նրան նպատակահարմար կլինի քննությունը շարունակել մարզայի՞ն դատարանում, թե՞ շարունակել դեգերումները Մեղրի-Երեւան ճանապարհին:

Պրն Մկրտումյանը չանդրադարձավ հարցիս երկրորդ մասինՙ միգուցե վճռաբեկ դատարանին իրավունք տրվեր գործի բնույթից ելնելով որոշելՙ առաջի՞ն ատյանի դատարան ուղարկել, թե՞ վերաքննիչ: Այդ դեպքում, վստահաբար կասեինք, որ քաղ. դատ. օր.-ում փոփոխությունները կատարվեցին դատական շրջապտույտը կարճելու նպատակով:

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4