«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ՆԵՏՎՈՒՄ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՄԵՋ

<20013302.jpg>

Նոր օրենքն անցնում է ԱԺ-ով, ինչպես ձուկը ջրում

Տնտեսության ազատականացման գործընթացը, որից բնականաբար չէր կարող անտեսվել հանրապետության էներգետիկ համակարգը, ընթացավ պետական օբյեկտների մասնավորեցման ճանապարհով: Այդ էր պատճառը, որ «Էներգետիկայի մասին» 1997 թ. ընդունված օրենքը սկզբունքային հարցերում ի վիճակի չէ այլեւս բավարարելու այսօրվա պահանջները: Կառավարության մշակած նոր օրինագիծը որոշ փոփոխություններ է նախատեսում, որոնք էական են էներգետիկ ողջ համակարգի համար: Ինչպես մեկնաբանում է էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը. «Նախորդ օրենքի համեմատ առաջին առանցքային տարբերությունն այն է, որ բավականին հստակ ձեւակերպեցինք «էներգետիկ շուկա» գաղափարը: Հստակեցրինք էներգետիկ հանձնաժողովի իրավասություններն ու պարտավորությունները, որովհետեւ նախկին օրենքում այսպիսի խնդիր չկար: Վերջնականորեն ձեւակերպեցինք էներգետիկ անվտանգության գաղափարը, ձեւակերպելով էներգետիկ քաղաքականության սկզբունքը: Հստակ են ձեւակերպված եւ բալանսավորված մենաշնորհի իրավունքները, մյուս կողմից սպառողին մենաշնորհական դաշտից պաշտպանության սկզբունքը: Օրենքով էներգահամակարգը բաժանեցինք արտադրողների եւ բաշխողների, եւ ըստ ֆունկցիաների կատարելով այս բաշխումը, ամեն մեկից համապատասխան պահանջներ կարող ենք ներդնել այս գործընթացում: Ստեղծվեց կարգավորման մեխանիզմ, որի կատարելագործման միտվածությունը սահմանվում է այս օրենքով»:

Իրավասությունների ու պարտավորությունների ընդարձակման մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ օրենքի ե՚ւ գլուխները, ե՚ւ հոդվածները շատացել ենՙ համապատասխանաբար 8-ից դառնալով 11, 48-իցՙ 59, որի հիմնական նպատակներից է նաեւ լուծել նախկին օրենքի համապատասխանությունը «Ստանդարտացման մասին» օրենքին եւ քաղաքացիական օրենսգրքին, լուծել համակարգի սպառողների իրավունքների հետ կապված խնդիրներըՙ առավել հստակեցնելով պայմանագրային ինստիտուտի ամրապնդման մեխանիզմը:

Սակայն հետեւելով օրենքի տրամաբանությանը, հասկանալի է դառնում, որ այն դեռեւս հեռու է կատարյալ լինելուց: Ինչպես ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց, 59-ը հոդվածներից մոտ 40-ը կանոնակարգում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի պարտավորություններն ու իրավունքները, ընդ որում բավականին մեծացնելով վերջինիս շրջանակները: Դիտարկենք օրենքի որոշ դրույթներ. հոդված 18- ի տասներկուերորդ կետի համաձայն հանձնաժողովը սահմանում է սպառողների սպասարկման որակի վերաբերյալ ընկերություններին ներկայացվող պահանջները: Իսկ նախորդ կետով իր կողմից սահմանված կարգով լիցենզավորված եւ լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջում է բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, սակագների սահմանման, տարաձայնությունների եւ այլ հարցերի քննարկման համար:

Առավել վիճարկելի է օրինագծի նույն հոդվածի 9-րդ կետը, որով բառացիորեն հետեւյալն է ամրագրվում. հանձնաժողովը «լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման եւ ներկայացված ֆինանսատնտեսական հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով իրականացնում կամ կազմակերպում է լիցենզավորված անձանց տեղակայանքների զննումների եւ ֆինանսատնտաեսական գործունեության ուսումնասիրություններՙ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր»: Կարճ ասածՙ ստուգումներ կատարելու բաց դաշտ է ստեղծվում, որը պրն Գալուստյանը նորմալ է համարում հատկապես մասնավոր ձեռնարկությունների պարագայում, որոնց վրա, նրա բնորոշմամբ, բացի ստուգումներից, այլ վերահսկողական գործառույթներ չկան եւ չեն կարող լինել: Ընդունելով այս մոտեցումը, պետք է նշենք, որ հստակություն պետք է մտցվի, թե կոնկրետ որ դեպքերում պետք է ստուգումներ անցկացնել, ընդ որում օրենքով սահմանված կարգով, մինչդեռ հատկապես վերջին ձեւակերպումը բացակայում է օրենքի մյուս գլուխներում եւ հոդվածներից շատերում:

Ինչպես կարելի էր նկատել, հանձնաժողովը կանոնակարգում եւ հետեւում է ձեռնարկությունների լիցենզավորման կարգին, պայմաններին եւ այլն, վարում է համակարգի սակագնային քաղաքականությունը, սակայն այս գործառույթների իրականացման չափանիշները հստակ չեն ուրվագծվում: Նշենք հակասական մեկ պահ եւս: Էներգահամակարգի պետական քաղաքականության հիմնարար դրույթ է ամրագրված, որի համաձայն «Էներգետիկայի բնագավառում մրցակցության եւ արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը սկզբունք է համարվում: Սակայն գազամատակարարման ողջ ոլորտը մենաշնորհ էՙ «Հայռուսգազարդ», մինչդեռ կոնկրետ օրենսդրական լուծումներՙ երկու հակասող իրավիճակների միջեւ հավասարակշռություն մտցնելու ուղղությամբ հստակ չի ամրագրվում:

Մեկ այլ սկզբունքով հաստատագրվում է լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը, իսկ հոդված 20-ով ամրագրվում է, որ հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ լիցենզավորված անձի խնդրանքը: Այսինքնՙ հանձնաժողովը կարող է եւ չհրապարակել համապատասխան տեղեկատվություններըՙ ստեղծելով անհավասար պայմաններ: Այստեղ եւս կոնկրետացումների անհրաժեշտություն կա:

Ընդարձակումների կարիք կա սպառողների շահերի պաշտպանվածությունն օրենսդրականորեն կարգավորելուն ուղղված դրույթներում, որոնք ընդամենը մի քանիսն են: Վկայակոչենք հոդված 47-ը, որում գրված է, թե բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էլեկտրաէներգիա, բնական գազ, ջերմային էներգիա մատակարարել բաշխման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է հանձնաժողովի հաստատած մատակարարման եւ օգտագործման կանոնների պահանջները: Հաշվի չեն առնվում տվյալ բաշխող սուբյեկտի տեխնիկական, ֆինանսական բազային հնարավորությունները, մինչդեռ ներկայումս էներգահամակարգի հիմնական խնդիրը մաշվածությունն է:

Խորհրդարանըՙ դիտարկելով, սակայն, որոշ թերություններ, բավականին հեշտությամբ օրինագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ, ճշտումների եւ որոշ փոփոխությունների ընթացքը թողնելով մինչեւ երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածը: Ամեն դեպքում դրանք այլեւս սկզսբունքային լինել չեն կարող:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4