«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԵՑ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻՆ

Ովքեր տուժեցին եւ ովքեր շահեցին ՀԴՄ-ներին առնչվող օրինագծի ընդունումից

Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը տոնավաճառներում եւ առեւտրի այլՙ փոքր (մինչեւ 10 քմ տարածք ունեցող) օբյեկտներում հերթական անգամ կասեցվեց: Հերթական անգամ իշխանությունները ուժ չգտան կյանքի կոչելու իրենց իսկ ընդունած որոշումը եւ տեղի տվեցին տոնավաճառների սեփականատերերի թաքնված եւ առեւտրականների բացահայտ ճնշմանը: Ազգային ժողովի «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանիՙ ՀԴՄ-ների ներդրումից կառավարության ձեռնպահ մնալու հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ հավասար եւ արդար մրցակցության, քաղաքակիրթ առեւտրի, ստվերային շրջանառության դեմ պայքարի մասին խոսքերն ընդամենը խոսքեր են: Իհարկե, չի կարելի ասել, թե ՀԴՄ-ների ներդրմամբ այս ամենը միանգամից իրականություն կդառնա: Այդ քայլն անհրաժեշտ, բայց միակ բավարար պայմանը չէ այդ նպատակներին հասնելու համար:

Ապացույցՙ ներկայումս շուրջ 11 հազար օբյեկտներում տեղադրված ՀԴՄ-ները, որոնք գրեթե կամ ընդհանրապես չեն օգտագործվում: Սակայն դա եւս գործընթացի կիսատպռատության հետեւանք է: Եթե հսկիչ մեքենաները տեղադրված լինեին առեւտրի բոլոր օբյեկտներում, կլիներ հավասար մրցակցային դաշտ, ինչն այժմ բացակայում է: Ներկայումս ՀԴՄ-ներ չկիրառելու դեպքում խանութները կարող են տուգանվել 150 հազար եւ 300 հազար դրամ, իսկ տոնավաճառների առեւտրականները լիովին ապահովագրված են նման տուգանքներից: Նրանցից յուրաքանչյուրը կարող է վճարել հաստատագրված չնչին գումար եւ ունենալ ավելի մեծ տարածք ունեցող խանութի ապրանքաշրջանառությանը մի քանի անգամ գերազանցող եւ փաստորեն չհարկվող շրջանառություն: Ազգային ժողովի նախօրեին ընդունած օրինագիծը, ըստ էության, ամրագրեց այս իրավիճակը:

Ըստ այդ փաստաթղթի, առեւտրի վերոնշյալ օբյեկտները իրավունք ունեն «ՀԴՄ-ները կիրառել իրենց հայեցողությամբ»: Թե տվյալ ձեւակերպումը որքանով է իրավագիտական, թողնենք օրինագծի հեղինակՙ մասնագիտությամբ իրավաբան, իսկ էությամբ մեծագույն պոպուլիստ Արթուր Բաղդասարյանի խղճին: Խնդիրն այն է, թե ինչպես երկրի խորհրդարանը ընդունեց ոչ միայն անգրագետ, այլեւ հակասահմանադրական որոշում: ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է. «Պետությունը երաշխավորում է... տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»: Օրենքով ամրագրել, որ տնտեսական գործունեությամբ զբաղվողների մի մասը պետք է հարկ վճարի շրջանառությունից, իսկ մյուս մասըՙ ոչ, նշանակում է հակասել ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական դրույթին: Բացի դրանից, փաստորեն անուղղակիորեն խրախուսվում է հարկ վճարելուց խուսափելու մոտեցումը: Բոլոր քիչ թե շատ քաղաքակիրթ երկրներում հարկերից խուսափելու համար սահմանվում են ամենախիստ պատիժները, եւ այդ երեւույթը հասարակական պարսավանքի է արժանանում: Մինչդեռ մենք գնում ենք հակառակ ուղղությամբ, հարկ չվճարելու հոգեբանությունը դարձնում ենք օրենք:

ՀԴՄ-ների ոչ լիակատար ներդրման տնտեսական հետեւանքներին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, ուստի անիմաստ ենք համարում կրկնելը: Նշենք միայն այն հանգամանքը, որ անհնար է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր կազմել առանց երկրի ներքին ապրանքաշրջանառության իրական ծավալների մասին տեղեկություն ունենալու: Կասկած չի հարուցում այն փաստը, որ տոնավաճառներում է իրացվում ներմուծվող եւ արտադրվող ապրանքների եթե ոչ մեծ, ապա զգալի մասը:

Եվ վերջապես եւս մեկ կարեւոր հանգամանքիՙ սպառողների շահերի մասին: Առանց ՀԴՄ-ների, ավելի ճիշտ նրանց կտրոնների, անհնար կլինի անորակ կամ անսարք ապրանքը վաճառողին ետ վերադարձնելը: Ապրանքի պատկանելության որեւէ ապացույց սպառողը չի ունենա վաճառողին ներկայացնելու:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Ազգային ժողովի ընդունած օրինագծի հետեւանքով տուժեցին պետբյուջեն, որը չի ստանա ակնկալվող հարկերը, շուկայական տնտեսությունը, որտեղ պետք է լինի հավասար մրցակցային դաշտ, բնակչությունը, որին չեն հասնի ստվերային շրջանառության մեջ եղած գումարները եւ որը չի կարող պաշտպանել իրՙ սպառողի իրավունքները: Շահեցին տոնավաճառների սեփականատերերը, որոնք կպահպանեն ստվերային գերշահույթները, առեւտրականները, որոնք, ի տարբերություն առեւտրի այլ օբյեկտների առեւտրականների, զերծ կմնան հարկեր վճարելուց եւ տուգանքների ենթարկվելուց, եւ, իհարկե, Արթուր Բաղդասարյանը, որն այս քայլով գալիք ընտրությունների համար զգալի քվեներ ձեռք բերեց, պետական եւ հասարակական շահը ոտնահարելու միջոցով սեփական շահն առաջ մղելու դասական օրինակը ցույց տալով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4