Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկը (EBRD) Առեւտրի զարգացման ծրագրի շրջանակներում «Հայներարտբանկին» է տրամադրում 500 հազար դոլարի չափով նախնական վարկային գումար:
EBRD-ի վերոհիշյալ ծրագրի նպատակն է աջակցել մասնակից 27 երկրների (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւՙ ԱՊՀ) միջազգային եւ ներտարածաշրջանային առեւտրի զարգացմանը: Հայաստանից ընտրված առաջին բանկը, փաստորեն, «Հայներարտն» է, որին տրվող վարկը հնարավորություն կտա նրան առեւտրի ֆինանսավորման վարկային ծրագիր ծավալել: «Հայներարտբանկի», նախագահ Բագրատ Ասատրյանն ու EBRD աշխատակազմի տնօրեն Հիլդեգարդ Հասեկը փետրվարի 20-ին ստորագրեցին վարկային պայմանագիրը: «Այս ծրագիրը Հայաստանի համար մի շատ կարեւոր քայլ է միջազգային եւ ներտարածաշրջանային առեւտուրը զարգացնելու ուղղությամբ», ասաց տիկին Հասեկը: Առեւտրի զարգացման ծրագրի շրջանակներում EBRD-ն երաշխիքներ է տալիս միջազգային բանկերին տեղական բանկերի անունիցՙ ներմուծման-արտահանման գործարքների վերջիններիս կարողությունը մեծացնելու նպատակով: Նշվեց, որ EBRD-ն կծավալի իր երաշխիքները ոչ միայն կանխավճարային պարտավորությունների, կապիտալ սարքավորման ներմուծման եւ ակրեդիտվների թողարկման, այլեւ առեւտրի ֆինանսավորման մի շարք այլ միջոցների վրա: Երաշխիքային չափը կմեծանա ընդհուպ երաշխավորվող անվանական գումարի 100 տոկոսը:
Ինչո՞ւ է ընտրվել «Հայներարտը»ՙ պրն Ասատրյանը պատասխանեց, որ իրենց բանկը մասնագիտանում է արտաքին առեւտրի մեջ, իսկ վերոհիշյալ ծրագիրը բանկի հաճախորդներին հնարավորություն կտա օգտվելու բարձր մակարդակի ծառայություններից: Նա հատուկ շեշտեց մինչ այժմ արտաքին առեւտրային գործարքների բարդ մեխանիզմները ու բազմաթիվ խոչընդոտները, EBRD-ի, որպես «Հայներարտի» եւ միջազգային բանկերի միջնորդի, երաշխիքները թույլ կտան առավել ակտիվացնել արտաքին առեւտուրը, մի քանի անգամ հեշտացնել այդ բնագավառում գործող սուբյեկտների աշխատանքը:
Գ. Մ.