«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԺ-ԻՆ ԶԻՋԵՑ ՈՉ ՀԱՆՈՒՆ ԿՈՄՊՐՈՄԻՍԻ»

<20013304.jpg>

Ստուգումների ինստիտուտը շատ քիչ կփոփոխվի

Ծավալված տարողունակ քննարկումներից հետո երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տարածքում գործող ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու կարգի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, սակայն այնպիսի տեսքով, որ ներկայացված տարբերակի նյարդերը միայն մնացին: ԱԺ-ն ստիպեց կառավարությանը հրաժարվել ստուգումներ անցկացնելու իրավասությունների շրջանակները ընդլայնելուց եւ համակերպվել մի քանի ոչ էական փոփոխություններով: «Ազգը» երեկվա համարում անդրադարձել էր հարցինՙ առավել խորը դիտարկումը թողնելով այսօրվան: Պարզաբանումների կապակցությամբ դիմեցինք ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի անդամ Վահան Բոստանջյանին եւ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանին:

-Պրն Բոստանջյան, խորհրդարանն ընդունեց մի օրինագիծ, որը շատ քիչ է նման ներկայացվածին: Որո՞նք էին ձեր հանձնաժողովի ներկայացրած դիտողությունները:

- Կառավարության ներկայացրած նախագծով մեծացվում էին ստուգող մարմինների լիազորությունները: Կառավարությունն առաջարկում էր հանել այնպիսի դրույթ, որով մարմինը գրավոր հարցման պարագայում ստուգվողից ստուգմանն առնչվող ցանկացած հարցի կապակցությամբ գրավոր պատասխան կարող է ստանալ: Մենք չընդունեցինք դա: Կար օրենսդրական պահանջ, ըստ որի ստուգող մարմիները պարտավոր են ստուգվողին երեք օր առաջ իրազեկել ստուգման մասին: Որոշակի վերապահումներ արվեցին չգրանցված գործունեության, գործունեության համար լիցենզիա չունենալու, հսկիչ-դրամարկղների կիրառման, դրոշմանիշների օգտագործման դեպքերի առումով: Ներկայացված դրույթը հանկարծակիության սկզբունք էր ենթադրում, եւ մենք չէինք կարող այդ երեք օրվա պահանջը հանել: Պետք է նշել, որ դա վերաբերվում էր Ավելացված արժեքի հարկին եւ Ակցիզային հարկին, սակայն մենք կտրուկ դեմ եղանք:

Կառավարությունն առաջարկում է հանել նաեւ տնտեսվարող սուբյեկտների բողոքարկման դեպքում տնօրենի պահանջով ստուգումները ժամանակավորապես դադարեցնելու դրույթը, որը եւս չընդունվեց:

- Կարելի է ասել, որ կառավարությունը սկզբունքային հարցերում զիջո՞ղ գտնվեց եւ չկարողացա՞վ անցկացնել օրինագիծը:

- Այո, բայց չէի ասի, թե զիջողականությունը հանուն կոմպրոմիսի եղավ, ոչ, դրանք տրամաբանական էին: Կառավարության ներկայացուցիչները հասկացան, որ իսկապես ամրագրված դրույթները չի կարելի վտանգել, ինչը կհանգեցնի ողջ գործող օրենքի վտանգմանը:

Ավելացնենք նաեւ, որ հանվել է կրկնակի եւ սկզբնական ստուգում իրականացնելու մասին դրույթը, որը, կարելի է ասել, ամբողջականացնում է գործադրի սկզբունքայնության նահանջը: Լսենք նաեւ պրն Մանուկյանին:

Մնացին այն դրույթները, որոնք առնչվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին, ակցիզային դրոշմանիշներին, առանց գրանցման ապրանքներին, առանց լիցենզիայի գործունեությանը, չենջերին, որոնց հանդեպ իրավունք ստացանք հանկարծակիություն գործադրելու:

- Առաջարկություն կար, որ վարչապետի փոխարեն ստուգումներ կատարելու որոշում կայացնի նաեւ պետեկամուտների նախարարը: Ի՞նչ դիրքորոշում որդեգրվեց այդ դրույթի հանդեպ:

- Դա քննարկվելու է: Տարբեր առաջարկներ են եղել, որոնք մինչ երկրորդ ընթերցումը կմշակվեն, եւ կներկայացվի մեկ համաձայնեցված տարբերակ:

- Պրն նախարար, փաստորեն ձեր ներկայացրած օրինագծից գրեթե ոչինչ չմնաց.

- Դե, եղածն էլ, գոնե ինչ-որ դրական տեղաշարժ էր.

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4