Երկու տարվա գործունեությունից հետո նաեւ այսպիսի լուծում է առաջարկվում
99 թ.-ին Հայաստանում կազմավորվեցին փաստաբանական երեք միություններ, որոնք ակտիվ աշխատանք սկսեցին Հայաստանում փաստաբանական շուկան ձեւավորելու եւ զարգացնելու ուղղությամբ: Սակայն, անցել է երկու տարի եւ միությունների նախագահները խոսում են ոչ թե փաստաբանությունը զարգացնելու, այլՙ կայացնելու, այդ ասպարեզում վերաձեւումներ կատարելու մասին: «Մենք ջլատված ենք, առանձին-առանձին հզոր չենք եւ պետք է մտածել փաստաբանական միությունները միավորելու մասին, հակառակ դեպքում ամենալավ փաստաբանն էլ այս պայմաններում չի կարող աշխատել», հայտնեց «Հայ փաստաբանների միջազգային միության» նախագահ Տիգրան Տեր- Եսայանը: Նա հավատացնում է, որ երկու տարիների ընթացքում բավականաչափ մեծ կադրային եւ նյութական բազա են ստեղծել, սակայն պատրաստ են միավորելու իրենց ունեցվածքը հանուն փաստաբանության հզորացման:
Նույն կարծիքին է «Փաստաբանների միջազգային միության» նախագահ Տիգրան Ջանոյանըՙ «Այսօր մենք փաստաբանական դաշտից դուրս չմղվելու խնդիր ունենք», եւ ավելացրեց, որ խորհրդային ռեժիմի պայմաններում անգամ հարցն այդքան սրությամբ չէր դրված: Փաստաբանական ինստիտուտի ձեւավորման վրա ազդող դժվարությունների մասին խոսելիս միությունների նախագահները առանձնացնում են օբյեկտիվ հանգամանքները, որոնք պայմանավորված են ժողովրդի սոցիալական վիճակով: Սակայն, «առավել մտահոգիչ են օրենքների պահանջներից չբխող, բայց գործնականում արմատացած երեւույթները, որոնց հետեւանքով ամենօրյա պայքարի խնդիրներ ունենք իրավապահ մարմինների եւ բոլոր այն գերատեսչությունների հետ, ովքեր քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հետ կապված հարցեր են լուծում», նշեց Տիգրան Ջանոյանը:
Փաստաբանական երկու միությունների նախագահները պնդում են, որ դատարաններում մասսայական աշխատանք է կատարվում դատաքննություններին փաստաբանների մասնակցությունը նվազեցնելու ուղղությամբ եւ դա արվում է ամենատհաճ ձեւերով: Դատավորները հավասար վերաբերմունք չեն ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբՙ սկսած ամենափոքր արտոնությունից, վերջացրած իրենց համար անցանկալի երեւույթներով, ինչպես, օրինակ, դատավորի սենյակում սուրճ խմելը կամ գործի հանգամանքները քննարկելն ու համատեղ վերաբերմունք մշակելը: Դատախազները երբեք դատարանում գործին չեն ծանոթանում, միայն իրենց աշխատասենյակում, որը օրենքով անթույլատրելի է, փաստաբանները տեղում են ծանոթանում գործերին, այն էլ գրասենյակային աշխատողի հսկողությամբ:
Դրան հակառակ, փաստաբանն անհարգալից վերաբերմունքի է արժանանում դատարանի դահլիճում, նրան դիմում են նաեւ այսպիսի արտահայտություններովՙ «լավ, նստի՚ր, հասկանալի է», «մի քիչ կարճ կապիր» եւ այլն: Սակայն, բավական է դատախազը օրենքի պահանջին անհարիր, կիսալիրիկական զեղումներով ելույթ ունենաՙ դատավորը հիացած լսում է: Պրն Ջանոյանի վկայությամբ, միայն առանձին դատավորներ են փորձել այս կամ այն կերպ ազատագրվել այդ կիսաստրկական հոգեբանությունից:
«Բնականաբար, ստեղծված վիճակը բողոքների, դժգոհությունների տեղիք է տալիս: Հարցը հասել է նրան, որ մենք առավել պաշտպանված լինելու համար պետք է համատեղ միջոցառումներով հանդես գանք», հայտնեց «Փաստաբանների միջազգային միության նախագահը»: Նաեւ ավելացրեց, որ առայժմ ձեռնպահ են մնում խիստ ծայրահեղ քայլեր կատարելուց, ինչպիսին կարող է լինել դատավորին բոյկոտելը:
Միությունների նախագահները նկատել են, որ մինչեւ դատարան հասնելը փաստաբանների մոտ քաղաքացիների ավելի մեծ հոսք կա, քան դատարան դիմելուց հետո: Դատաքննության որոշակի փուլում քաղաքացիները, կազմակերպությունները խուսափում կամ հրաժարվում են այն փաստաբանից, որը նախապես իրավաբանական գրագետ օգնություն է մատուցել եւ քաղաքացին պատրաստված է ներկայացել դատարանին: Սակայն, դատարանում նրան անմիջապես «որսում են» եւ բացատրում, որ փաստաբանի մասնակցության կարիքը չկա: Պրն Ջանոյանը հայտնեց, որ երեւույթը չափազանց մտահոգել է իրենց եւ պարզել են, որ այդ դերով հիմնականում հանդես են գալիս դատավորի օգնականն ու քարտուղարը: «Դա կատարվում է դատավորի քարոզով, կոշտ ու անուղղակի հասկացնելով, որ ինքն է գործի տերը:
Մեկ տարի առաջ փաստաբանական երեք միությունների նախագահներն իրենց մտահոգությունները ներկայացրել էին արդարադատության նախարարին, որի նախաձեռնությամբ դեմ առ դեմ քննարկում էր կազմակերպվել մայրաքաղաքի դատարանների նախագահների հետ:
Միությունների նախագահները հայտնում են, որ քննարկումից հետո դատավորների կողմից զգուշավորություն են նկատում, բայց ոչ երեւույթի մարում: Փաստաբանները նվաստացման են ենթարկվում ամեն քայլափոխի, ցանկացած չինովնիկի կողմից, որը ուղղակիորեն նվաստացնում է փաստաբանին իր վստահորդի աչքում: Տիգրան Ջանոյանը ներկայացրեց փաստաբանին ստորացնելու ամենաթարմ օրինակը, երբ իրենց միության անդամին մեկուսարանում խուզարկել էին, ստուգել նրա գրառումները, այնուհետեւ մերկացրել են ու կրկին ստուգելուց հետո չորս ժամ պահել մեկուսարանում: Միությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել օրինազանցներին:
Տիգրան Տեր- Եսայանը միանշանակ այն կարծիքին է, որ փաստաբանի գործունեության համար պետությունը պայմաններ չի ստեղծել: Եղածը մի օրենք է, որը Եվրախորհրդի պահանջով կրկին լրամշակման է դրված, միությունները նոր են մշակում «Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը», եւ այն դեռեւս միջազգային փորձաքննության պետք է ենթարկվի:
Ե՚ւ Տիգրան Ջանոյանը, ե՚ւ Տիգրան Տեր- Եսայանը չժխտեցին, որ դժգոհություններ կան նաեւ փաստաբաններից: Տիգրան Տեր- Եսայանի կարծիքով, փաստաբանների գործունեության մասին օրենքի թերություններն օրինազանց եւ գիտելիքներից տկար, նեղացած փաստաբանին իրավունք են տալիս գործունեությունը շարունակելու մեկ այլ միության կազմում: Բողոքների մի մասն էլ քաղաքացիներից է, որոնք իրավաբանական բարձր պատրաստվածությունից բացի փաստաբանից պայքարելու համառ կամք են պահանջում, իսկ պարտվելու դեպքումՙ ամեն կերպ փորձում են ետ ստանալ հոնորարը:
Տիգրան Ջանոյանը նույնպես փաստաբանների վերաբերյալ դժգոհությունները բաժանեց երկու խմբիՙ դատարաններից եւ նախաքննությունն իրականացնող իրավապահներից, որոնք պահանջել են կարգապահական պատասխանատվության ենթարկել փաստաբանին: «Դժգոհությունների մեծ մասը մանրակրկիտ ստուգվելուց հետո համարվել է ոչ հիմնավոր, գտել ենք, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վերաբերմունք չպետք է դրսեւորվի»: Բողոքների երկրորդ խումբը քաղաքացիներից է, որոնք դժգոհում են հակառակորդ փաստաբանի ակտիվությունից, պահանջում են վերադարձնել հոնորարը կամ նրա մի մասը եւ այլն:
«Գտնում եմ, որ նման դիմում-բողոքները քննարկելիս պետք է լուրջ զգուշություն ցուցաբերենք, քանի որ հակառակորդ կողմի փաստաբանի գիտելիքներով զինվածությունը, սկզբունքային ակտիվությունը, հետեւողականությունը կարող է հասկանալի տհաճություն պատճառել մյուս կողմին եւ այդպիսի դեպքեր ունենք», ավելացրեց Տիգրան Ջանոյանը:
ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը հիմնական խոչընդոտ է համարում փաստաբանության մասին օրենքը, որն առանձնակի դժվարություններ է ստեղծում իրենց միության փաստաբանների գործունեության համար: Հիշեցրեց, որ օրենքով անվճարունակ խավի պաշտպանությունը դրված է ՀՀ փաստաբանների միության վրա, որը նշանակում էՙ փաստաբանն իր կամքին ու համոզմունքին հակառակ պարտադրված է պաշտպանություն իրականացնել, չի կարող հրաժարվել պաշտպանյալից, եթե վերջինս չի հրաժարվում իրենից: Միաժամանակ, օրենքը արգելում է փաստաբանին իր պաշտպանյալին հակառակ դիրքորոշում ընդունելՙ մեղավոր ճանաչել նրան, եթե պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: «Հարկադրված դահլիճում այլ բան է ասում, որը փաստաբանի հեղինակությանն է հարվածում»:
Պրն Փիլիպոսյանն առաջնային է համարում օրենքում փոփոխություններ կատարելը, գտնելով, որ օրենքում որոշակիություն չկա, շատ հարցեր կարգավորված չեն, նշված վիճակների համար պետք է ելքեր սահմանվեն: ՀՀ փաստաբանների միության նախագահը նույնպես դեմ է, որ փաստաբանի ընտրությունը պետությունը կատարի, սակայն, ի տարբերություն մյուս երկու փաստաբանական միությունների, որոնք կաշկանդված չեն փաստաբանների քննության արդյունքներով, ՀՀ փաստաբանների միությանն ընտրություն կատարելու հնարավորություն չի տրված: «Դիմումը ներկայացնելու օրվանից նա միության անդամ է», ափսոսանքով նշեց պրն Փիլիպոսյանը, ավելացնելով, որ վերջին երկու տարվա փորձը ցույց է տալիս կադրերի անորակությունըՙ «ուսանողական սեղանից վեր են կացել եւ փաստաբանական աշխատանքի անցել»:
Անդրադառնալով միության փաստաբանների նկատմամբ հնչած դժգոհություններին, Միշա Փիլիպոսյանը նշեց, որ դրանք մեծաթիվ չեն եւ վերաբերում են վճարումներին: Բացառությամբ միության անդամ Կրոմվել Գրիգորյանից, որի նկատմամբ դատավճիռ կայացվեց: Միության նախագահը հայտնեց, որ իրենց խորհրդի որոշմամբ միջնորդել են վճռաբեկ դատարանինՙ Կ. Գրիգորյանի դաստիարակությունը հանձնել միությանը եւ քրեական գործը կարճել, ինչն էլ ընդունվել է դատարանի կողմից: Չարդարացնելով միության անդամի ցուցաբերած ակտիվությունը հայտնի դեպքի առնչությամբ, այնուամենայնիվ գրությամբ իրենց դժգոհությունն են հայտնել քննիչի պահվածքից: Պրն Փիլիպոսյանի ասելով, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդունել է, որ ստեղծված տհաճ իրավիճակը նաեւ իրենց մեղքով էր:
Այս ամենից հետո երկու միությունների ղեկավարները գտնում են, որ փաստաբանական գործունեության դաշտը լուրջ վերաձեւումների կարիք ունի: Մասնավորապես, Տիգրան Տեր- Եսայանի կարծիքով, անհրաժեշտ է վերադառնալ նախկին վիճակինՙ միավորվել մեկ միության մեջ եւ աշխատանք տանել կառույցն ուժեղացնելու համար, գտնելով, որ միությունները մրցակցության խնդիր չունեն, մրցակցությունը փաստաբանների միջեւ է:
Մեկ այլ տարբերակովՙ մտածում են փաստաբանների ակումբ հիմնել, որը նույնպես կարող է նպաստել հանրապետության շուրջ 500 փաստաբաններին նույն հարկի տակ միավորելուն:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ