«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ 2001 2002 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է. «ԱՐՇԱԿ Բ»-Նՙ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնի նոր գլխավոր ռեժիսորիՙ Պամելա Ռոզենբերգի նշանակման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում թոշակի անցած նախկին գլխավոր ռեժիսոր Լոթֆի Մանսուրին ներկաների ուշադրությանն է հանձնել առաջիկա 2001- 2002 տարեշրջանի ներկայացումների ծրագիրը, հայտնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի հունվարի 20-ի համարը:

Օպերայի մեծ ճեմասրահում հավաքվածները տեղեկացան, որ 11 օպերաների 89 ներկայացումներ են նախատեսված այս տարվա սեպտեմբերի 7-ից մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Դրանցում գլխավորը Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի սկզբնական տարբերակի միջազգային պրեմիերան է, որը կմատուցվի հայերենով (անգլերեն թարգմանությամբ): Օպերան է, որը գրվել է 1868-ին, բայց այդ տարբերակով երբեք չի բեմադրվել, Մանսուրիի ուշադրությանն է հանձնել օպերայի թատրոնի նվագախմբի ջութակահար Ժիրայր Սվազլյանը: Նոր խմբագրումը կատարել են երաժշտագետ Հայկ Ավագյանն ու դրամատուրգ Ժիրայր Փափազյանը: Դերերով հանդես են գալու բարիտոն Անուշա Գոլեսորխին եւ սոպրանո Հասմիկ Պապյանը:

79-րդ թատերաշրջանը բացվելու է Վերդիի «Ռիգոլետոյով»ՙ որպես մեծ երգահանին նվիրված հարյուրամյակի հանդիսությունների շարունակություն: Ընթացքում ներկայացվելու են Վագների «Մայստերզինգերները», Լեհարի «Ուրախ այրին», Պուչինիի «Տոսկան» եւ «Մադամ Բատերֆլայը», Բիզեի «Կարմենը», Սեն-Սանսի «Սամսոն եւ Դալիլան», Հենդելի «Հուլիոս Կեսարը» եւ Վերդիի «Ֆալստաֆը»:

«Արշակ Բ» պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4