Ամեն տարի Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեծ տոնախմբությամբ ոգեկոչում է Սուրբ Վարդանանց քաջամարտիկ զորավարների խնկելի հիշատակը: Այս տարի այն կտոնվի այսօր, փետրվարի 22-ին:
Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին, Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում: Ըստ Եղիշե պատմիչի, Ավարայրի ճակատամարտում հայոց բանակից զոհվել են 1036 հոգի, իսկ պարսկականիցՙ 3544 հոգի: Հայոց բանակի հրամանատարն էր Վարդան Մամիկոնյանը:
Սբ. Վարդանանց քաջամարտիկ զորավարներից եւ Սբ. Ղեւոնդյանց քահանաներից, որոնց մեջ էր նաեւ Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսը, Ավարայրի ճակատամարտում կենդանի մնացածները, Պարսկաստանում աքսորի ճամփան անցան շղթայակապ, բայց վճռական ու հավատարիմ մնացին իրենց ուխտին: Քաջարի հայորդիները մերժեցին պարսիկների կողմից եղած բոլոր առաջարկները եւ հանձն առան նահատակվել, քան վտանգել հայ ժողովրդի ու եկեղեցու նվիրական շահերը: Չնայած Ավարայրի ճակատամարտը հայերի համար ռազմական պարտություն էր, բայց վախճանը չէր հայ ազգի Կենդանության ծառի, որի արմատներն ու բունը առողջ էին: Վերջինիս վառ ապացույցն էր 481-484 թվականների պայքարը պարսիկների դեմ, այս անգամ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, որն ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով:
Վարդանանց հերոսամարտով հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ոչինչ չի կարող իրեն բաժանել Քրիստոսի եւ հայրենիքի սիրուց. ո՚չ հալածանքը, ո՚չ սովը, ո՚չ էլ բոլոր դառը հարվածները:
Սբ. Ղեւոնդյանք, գլխավորությամբ Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի, «Վասն հավատի եւ վասն հայրենյաց» մղած հերոսական պայքարի ոգեկոչողները եղան: Ղեւոնդյանք եւ Վարդանանք, լցված հայրենիքի սիրով եւ Ավետարանի շնչով, ցանկացան վառ պահել հայության ջահը եւ այդ սուրբ նպատակի համար հանձն առան նահատակությունը եւ դասվեցին Հայ եկեղեցու մեծագույն սրբերի շարքին: Ամեն անգամ, երբ հարց է եղել պահել մեր նախնյաց արյան գնով ձեռք բերված ազատությունն ու հողն հայրենի, հայ մայրերը ծնել են նոր Վարդաններ, որոնք առաջնորդվելով Վարդանանց ոգով, հաղթանակ են տարել ինչպես Սարդարապատում, այնպես էլ Ղարաբաղում:
Այս տարի ազգովին տոնում ենք քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակը, ինչպես նաեւ Ավարայրի ճակատամարտում ընկած Վարդանանց քաջարի զինվորների հիշատակի 1550-ամյակը:
Հայ ժողովրդի համար նվիրական այս երկու տոները, որոնցում շաղախված են հայրենասիրությունն ու աստվածասիրությունը, պիտի դառնան նոր հոգեգալուստ, սիրո եւ հավատի ներշնչման աղբյուր:
Այսօր, սակայն, մեր ժողովրդի զավակներից ոմանք մոռանալով մեր սուրբ նահատակների թափած արյունը «վասն հավատի եւ վասն հայրենյաց» եւ նրանց նահատակության գնով ձեռք բերած ազգային միասնությունը, հետեւում են աղանդավորական խմբավորումներին, որոնք փորձում են քանդել հավատացյալ եւ հայրենասեր հայ ժողովրդի ուխտի եւ հավատի միասնությունըՙ սին ու դատարկ խոսքեր քարոզելով:
Ժամանակն է, որ ազգովին դառնանք դեպի մեր նախնյաց ճշմարիտ հավատքին, կյանքի կոչենք Վարդանանց ոգին, համախմբվենք մեկ հավատի եւ մեկ դրոշի շուրջ, որպեսզի արժանի լինենք Աստծո օրհնությանը եւ ունենանք հզոր հայրենիք:
ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ ՔԱՀԱՆԱ ՕՀԱՆՅԱՆ, Մալաթիայի հայորդյաց տան հոգեւոր հովիվ