Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեն Բերբերյանը լավ հայտնի է Ֆրանսիայի եւ այլ երկրների կինեմատոգրաֆիական աշխարհում: Նա խոստովանում է, որ արդեն 12- 13 տարեկանում ֆիլմեր նկարահանելու հակում է ունեցել: 1984 թ. նա «Կանալ պլյուս» հեռուստաընկերությունում սկսել է աշխատել որպես ավագ մոնտաժորդ:
1989- 1992 թթ. պատվերով նկարահանել է բազմաթիվ հեռուստաֆիլմեր, 1992- 93 թթ.ՙ հեռուստատեսային փոքրիկ կատակերգություններ: 1993 թ. ստեղծվեց նրա առաջին լիամետրաժ ֆիլմըՙ «Վախի քաղաքը», որը խոշոր հաջողություն ունեցավ Ֆրանսիայում: 1997 թ. նկարահանված 2-րդ ֆիլմըՙ «Պապարացին», շատ ջերմ ընդունելություն գտավ ուրիշ երկրներում, այդ թվում Հայաստանում: Երկու տարի անց ստեղծվեց 3-րդ ֆիլմըՙ «Six pack»-ը: Ներկայումս աշխատում է իր 4-րդ ֆիլմի վրա:
- Պրն Բերբերյան, ինչի՞ն եք վերագրում որեւէ ֆիլմի հաջողությունըՙ բեմադրիչի հմտությա՞նը, աստղերի մասնակցությա՞նը, թե՞ սցենարի հետաքրքրությանը:
- Հաջող ֆիլմ ստեղծելու համար, իհարկե, պետք է ունենալ լավ դերասաններ, բայց նախ եւ առաջ հարկավոր է լավ սցենար: Նկատի ունենալով, որ ֆիլմը խմբային աշխատանք է, վերջնական արդյունքը կախված է խմբից: Բայց, կրկնում եմ, որեւէ ֆիլմի հաջողության հիմքը մնում է սցենարը, քանզի պետք է ունենալ լավ պատմություն եւ ասելիք:
- Կինոյի աշխարհը փակ ասպարեզ չէ՞ արդյոք «կողմնակի անձանց» համար:
- Հայրս եւ մայրս չէին պատկանում այդ աշխարհին, բայց ես մուտք գործեցի այնտեղ: Կարծում եմ, դրա համար նախ եւ առաջ պետք է հավատալ այն բանին, ինչ ուզում ես անել: Հարկավոր են նաեւ մեծ համառություն, վճռականություն, համբերություն, զոհողություններ եւ, իհարկե, մի քիչ տաղանդ:
- Կինոաստղի ներկայությունն անհրաժե՞շտ է հանրությանը գրավելու համար:
- Քանի որ ֆիլմը ծախսերի հետ է կապված, պրոդյուսերը հակված է աստղեր հրավիրելու, ուստի բեմադրիչներն ստիպված ընտրում են հայտնի դերասաններ: Միայն դրանից հետո ենք կարողանում այդ աստղերին շրջապատել երիտասարդ, շնորհալի դերասաններով:
- Ունեցե՞լ եք ընդօրինակման աղբյուր ծառայած կինոբեմադրիչ:
- Ալֆրեդ Հիչկոկի գործերը դիտելով էր, որ սովորեցի ավելի լավ պատկերավորել ֆիլմի սցենարը: Նա վրաս ազդած քչերից մեկն է: Ի դեպ, նրա շնորհիվ ուրիշներն էլ են կինոաշխարհ հայտնագործել: Անձամբ ես միշտ սիրել եմ ժողովրդական կինոարվեստը:
- Ձգտո՞ւմ եք «Օսկար» մրցանակ ստանալ:
- Միակ ձգտումս հանրության համար հետաքրքիր ֆիլմեր ստեղծելն է: Երբ կինոդահլիճները լեփ-լեցուն են, ես արդեն բավարարված եմ: Իմ առաջին հոգսն այն է, որ մարդիկ գնան իմ ֆիլմերը դիտելու: Իսկ եթե նաեւ մրցանակ ստանամՙ ավելի լավ:
- 1999 թ. արտադրված ֆրանսիական 180 ֆիլմերից ոչ մեկը մրցանակ չստացավ Կաննի փառատոնում, իսկ 1/3-ից ավելին դիտեցին 10 հազարից պակաս հանդիսականներ: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս իրավիճակը:
- Իրոք, այդ ֆիլմերից ոչ մեկը դափնեկիր չդարձավ: Դա ցույց է տալիս, որ առկա է կինեմատոգրաֆիական արտադրանքի մակարդակի բացահայտ անկում: Այս տարի կթողարկվի 2 արժեքավոր ֆիլմ: Տեսնենք, գուցե վիճակը փոխվի:
- Կարո՞ղ եք համառոտակի ներկայացնել Ձեր առաջիկա ֆիլմը:
- Դա կատակերգություն է Ժերար Լանվենի եւ Ժոսլին Գարսիայի մասնակցությամբ: Մի բանտարկյալ իր բանտապահի հետ փախուստի է դիմում, որպեսզի գտնի լոտոյում շահած տոմսը: Որոնումը նրանց տանում է Մարոկկո: Ֆիլմի նկարահանումը պետք է սկսենք ապրիլին եւ ավարտենք օգոստոսին: Ֆրանսիայում ցուցադրությունը նախատեսված է 2002 թ.:
- Ձեր արմատներն ի՞նչ տեղ ունեն անձնական կյանքում:
- Ազգանունս վկայում է, որ երբեք չեմ մտածել այն փոխելու մասին: Հայ հոր եւ հույն մոր զավակ եմ, բայց, ցավոք, նրանցից ոչ մեկի լեզվով չեմ խոսում: Ընտանիքում վերջին հայախոս անձը պապս էր, ուստի ես զուտ ֆրանսիական կրթություն ստացա: Բայց դա ինձ չի խանգարում հպարտանալ իմ հայկական ազգանունով, քանզի սիրում եմ արժանապատիվ ապրած հայ ժողովրդին, որը երբեք բռնության չի դիմել իր նպատակներին հասնելու համար: Ֆրանսիայում եւ Եվրոպայի զգալի մասում Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ նվեր էր ամենքիս համար:
- Դուք քիչ եք մասնակցում համայնքի միջոցառումներին:
- Լինելով տնակյաց ու մենակյաց, հաճախ մերժում եմ Ֆրանսիայի կամ օտար կինոաստեղերի եւ համայնքի հրավերները: Այնքան էլ չեմ սիրում ինձ ցուցադրել: Սիրում եմ իմ զբաղմունքը: Հրավերքները եւ ընդունելություններն ինձ քիչ են հրապուրում: Դա իմ ապրելակերպն է:
- Երեխաներ ունե՞ք:
- Աշխատանքս անչափ շատ ժամանակ է խլում, եւ առայժմ չեմ կարողանում ընտանիք ստեղծել: Չէի ուզենա երեխաներին մեծացնել դաստիարակչուհու խնամքով:
- Մտադի՞ր եք որեւէ ֆիլմ էկրանավորել հայոց պատմության կամ հայ մշակույթի վերաբերյալ:
- Ես ֆիլմեր եմ ստեղծում ամենքի համար: Բացի դրանից, հայկական մշակույթը մեջս այնքան էլ ուժեղ չէ, որպեսզի նման գործ ձեռնարկեմ: Բայց եթե մի օր ձեռքս անցնի հայերի պատմությանը կամ մշակույթին վերաբերող որեւէ գիրք, կմտածեմ այդ ուղղությամբ:
- Անկասկած, գնահատում եք Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը:
- Այդ բեմադրիչին շատ եմ սիրում: Ցավոք, բեմադրման առումով շատ հաջողված «Մայրիկ» ֆիլմը, իմ կարծիքով, չունի այն ընդգրկումը, ինչ, օրինակ, Դեւիդ Լինի «Դոկտոր Ժիվագոն»: Հայ բեմադրիչներից նախընտրում եմ Ատոմ Էգոյանին, որն ինձ ավելի սրտամոտ է:
- Երրորդ հազարամյակում ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին:
- Կուզեի, որ սփյուռքահայերը պահպանեն իրենց արմատները եւ հարկ եղած դեպքում համատեղ գործեն: Իսկ Հայաստանի հայրենակիցներիս քաջություն եմ մաղթում անցումային այս փուլում եւ բարգավաճ կյանքՙ 3-րդ հազարամյակում:
ԱՐՄԻՆԵ ԱԶԻԶՅԱՆ-ԷԼԲԱԿՅԱՆ, Փարիզ