«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ԼԻՆԱՐԵՍԸ ՍՊԱՍՈՒՄ Է ...

Փետրվարի 23-ից մարտի 7-ը Իսպանիայի Լինարես քաղաքում կանցկացվի վեց ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշար:

Լինարեսում հանդես կգան Ռուսաստանի ներկայացուցիչներ Գարրի Կասպարովը (անհատական վարկանիշըՙ 2849), Անատոլի Կարպովը (2679), Ալեքսանդր Գրիշչուկը (2663), հունգարացիներ Պետեր Լեկոն (2745), Հուդիթ Պոլգարը (2676), Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը (2718): Մրցաշարի կազմն ավելի ուժեղ կլիներ, եթե տարբեր պատճառներով մասնակցելուց չհրաժարվեին աշխարհի չեմպիոններ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Այդուհանդերձ, շախմատասերները հետաքրքիր մրցակցություն են ակնկալում երկու շրջանով անցկացվող մրցաշարում: Իհարկե, գլխավոր ֆավորիտը Գարրի Կասպարովն է: Աշխարհի 13-րդ չեմպիոնը կաշխատի կրկին անգամ հաստատել իր գերազանցությունը: Նրա իրական մրցակիցը, թերեւս, Ալեքսեյ Շիրովն է: Չմոռանանք, որ հենց նա էր երկար ժամանակ գլխավորում Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարը եւ միայն եզրագծում տեղի տվեց, ինչից օգտվեցին Կասպարովն ու մյուս մրցակիցները: Շատ բան է սպասվում 18-ամյա Ալեքսանդր Գրիշչուկից: Նա աշխարհի վերջին առաջնությունում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ եւ պետք է կարծել, որ տաղանդավոր գրոսմայստերը կջանա ամրապնդվել «բարձր հասարակությունում»: Իսկ Լինարեսում իրեն ինչպե՞ս կդրսեւորի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, որը տեւական ժամանակ մի տեսակ դուրս էր մղված ամենաէլիտար մրցաշարերից: Հանրահայտ Հուդիթ Պոլգարի ու Պետեր Լեկոյի մասնակցությունը միշտ էլ հետաքրքրություն է հաղորդում մրցաշարերին: Անշուշտ, Լինարեսն էլ բացառություն չի լինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4