<20013503.jpg>
Բացառիկ համերգ Փարիզի Աստվածամոր տաճարում
«Ազգը» մանրամասն տեղեկատվություն հաղորդել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ֆրանսիա կատարած պետական այցի մասին: Աննախադեպ այցի երկրորդ օրը Փարիզի Աստվածամոր տաճարում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, բազմաթիվ պաշտոնատար անձանց պատվին բացառիկ համերգ տվեց Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբըՙ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Համերգը, որին ներկա էին նախագահներ Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը, նրանց տիկնայքՙ Բերնարդետ Շիրակը եւ Բելլա Քոչարյանը, Փարիզի կարդինալ Ժան-Լյուկ Լյուստիժեն, բազմաթիվ պաշտոնատար անձինք, ֆրանսահայեր, անցավ մեծ հաջողությամբ: 9 հազար ներկաներ հիրավի մեծ գոհունակություն ապրեցին մաեստրո Չեքիջյանի ղեկավարած կապելլայի ելույթի ժամանակ: Այցի առաջին օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվին կազմակերպված ճաշի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը մասնավորապես ասաց. «2001 թվականը Հայաստանի համար կարեւոր տարեթիվ էՙ Տրդատ 3-րդ թագավորի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանդիսավոր արարողությունների կապակցությամբ: Բազմաթիվ ծիսակատարություններ են ծրագրված ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում...»: Ահա այս ծիսակատարությունների մասը կազմեց Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի ելույթը, որի ժամանակ հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի, Բախի, Վերդիի, Ֆորեի, Բեռլիոզի ստեղծագործություններից: Երաժշտական ձոնն առ Բարձյալը համահունչ էր Հայաստանում նշվող 1700-ամյակի տոնակատարության ոգուն: Պաշտոնական այցից հետո «Ազգի» թղթակից Տիգրան Լիլոյանը վկայեց. «Ես ներկա եմ եղել կապելլայի բազմաթիվ համերգների, բայց այսպիսի բացառիկ ելույթ չեմ հիշում»:
Պաշտոնական այցն ավարտվել է: Արդեն Երեւանում են նաեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի արտիստները: Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը սիրով պատասխանեց «Ազգի» թղթակցի հարցերին:
- Մաեստրո, շնորհավորում ենք երգչախմբի այս հրաշալի ելույթի առիթով: Ինչպես տեղեկացանք ինտերնետի միջոցով, ֆրանսիական մամուլը անչափ բարձր է գնահատել կապելլայի ելույթը Փարիզի Աստվածամոր տաճարում: Սակայն, այսպես ասած, «առաջին աղբյուրից» տեղեկություններ ստանալն ավելի շահեկան է թերթի համար:
- Փառավոր գնացինք եւ փառավոր էլ վերադարձանք: Կարծում եմ, որ այս համերգը երկար ժամանակ կհիշվի: Այն ոգեւորությունը, որն ապրեցին տաճարում գտնվող մարդիկ, այն ոգեւորությունը, որ մեզ վերադարձրին համերգին ներկա գտնվողները, անջնջելի կմնա: Մեր երգչախումբը մեծ պատասխանատվությամբ ելույթ ունեցավ եւ արեց առավելագույնը: Երեկոյան ժամը 9-ից 15 պակաս սկսվեց համերգը եւ տեւեց մեկուկես ժամ:
- Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, Փարիզ մեկնելուց մեկ օր առաջ, Դուք ներկայացրել էիք համերգի ծրագիրը: Որեւէ փոփոխություն եղա՞վ այդ ծրագրում:
- Միայն մեկ փոփոխություն: Նախատեսված էր մեր երկրի եւ Ֆրանսիայի նախագահներին, նրան ուղեկցող մարդկանց մուտքը ողջունել երգեհոնային երաժշտությամբ: Սա չեղավ: Մենք տեղավորվեցինք Ֆրանսիայի նախագահին հատուկ արձանագրային (պրոտոկոլային) շրջանակներում: Ամեն դեպքում մեր Կոմիտասը, Եկմալյանը, ինչպես նաեւ Բախը, Վերդին, Ֆորեն, Բեռլիոզը ներկայացվեցին հավուր պատշաճի:
- Մաեստրո, մեր հեռուստատեսությամբ անչափ քիչ կադրեր ցուցադրվեցին համերգից: Բայց իմ համոզմամբ պետք էր նկարահանել ողջ համերգը, որն, անշուշտ, պատիվ կբերեր հայկական հեռուստատեսությանը:
- Թե ինչու փոքրիկ մի հատված է ցուցադրվել հայկական հեռուստատեսությամբ, չեմ կարող ասել: Դա իրենց խնդիրն է:
- Ինչպես տեղեկացրեց լրագրող Տիգրան Լիլոյանը, համերգից հետո Ձեզ են մոտեցել Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի նախագահները: Ժակ Շիրակը ջերմորեն շնորհավորել է Ձեզ եւ Ձեր ղեկավարած երգչախմբին, առանձնազրույց ունեցել Ձեզ հետ: Եվ ինչպես մեր գործընկերն է կրկին վկայում, Շիրակը գովասանքների հարցում անչափ շռայլ էր:
- Ես, իհարկե, որեւէ նախագահի խոսքը կրկնելու սովորություն չունեմ, որքան էլ դա շոյիչ լինի իմ եւ իմ ղեկավարած կոլեկտիվի համար: Բայց ասեմ մի բան. նա այնպիսի որակումներ տվեց մեր ելույթին, որ միայն մասնագետ մարդը կարող էր տալ: Ես այն տպավորությունն ստացա, որ նա ոչ միայն կրթված մարդ է ընդհանրապես, այլեւ երաժշտությունը լավ է հասկանում, հատկապեսՙ խմբերգային երաժշտությունը, քանզի մեր կատարումների նրբերանգների մասին շատ բաներ ասաց: Արտակարգ մարդ է. փափկանկատ, բծախնդիր, բանիմաց, դիմացինին հարգող եւ, անշուշտ, հարգվող մարդ է:
- Ինչպես վկայում է ֆրանսիական մամուլը, համերգին ներկա են գտնվել նաեւ բազմաթիվ ֆրանսահայեր:
- Ըստ նախնական ծրագրի, ինչպես մենք տեղեկացանք համերգից հետո, տաճարի հնարավորությունները հաշվի առնելով, շատ քիչ հայեր պետք է մասնակցեին համերգին: Սակայն ֆրանսահայերի հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ շատերը համերգն ունկնդրեցին տաճարի պատերից դուրս, հրապարակում: Բնական է այս ամենը, եթե հաշվի առնենք վերջին իրադարձությունները Ֆրանսիայում. Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ նրան օրենքի ուժ տալը ֆրանսիական Սենատի եւ այդ օրենքի հաստատումը Ֆրանսիայի նախագահի կողմից:
- Մաեստրո, այս համերգը իրականացվեց քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագրի շրջանակներում: Այս իմաստով ինչպիսի նոր ծրագրեր ունի երգչախումբը:
- Հոբելյանի առիթով մենք արդեն պատրաստել ենք մի նոր լազերային սկավառակ, որի վրա Մակար Եկմալյանի «Պատարագն» է: Կանադայում պատրաստված բարձր որակի այս սկավառակը տարածվել է աշխարհով մեկ: Եվ ես շատ ուրախ կլինեի, որ ամեն հայ այն ունենար իր տանը, որովհետեւ «Պատարագի» ողջ երգեցողությունը կատարվել է պրոֆեսիոնալ երգչախմբի կողմից: Մեր երգչախումբը պատրաստ է նաեւ այլ համերգների: Եվ եթե 1700-ամյակի տոնակատարության պետական հանձնաժողովը մեզ հրավիրի, ապա մեծ հաճույքով եւ պատասխանատվությամբ ելույթներ կունենանք: Ամեն դեպքում այս տարի մենք նախապես պայմանավորված շրջագայություններ ունենք Հունաստան, Շվեյցարիա, գուցե եւՙ Իտալիա (Վենետիկ), որոնց իրականացման համար ֆինանսական հնարավորություններ ենք որոնում:
- Հույս ունենանք, որ փարիզյան ձեր բացառիկ համերգն ազդակ կլինի շատերի համար գոնե կիսադեմով շրջվել դեպի մշակույթը, այս դեպքումՙ այնպիսի աշխարհահռչակ երգչախումբը (չվախենանք այս բառերից, քանզի ճիշտ տեղին են օգտագործված), որպիսին Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբն է:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
*******
Նորից կհնչեն մեր հին, սիրված երգերը
«Երկիր եւ մշակույթ» հասարակական բարեգործական կազմակերպությունը ձեռնամուխ է եղել ուշագրավ նախաձեռնության. դա քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված համերգաշարն է, որ տեղի կունենա Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ս. թ. փետրվարի 27-ից սկսյալ: Հինգ համերգներից բաղկացած միջոցառումը կրում է «Մեր հին երգերը» խորագիրը: Ինչպես հայտնեց «Ազգի» խմբագրությանը կազմկոմիտեն, նախատեսված համերգներում կհնչեն հայ ժողովրդական երգարվեստի այլազան ժանրերի երեւելի նմուշներ, դրանց թվումՙ ծիսական, աշուղական, քաղաքային, հոգեւոր, հայրենասիրական.
Երգեր, որոնք ժամանակին ճանաչված եւ սիրված լինելով հանդերձ, անարդարացիորեն այսօր կամ քիչ են հնչում, կամ չեն հնչում բնավ:
Հիշյալ համերգաշարի մտահղացումը եւ նախաձեռնությունը պատկանում է Մեսրոպ արք. Աշճյանին, որի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է համերգաշարն անցկացնող մասնագիտական հանձնախումբ: Անդամներն ենՙ Արաքսի Սարյանը, Խորեն Պալյանը, Թովմաս Պողոսյանը, Արթուր Շահնազարյանը, Ալեքսան Հարությունյանը, Սեյրան Ավագյանը, Անահիտ Կիրակոսյանը:
«Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունը նախաձեռնում է նաեւ երգերի ընտրանիի եւ ձայներիզների հրատարակումը:
«Մեր հին երգերը» համերգաշարի համերգները տեղի են ունենալու փետրվարի 27-ին, մարտի 6-ին, 13-ին, 20-ին, 27-ին, ժամը 18:30-ին:
Հուսանք, որ մեզ իրապես հոգեհաճո հանդիպումներ են սպասում մեր հին ու սիրված երգերի հետ: