<20013802.jpg>
Ինչպես «Դե-Ֆակտո» գործակալության թղթակցին հայտնել է Ստեփանակերտի ռազմականացված հրշեջ պաշտպանության պետ, փոխգնդապետ Կ. Ներսիսյանը, փետրվարի 27-ին, ժամը 19:50 րոպեին հրշեջ պաշտպանության հերթապահ մասում ստացվել է ահազանգՙ «Ազատ Արցախ» թերթի խմբագրության նախկին տարածքում (Ազատամարտիկների փողոց, 26) ծագած հրդեհի մասին: Հրշեջ պաշտպանության բաժանմունքն անմիջապես հասել է դեպքի վայր, եւ 20:20-ին հրդեհի օջախը վերացվել է:
Այնուհետ Կ. Ներսիսյանը հայտնել է, որ փետրվարի 28-ին, ժամը 0:10 րոպեին, մեքենայով քաղաքով անցնելիս նկատել է հրդեհի մեկ այլ օջախՙ կարի նախկին ֆաբրիկայի շենքում (Ազատամարտիկների փողոց): Նա իսկույն կանչել է ռազմականացված հրշեջ խումբ եւ 0:30- ին հրշեջ չորս բաժանմունքներ, ինչպես նաեւ Ասկերան եւ Շուշի քաղաքներից կանչված հրշեջ խմբերը սկսել են հրդեհի հետեւանքների վերացման աշխատանքները: Ցավոք, շենքը հիմնովին այրվել է, հասցվել է նյութական հսկայական վնաս:
Սակայն 0:30-ին հրշեջ մասում դարձյալ զանգ է հնչել Ազատամարտիկների 26 հասցեում, այս անգամ երկրորդ հարկում բռնկված հրդեհի մասին: Այս օջախը եւս վերացվել է: Շենքին հասած նյութական վնասը մեծ չէ:
Կ. Ներսիսյանի խոսքերով, նախնական տվյալներով երկու դեպքերն էլ որակվում են որպես կանխամտածված հրկիզումներ: Հրդեհի պատճառները կբացահայտի հետաքննությունը:
Դե-Ֆակտո