«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2001-02-27 | #37, 2001-02-28 | #38, 2001-03-01


ՀԵՌԱՑՎԵՑ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ:

<20013804.jpg>

Ո՞վ է լինելու հաջորդը

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

Քաղաքական, դատական այս վայրիվերումների մեջ այս օրերին Հայաստանի ազգային օպերայի հարցը կրկին ու կրկին ուշադրության կենտրոնում է մնում: Վաղուց արդեն կրքեր են բորբոքվում օպերայի ներսում եւ օպերայի շուրջ: Հավանաբար թերթ կամ հեռուստաալիք չի մնացել, որ իր «հատուկ կարծիքը» չարտահայտի: Ու այս դեպքում բնականաբար կարող են լինել սխալներ, կոպիտ արտահայտություններ, վիրավորանքներ:

Երկար ժամանակ պիղատոսյան հանդարտություն էր պահպանում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը, որը, չգիտես ինչու, իրեն այս հարցի կողմ չէր համարում, թեեւ ՀՀ կառավարությունն ի դեմս նույն այս նախարարության 1999 թ. հունիսի 29-ին կնքել էր աշխատանքային պայմանագիր, որով Օհան Դուրյանը ցմահ նշանակվել է օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական մասի ղեկավար: Նշված պայմանագրով Օհան Դուրյանի համար երաշխավորվում էին աշխատանքային անհրաժեշտ պայմաններ. Ի՞նչ պայմանագիր էր սա, ինչպիսի՞ ցմահ նշանակում: Պարզապես զարմանալի էր այսպիսի պայմանագրի ստեղծումը: Ինչո՞ւ ստեղծվեց այսպիսի պայմանագիր, ո՞վ ստիպեց այսպիսի գրություն հաստատել, ինչո՞ւ.

Այս աշխատանքային պայմանագրում սեւով սպիտակի վրա գրված է, որ «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունըՙ ի դեմս նախարար Ռոլանդ Շառոյանի մի կողմից եւ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Օհան Դուրյանի մյուս կողմից, կնքեցին սույն աշխատանքային պայմանագիրը հետեւյալի մասին.

1.1. Նշանակել Օհան Դուրյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական մասի ղեկավար:

2.1. Կողմերի միջեւ պայմանագիրը կնքվում է 1999 թ. սեպտեմբերի 1-իցՙ ցմահ.»:

Այնուհետեւ այս պայմանագրում ամրագրված է, որ գլխավոր դիրիժորը եւ երաժշտական մասի ղեկավարը ղեկավարում է օպերայի եւ բալետի թատրոնի նվագախումբը, կազմակերպում ու գլխավորում է նոր եւ նախկինում ստեղծված երաժշտական ներկայացումների (ծրագրերի) նախապատրաստման աշխատանքներըՙ ապահովելով բարձր գեղարվեստական որակ, ինքնուրույն է իր ստեղծագործական գործունեությունն իրականացնելիս, կայացնում է որոշումներ նվագախմբի եւ երաժշտական հարցերի վերաբերյալ, մշակում է հեռանկարային խաղացանկի պլաններ, ներկայացումների (ծրագրերի) ստեղծման պլան-գրաֆիկներ, կազմում է ծրագրերին համապատասխան մասնակից խմբերի եւ կատարողների կազմերը.

Եվ այլն, եւ այլն, եւ այլն: Զարմանալի շահեկան պայմանագիր Օհան Դուրյանի համար:

Չգիտենք, թե ինչը կամ ով է ստիպել նախարարին այսպիսի պայմանագիր կնքելու: Եվ եղե՞լ է արդյոք ստիպողականություն: Չգիտենք: Չգիտենք նաեւ շատ ու շատ այլ հարցերի պատասխաններ: Հույս ունեինք երեկ, գոնե օրվա երկրորդ կեսին ստանալ այդ պատասխանները, որովհետեւ ՀՀ մշակույթի նախարարությունում քննվում էր ազգային օպերայի հարցը: Բայց ոչ մի լրագրողի չթույլատրվեց մասնակցել կոլեգիայի նիստին:

«Ազգի» թղթակիցը, խմբագրության եւ իր սկզբունքին համաձայն, փորձում է ձեռնպահ մնալ կողմնակալությունից: Մեր հարցին պատասխանեցին նրանք, ովքեր ներկա էին գտնվել դռնփակ նիստին:

Գեղամ Գրիգորյանը, խոսելով Օհան Դուրյանի հետ աշխատանքի ընթացքում նկատված դժվարությունների մասին, նաեւ ի մասնավորի ասաց.

- Սխալ գործվեց նշանակումների ժամանակ: Նախ ինձ նշանակեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար, ապա պայմանագիր կնքվեց Օհան Դուրյանի հետ, այն էլ ի՜նչ պայմանագիր: Ես չեմ հասկանումՙ ինչ է նշանակում երաժշտական ղեկավար: Եթե կա գեղարվեստական ղեկավար, ապա նա էլ պատասխանատու է նաեւ երաժշտական մասի համար: Սխալ են գործել ժամանակին: Բայց ոչինչ: Ես մտածեցի, որ կարելի է աշխատել: Սակայն ոչ մի բան չստացվեց:

- Ամեն դեպքում քիչ առաջ նախարարի աշխատասենյակում նիստ եղավ, եւ, հավանաբար, քիչ հետո հայտնի կլինի որոշումը: Ըստ այդ որոշման ձեզանից որեւէ մեկն է մնալու: Մի՞թե հնարավոր չէ որեւէ բան շտկել:

- Ես երբեք հարցը չեմ դրելՙ կամ ես, կամՙ նա: Ինքն է այդ հարցը դրել: Օհան Դուրյանը կարող է իր ներկայացումներն ունենալ, գալ, ղեկավարել իր ներկայացումները: Մենք նույնիսկ մտածել ենք մի որեւէ հաստիք ստեղծելՙ պատվավոր դիրիժորի: Բայց թատրոնի ծրագրերը եւ նախագծերը մենք ինքներս պետք է որոշենք, որովհետեւ մեծ նպատակներ ունենք մեր աշխատանքի ձեւը, ընդհանրապես մեր խաղացանկային քաղաքականությունը փոխելու առումով: Իմ ամենամեծ երազանքն այն է, որ մեզանից հետո մեր թատրոնն ավելի բարձր լինի:

Հրաշալի միտք է: Բայց պետք էր այս ամենն անել հանգիստ, ստեղծագործական պայմաններում: Ի դեպ նշենք, որ մաեստրո Օհան Դուրյանին դեռ 1966 թվականին Լայպցիգի օպերային թատրոնում ցմահ դիրիժորի կարգավիճակ է առաջարկվել:

Թատրոնի առաջատար արտիստներից Կոստանդին Սիմոնյանը խորին հարգանքով խոսելով եւ Օհան Դուրյանի, եւ Գեղամ Գրիգորյանի մասին, ասաց.

- Մեր թատրոնում նախկինում նույնպես եղել են առճակատումներ: Այն ժամանակ այդ առճակատումը Տիգրան Լեւոնյանի եւ Օհան Դուրյանի միջեւ էր: Հիմա, մեկուկես տարի առաջ էլ մարդիկ սխալ գործեցին եւ նոր հրաման են տվել: Ո՞ւր են այդ մարդիկ, ովքեր ճակատագրական սխալ գործեցին եւ մարդկանց գցեցին այնպիսի նյարդային իրավիճակի մեջ, որ թատրոնի աշխատողները, արտիստները սկսեն որոշելՙ ով ում կողմն է, ով ում հետ է: Ո՞ւր են այդ մարդիկ, ովքեր սխալներ գործեցին, ինչո՞ւ չեն գալիս գոնե թատրոնից ներողություն խնդրելու: Մի փաստ էլ ուզում եմ նշել, թեեւ այսօրվա հարցի հետ ուղղակի առնչություն չունի. ո՞ւր է Տիգրան Լեւոնյանը, ինչո՞ւ նրան թատրոն չեն հրավիրում, ինչո՞ւ են նրան մոռացել:

Լիովին համաձայն ենք Կոստանտին Սիմոնյանի հետ: Գուցե դառն է ասել, բայց մենք շատ դեպքերում առաջ ենք գնում շատ կարեւոր ու թանկ արժեքներ ավերելով:

Իհարկե, նախարարությունում դռնփակ նիստ էր, բայց նիստից հետո տեղեկություններ հասան, որ նիստը գումարվում էր մաեստրո Օհան Դուրյանի բոլոր սխալների եւ թերացումների թվարկումով: Ոգեւորված մարդիկ կային, որ բողոքում էին, թե 4 տարի, 14 տարի, 24 տարի առաջ մաեստրոն իրենց ինչպես եւ որտեղ է վիրավորել: Ու ամեն անգամ չէին մոռանում շեշտել, որ Օհան Դուրյանը մեծ երաժիշտ է, սակայն «ծանր բնավորություն» ունի: Այս մասին միայն երեկ չէր, որ խոսվում էր: Այս մասին արդեն մի քանի ամիս գրում են շատ ու շատ թերթեր: Այս ի՞նչ «ծանր բնավորության» մասին է խոսքը: Ինչո՞ւ չի ասվում, որ Օհան Դուրյանը պարզապես պահանջկոտ է, խիստ է նախ իր, ապա ուրիշների նկատմամբ, որ Օհան Դուրյանն արվեստի մարդ է: Այսինքնՙ հող էր նախապատրաստվում մաեստրո Օհան Դուրյանին գործից հեռացնելու կամ մեկուսացնելու մասին:

Նիստից հետո մեզ տեղեկություն հասավ այն մասին, որ ըստ որոշման նախագծի պետք է լուծարվի Օհան Դուրյանի հետ 1999 թ. հունիսի 29-ին կնքված պայմանագիրը, որպես գլխավոր դիրիժորի պայմանագիր կնքվի Կարեն Դուրգարյանի հետ, իսկ Օհան Դուրյանը կնշանակվի պատվավոր դիրիժոր:

Չգիտենք, թե ՀՀ մշակույթի նախարարությունում ինչպես են պատկերացնում այս «պատվավոր դիրիժոր» կարգավիճակը, որովհետեւ հենց նախարարությունում դեռ չեն որոշել:

Եվ այսպես, մեկ արվեստագետ էլ է, այն էլ ինչպիսի՜ մեծության արվեստագետ դուրս մնում մեր մշակութային դաշտից կամ, լավագույն դեպքում, սահմանափակվում է նրա ստեղծագործությունը: Ի՞նչ է լինելու հետո, ո՞վ է լինելու հաջորդը:

Մենք մտադիր ենք թերթի առաջիկա համարներից մեկում ներկայացնել ե՚ւ Գեղամ Գրիգորյանի, ե՚ւ Օհան Դուրյանի, եւ ՀՀ մշակույթի նախարարի կամ փոխնախարարի կարծիքները, քանզի սա վաղուց արդեն դուրս է եկել օպերային թատրոնի շրջանակներից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4