Հայաստան-Ուկրաինա բարձր մակարդակով հանդիպման առիթով
Այսօր Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, որը գլխավորում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կժամանի Կիեւ: Ինչպես արդեն հաղորդվել է, պաշտոնյաներից բացի, երկրի նախագահի հետ Ուկրաինա կմեկնեն նաեւ մի խումբ գործարարներ: Դատելով այս փաստից եւ Կիեւում ստորագրվելիք Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ 2001- 2010 թթ. տնտեսական համագործակցության պայմանագրից, կարելի է եզրակացնել, որ այցելության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հիշեցնենք, որ վերջերս Երեւանում տեղի ունեցած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել էին ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 35- 40 մլն դոլարի: 2000 թ.-ին այդ ծավալները կազմել են մոտ 15 մլն դոլար: Առեւտրային հաշվեկշիռը մեր օգտին չէ: Հայաստան ներմուծվել է 12,3 մլն դոլարի արտադրանք, իսկ այստեղից Ուկրաինա արտահանվել 3,3 մլն դոլարի ապրանքներ:
Ուկրաինայից ներմուծվող ապրանքների մեջ գերակշռում են նավթամթերքը եւ այլ տեսակի վառելանյութեր: Վառելիքային արդյունաբերությունը 3 այլ ճյուղերիՙ մեքենաշինության, մետաղագործության եւ մետաղամշակման հետ տալիս է այդ երկրի ընդհանուր արտադրանքի 45 տոկոսը: Զարգացած են նաեւ սննդի եւ թեթեւ արդյունաբերությունները: Պատահական չէ, որ զգալի ծավալ են կազմել կաթնամթերքի, մսամթերքի, ալյուրի, շաքարի, ծխախոտի եւ ծխախոտահումքի ներմուծումները Հայաստան: Ուկրաինայից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներից են նաեւ դեղամիջոցները:
Հայաստանից Ուկրաինա արտահանվող ապրանքների մեջ առաջին տեղում ալկոհոլային խմիչքներն ենՙ հիմնականում կոնյակը: Անցած տարի առաքվել է շուրջ 1 մլն դոլարի կոնյակ: Երկրորդն օրգանական քիմիայի արտադրատեսակներն ենՙ ներկանյութեր, էքստրատներ եւ այլնՙ շուրջ 900 հազար դոլարի, ապա կաուչուկըՙ 182 հազար դոլարի: Մնացածը էլեկտրական մեքենաներ են, սարքավորումներ, գյուղմթերքների վերամշակումից ստացվող ապրանքներ եւ այլն: Բացի արդեն արտահանվող ապրանքների ծավալների մեծացման հնարավորություններից, Ուկրաինայում առկա է հայկական ոսկերչական իրերի իրացման շուկա: Ուկրաինական կողմն արդեն իր շահագրգռվածությունն է հայտնել դրանց ներմուծման համար:
Ռոբերտ Քոչարյանի Կիեւ կատարելիք այցելության ընթացքում թերեւս որոշակի լուծում չտրվի Ուկրաինայիՙ Հայաստանին ունեցած պարտքի հարցին: Այն, ճիշտ է, մեծ չէՙ մոտ 4- 5 մլն դոլար, սակայն, ուկրաինական կողմի կարծիքով, նման պարտք գոյություն չունի: Երեւանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցի շուրջ բանակցությունները շարունակելու եւ մինչեւ սեպտեմբեր լուծումներ գտնել:
Մինչ երկու երկրների ղեկավարները, պաշտոնյաներն ու գործարարները հարաբերությունների փոխադարձ սերտացման որոշակի արդյունքներ կարձանագրեն, արժե հիշատակել, որ դրանց պահպանման եւ զարգացման մշտական նախանձախնդիրներ կան երկու երկրներում: Դրանք Ուկրաինայում բնակվող հայերն են եւ Հայաստանում բնակվող ուկրաինացիները: Առաջինների թիվը կազմում է մոտ 130 հազար, երկրորդներինըՙ 6 հազար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ