«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2001-02-27 | #37, 2001-02-28 | #38, 2001-03-01


ՄԱՐՏԻ 26-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՎՍՏՐԻԱՆ ԿԿԱՊՎԵՆ ՈՒՂԻՂ ՕԴԱՅԻՆ ԿԱՊՈՎ

<20013803.jpg>

«Ավստրիական ավիաուղիները» կիրականացնի իր առաջին Վիեննա-Երեւան-Վիեննա չվերթը

Մարտի 26-ին «Ավստրիական ավիաուղիները» կիրականացնի Վիեննա-Երեւան-Վիեննա առաջին չվերթըՙ դրանով լրացնելով Հայաստանում չվերթներ իրականացնող արտասահմանյան ավիաընկերությունների ցուցակը եւս մեկով: Չվերթները կիրականացվեն սկզբում շաբաթական երկու անգամՙ յուրաքանչյուր ուրբաթ ու երկուշաբթի, հետագայում նաեւՙ չորեքշաբթի: Երեկ ավիաընկերության շնորհանդեսին ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ներկայացուցիչ Ինգրիդ Բանդելը տեղեկացրեց, որ իրենց ավիաընկերությունը դեռ երկու տարի առաջ է ունեցել Հայաստանում ներկայացված լինելու գաղափար, որը շուկան ուսումնասիրելուց հետո այս տարի որոշվել է վերջապես իրականացնել: «Ավստրիան ու Հայաստանը երկուսն էլ մշակույթի, պատմության ու կյանքի կենտրոններ են: Բացելով այս ճանապարհը, մենք ուզում ենք զարգացնել կապը երկու երկրների, նրանց մշակույթների միջեւ եւ աշխատել որպես կամուրջՙ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ», ասաց տիկին Բանդելը: Տեղեկացվեց, որ չվերթները (տեւողությունըՙ 3 ժ. 50 րոպե) կիրականացվեն Fokker-70 ինքնաթիռներով, որոնք, ճիշտ է, փոքր են, բայց ամենաժամանակակից ու նոր սերնդի ինքնաթիռներից են: ԱԱ-ի տոմսերի վաճառքը կիրականացնի «Հայկական ավիաուղիները», տոմսի արժեքը սահմանված է 650 ԱՄՆ դոլար:

«Ավստրիական ավիաուղիները» փաստորեն դառնում է Հայաստանի օդային շուկայում գործող հինգերորդ օտար ավիաընկերությունըՙ «British Airwais»-ից, «Swissair»-ից, «Caspian Air»-ից, «Syrian Arabic Airlines»-ից հետո (չհաշված ռուսական ընկերություններըՙ «Աերոֆլոտի» գլխավորությամբ): ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Ազգը» տեղեկացավ նաեւ, որ ավստրիականին կհաջորդի «Չեխական ավիաուղիները», որի առաջին չվերթը կլինի ապրիլի 4-ին: Երեկ տեղեկացվեց նաեւ, որ «Ավստրիական ավիաուղիները» ավստրիական «Lauda Air»-ի եւ «Tyrolean Airways»-ի հետ մտնում է «Austrian Airways group»-ի մեջ, վերջինս էլ միջազգային 15 ավիաընկերություններ միավորող մեկ այլ խմբիՙ «Star Alliance»-ի մեջ: Ներկայացուցչական այս խմբի անդամները (գերմանական «Lufthansa», ամերիկյան «United Airlines», կանադական «Air Canada», բրիտանական «British Midland» եւ այլն) ունեն միմյանց նկատմամբ կիրառվող զեղչերի հստակ համակարգի կիրառման պայմանագրեր: Դա էլ թերեւս այն հարցի պատասխանն է, թե ո՞րն է լինելու «Ավստրիական ավիաուղիների» համար շուկայում մրցակցությանը դիմակայելու առաջին պայմանն ու գնային քաղաքականությունը: Փաստորեն, այս ավիաընկերությունից օգտվելով կարելի է օգտվել նաեւ գործընկեր ավիաընկերությունների կողմից մատուցվող զեղչ գներով չվերթներից: Տեղեկացվեց նաեւ, որ «Ավստրիական ավիաուղիների» չվերթներն իրականացվում են Վիեննայի միջազգային օդանավակայանից, որը Եվրոպայում հայտնի է իբրեւ տրանսֆեր ու տրանզիտ չվերթների խաչմերուկ: Այս օդանավակայանում տրանզիտ ուղեւորը կարող է մնալ ամենաշատը 25 րոպե, իսկ եթե երկար ժամանակովՙ ապա հատուկ հանգստյան սրահում: Մի հետաքրքիր վիճակագրություն եւսՙ «Ավստրիական ավիաուղիները» տարեկան իրականացնում է 175 ուղղություններով չվերթներ, իսկ սկսած անցյալ տարվանից, երբ դարձավ «Star Alliance»-ի անդամՙ 880 չվերթ: 1999 թ.-ին ավիաընկերությունը տեղափոխել է շուրջ 8 մլն ուղեւոր: Ավիաընկերության տարածաշրջանային ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց ավիաընկերությունը լինելով արեւմտյան, միաժամանակ վերջին տարիներին մասնագիտացել է Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների օդային շուկաներում, եւ դրանցում կատարած փորձն ու ուսումնասիրությունը հույս են ներշնչում, որ ընկերությունը կզարգացնի նաեւ իր գործունեությունը Հայաստանում: ԱՊՀ երկրներից ընկերությունը ներկայացուցչություններ ունի նաեւ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում ու Վրաստանում:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4