«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2001-02-27 | #37, 2001-02-28 | #38, 2001-03-01


ՔԵՐԻ ՔԱՎԱՆՈՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵԿՆՈՒՄ Է ՓԱՐԻԶ

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածել է ԱՄՆ փոխխոսնակ Ֆիլիպ Ռիիքերի հայտարարությունըՙ «Նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի փարիզյան հանդիպումը» վերնագրով. «ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՀ նախագահ Հեյդար Ալիեւի որոշումըՙ ընդունելու Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերը մարտի 4-ին եւ 5-ին Փարիզում հանդիպելու մասին, որի ընթացքում նախագահները կշարունակեն բանակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ-ը բարձր է գնահատում երկխոսությունը զարգացնելու երկու նախագահների որոշումը, եւ մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահների հետ, որպեսզի երկու նախագահներին օգնենք գտնել խնդրի լուծման փոխընդունելի տարբերակ: Առաջիկա հանդիպումը կառուցվելու է երկու նախագահների հունվարի 26-ին Փարիզում փոխանակած մտքերի վրա»:

Ինչպես տեղեկանում ենք հայտարարությունից, «վերջերս ԱՄՆ նախագահ Բուշը զրուցել է նախագահ Շիրակի հետ փարիզյան երկխոսությունների վերաբերյալ: Նա հավաստել է, որ լիովին սատարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին եւ արտահայտել է ԱՄՆ-ի պատրաստակամությունըՙ Մինսկի խմբի շրջանակներում օժանդակել հակամարտության կարգավորման գործընթացին: Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն անցյալ շաբաթ զրուցել է Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետՙ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը զարգացնելու ուղղությամբ: 1990-ական թվականների սկզբին ծավալված պայքարը պատճառ դարձավ 800 հազար ադրբեջանցիների եւ 300 հազար հայերի տեղահանմանը: Քավանոն Փարիզում կհանդիպի Մինսկի խմբի իր գործընկերներինՙ երկու նախագահների մարտի 4-ին եւ 5-ին կայանալիք հանդիպման աշխատանքները համակարգելու նպատակով»:

«ԱՄՆ-ը պատրաստ է միանալ միջազգային ջանքերինՙ օգնելու փախստականների վերաբնակեցման եւ տնտեսության վերականգնման աշխատանքներիՙ խաղաղության համաձայնագրի հաստատման դեպքում», եզրակացնում է հայտարարությունը:

Հարկ ենք համարում անդրադառնալ հայտարարության մի քանի դրվագների: Նախ, մեր կարծիքով, հայտարարությունն ուղղված է Հայաստանի, հատկապես Ադրբեջանի նախագահներին, որոնցից վերջինի ելույթները ենթադրել են տալիս, որ ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս է մղվում: Հ. Ալիեւն իր վերջին ելույթում խիստ քննադատեց ԵԱՀԿ ՄԽ-ին, որը, փաստորեն, անգործության է մատնվել: Հիշեցնենք. 1994 թ., երբ Ռուսաստանի միջնորդությամբ արդեն զինադադարի պայմանագիր էր ստորագրվել, ԼՂ հարցում միջնորդական առաքելության մենաշնորհի համար կատաղի պայքար էր ծավալվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Վլ. Կազիմիրով. «ԵԱՀԿ-ն ցանկանում է ՌԴ-ին ԼՂ հակամարտության միջնորդությունից դուրս թողնել»: ԱՄՆ պետքարտուղար Ու. Քրիստոֆեր. «ԱՄՆ-ը չի ընդունում ազդեցության ոլորտների հասկացությունը եւ այն գաղափարը, որ որեւէ երկիր կարող է միայնակ գործելՙ իբրեւ կայունության երաշխավոր»: Հ. Ալիեւ. «ՌԴ-ն պետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորմանը, սակայն ԵԱՀԿ շրջանակներում»: Լ. Տեր-Պետրոսյան. «ԼՂ խնդիրը կհաջողվի կարգավորել ՌԴ-ի եւ ԵԱՀԿ-ի միջնորդության շնորհիվ»: Այսօր Վաշինգտոնում լավ են հասկանում, որ խնդիրը ԵԱՀԿ-ից դուրս թողնելը նշանակում է վերադարձ 1994 թ., երբ ԱՄՆ-ը նոր-նոր էր փորձում ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում:

Երկրորդՙ «Քավանոն անցյալ շաբաթ զրույցներ է ունեցել է Ֆրանսիայի, Թուրքայի եւ ՌԴ պաշտոնյաների հետ»: Եթե չակերտները բացենք, ապա կարող ենք ասել, որ Վաշինգտոնը շարունակում է պնդել Թուրքիայի մասնակցությունը ԼՂ կարգավորման խնդրում, ինչը ԼՂՀ- ի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է:

Եվ վերջապես «800 հազար ադրբեջանցիների եւ 300 հազար հայերի տեղահանման» մասին: Հին օրերի երգ էՙ համաձայնե՚ք ԱՄՆ-ի միջնորդությանը, եւ փախստականները կվերադառնան տուն, կվերականգնենք տարածաշրջանի երկրների տնտեսությունը: Տեսնո՞ւմ եք, Ռուսաստանը մատը մատին չի տալիս, մինչդեռ մենք պատրաստ ենք:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4