Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված է կանանց նվիրված տոնակատարությունների միամսյակ
ԱԺ-ն այս տարի Հայաստանում վերականգնեց Մարտի 8-ըՙ Կանանց միջազգային օրը, որն ազգային տոնացույցում ընդգրկվեց որպես ոչ աշխատանքային օր: Հիշեցնենք, որ Մարտի 8-ը ազգային տոներից դուրս էր մղել նախորդ խորհրդարանըՙ իբրեւ խորհրդային ժամանակների մնացուկ, բոլշեւիկյան տոն, որը Հայաստանում փոխարինվեց Ապրիլի 7-ովՙ մայրության տոնով:
Այս փոփոխությունից շահեցին միայն հայ կանայքՙ չհրաժարվելով ավանդական դարձած տոնակատարությունից, դրան գումարելով նաեւ Ապրիլի 7-ը: Տղամարդիկ հարկադրված եղան հանրապետությունում հայտարարել կանանց տոնի միամսյակՙ մարտի 8- ից ապրիլի 7-ը: Կանանց միջազգային օրն այս տարի դարձյալ այդպես կնշանավորվի: Կանանց հանրապետական խորհուրդը եւ ԱՄՆ-ի ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES) մարտի 8-ից ապրիլի 7-ը հանրապետությունում հայտարարում են կանանց նվիրված տոնակատարությունների միամսյակՙ նշանավորելով մի շարք միջոցառումներով:
Ժուռնալիստի տանը մարտի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԿՀԽ նախագահ Նորա Հակոբյանը եւ IFES-ի հայաստանյան մասնաճյուղի ծրագրի տնօրեն Ջեֆրի Սվեդբերգը հայտնեցին, որ տոնակատարություններ կանցկացվեն հանրապետության յոթ մարզերում: Մեծ տոնակատարությունը վերապահված է մայրաքաղաքինՙ մարտի 8-ին, կամերային երաժշտության տանը: Միամսյակի ընթացքում կլոր սեղանի շուրջ կհրավիրվեն ՀՀ բոլոր գումարումների կին պատգամավորները, որտեղ կքննարկվեն կանանց առաջընթացի հիմնական խոչընդոտները եւ նրանց մասնակցությունը համայնքային զարգացման ծրագրերում: Ըստ Նորա Հակոբյանի, այս տարվա տոնը հատկանշական է նրանով, որ նոր հազարամյակի եւ 21-րդ դարի առաջին Կանանց միջազգային օրն է եւ պլատֆորմ կհանդիսանա ամբողջ աշխարհի այն կանանց համար, որոնք պահանջում են ավելի բարձր ձայն եւ դերակատարություն ունենալ խաղաղության բանակցություններում եւ ռազմավարություններում: Նշենք, որ «Խաղաղության համար միավորված կանայք» խորագիրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի կողմից տարվա թեմա է հայտարարվել:
Այդուհանդերձ բանավեճըՙ կանանց երկու տոներից ո՞րն է ավելի հոգեհարազատ հայ կնոջը, դեռեւս վերջնական լուծման չի հանգել: Ն. Հակոբյանը գտնում է, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է եւ Մարտի 8- ը նրան հոգեհարազատ պետք է լինի: Մյուսների կարծիքով, հայ կնոջը հոգեհարազատ է աստվածաշնչյան մայրության տոնը:
Կարծում ենք, Մարտի 8-ի շուրջ բացասական տեսակետներն ավելի շատ չիմացության արդյունք ենՙ որտեղի՞ց է ծագում այս տոնը: Առաջին անգամ Կանանց միջազգային օրը նշվել է 1911 թ. մարտի 19-ին Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ եվրոպական այլ երկրներում: Այդ օրը ընտրվել էր գերմանացի կանանց կողմից, որովհետեւ 1848 թ. այդ օրը պրուսական թագավորը, խուսափելով զինված ապստամբությունից, խոստացել էր ռեֆորմներ անցկացնել, ներառյալՙ չիրականացված ընտրական իրավունքը կանանց համար: 1975 թ. կանանց միջազգային տարվա ընթացքում Կանանց միջազգային օրը պաշտոնապես ընդունվեց ՄԱԿ-ի կողմից եւ ճանաչվեց շատ երկրներում:
Ս. Պ.