Թուրք հասարակությունը խուճապի է մատնվել, թուրքական իշխանություններըՙ նմանապես
Թուրքիան վերստին հայտնվել է տնտեսական եւ քաղաքական խորը ճգնաժամի մեջ: Իրավիճակը երկրում հետզհետե պայթյունավտանգ է դառնում: Պետական եւ մասնավոր բանկերի համատարած սնանկացումը, սղաճի ահագնացող չափերը, ինչպես նաեւ թուրքական լիրայի արժեզրկման հերթական մոլեգնումը հուսահատության են հասցրել բնակչության ճնշող մեծամասնությանը: Թուրք հասարակությունը մատնվել է խուճապի: Միայն կոռումպացված տարրերին է հաջողվում խուսափել ֆինանսական ցնցումների բացասական ազդեցությունից, իսկ դա, ըստ ամենայնի, կատարվում է կառավարող շրջանակների օգնությամբ:
Համենայն դեպս, Թուրքիայում ընդդիմությունը, մատնացույց անելով տնտեսաֆինանսական խորը ճգնաժամի պայմաններում կոռումպացված տարրերի բարգավաճումը, պահանջում է կառավարության շուտափույթ հրաժարականըՙ պատճառաբանելով, թե դրությունը փրկելու նրա հնարավորությունները վերջնականապես սպառվել են: Ի դեպ, բարգավաճման վերոհիշյալ հանգամանքը Ազգային անվտանգության խորհրդի փետրվարի 19-ի նիստում սրել էր նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի եւ վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հարաբերությունները: Նիստն ընդհատվել էր, իսկ ընդհատման լուրը տակնուվրա էր արել սակարանը: Ավելին, ընդհատմանը հաջորդող երեք ժամերի ընթացքում Թուրքիայի Կենտրոնական բանկը 5,1 մլրդ դոլարի կորուստ էր կրել: Ընդդիմությունն առ այսօր շարունակում էր պնդել, որ այդ գումարը համապատասխան նախարարությունների աջակցությամբ յուրացրել են կառավարության մերձակա շրջապատի գործարարները:
Վերոհիշյալ նախարարությունների թվում տրանսպորտի նախարարության հետ հատկապես նշվում է էներգետիկայինը: Քանի որ Թուրքիան նաեւ էներգետիկ ճգնաժամ է ապրում, ուստի միանգամայն տրամաբանական է դառնում ճգնաժամերի բարերար ազդեցությունը դրամական յուրացումների վրա: Ժողովուրդն իզուր չի ասելՙ չկա չարիք, առանց բարիքի: Հարցը, սակայն, բարիքը չէ, այլ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի հաղթահարումը: Էջեւիթի կառավարությունը դա պայմանավորում է օտարերկրյա փոխառություններովՙ ապավինելով Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի աջակցությանը: Նա միաժամանակ Վաշինգտոնից փրկություն է ակնկալում:
«Ազգը» փետրվարի 27-ին անդրադառնալով Թուրքիայի տնտեսական եւ քաղաքական ճգնաժամին, կարծիք էր հայտնել, որ Վաշինգտոնը կփրկի նրան: Ի դեպ, նրա փրկության պատրաստակամություն են ցուցաբերում Իսրայելն ու Մեծ յոթնյակը: Այն տարբերությամբ, որ, եթե Իսրայելը կառավարական պատվիրակություն է գործուղում Անկարա, ապա Մեծ յոթնյակի երկրները խոստանում են 25 մլրդ դոլարի օգնություն տրամադրել:
Հարկ է սակայն նշել, որ Թուրքիայի փրկության վերոհիշյալ պատրաստակամությունները չեն փոխում իրերի դրությունը: Դրանք ոչ էլ նպաստում են համատարած խուճապի վերացմանը թուրք հասարակության մեջ: Ընդհակառակը, ճգնաժամի խորացմանը զուգընթաց երկրում աննախադեպ սրվում է իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների լարվածությունը, կատաղի բնույթ է ստանում միջկուսակցական պայքարը: Դրա հետեւանքով, ինչ խոսք, մեծանում է հասարակական ուժեղ ցնցումների հավանականությունը: Եթե թուրք հասարակության մեջ տիրող խուճապի մասին ընդդիմության հետ նաեւ իշխանությունն է մտահոգություն արտահայտում, ապա թուրքական մամուլն իր էջերում շարունակ ինքնասպանության փաստեր է արձանագրում:
Փետրվարի 27-ի հաղորդումները համանման երկու դեպքի արձանագրությամբ սկսեց նաեւ Թուրքիայի պետհեռուստատեսությունը: Այս փաստերը նոր չեն, տնտեսական ճգնաժամնՙ առավել եւս: Ազգային անվտանգության խորհրդի ընդհատված նիստը դա տնտեսության ոլորտից փոխադրեց քաղաքական ոլորտ: Տնտեսական ճգնաժամի հետ քաղաքականի համադրման պայմաններում պայթյունավտանգ իրավիճակի առաջացումը երկրում դարձավ անխուսափելի: Ինչ վերաբերում է խուճապին, որին մատնվել է թուրք հասարակությունը, ապա դա երկրի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակն է արտահայտում: Թուրքական իրականության համար նաեւ այդ իրավիճակը չի կարելի նորություն համարել: Դրան դեռ հոկտեմբերի 3-ի համարում արձագանքել էր թուրքական «Աքշամ» թերթը, վկայակոչելով Համաշխարհային բանկի հատուկ զեկուցումը Թուրքիայի մասին: Զեկուցման մեջ նշվում էր, որ երկրում 1,7 մլն աշխատող օրական 1 դոլարից ցածր է վաստակում, իսկ 24 մլն մարդ ապրում է թշվառության եզրին: Եթե հաշվի առնենք, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը բնակարան է վարձում, իսկ վարձը կազմում է միջին աշխատավարձի, այլ ոչ թե ցածրի, ավելի քան 60 տոկոսը, ապա պատկերն ամբողջական է դառնում:
ՀԲ-ի այս ցուցանիշները, ինչպես այդ մասին հունվարի 29-ի համարում նշում է «Գյոզջուն», հաստատելու է եկել «Թուրք-իշ» արհեստակցական միությունների կոնֆեդերացիանՙ անցկացնելով երկրում սոցիոլոգիական համապատասխան ուսումնասիրություն: Արդյունքները ցույց են տվել, որ Թուրքիայում 22 մլն մարդ, այսինքնՙ բնակչության մեկ երրորդն իր գոյությունը պահպանում է չքավորության շեմին, իսկ 12 մլն-ըՙ սովի: Վերջին ցուցանիշը երկրի բնակչության մեկ հինգերորդին է համազոր:
Այդ ցուցանիշները վկայում են երկրի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը: Իսկ այդ վիճակը խուճապի մատնվելու միանգամայն բավարար հիմքեր է տալիս թուրք հասարակությանը: Ուրեմն, թե՚ հասարակության խուճապն է արդարացված եւ թե՚ Թուրքիայի քաղաքական շրջանակների հասարակական ցնցումների հավանականությունից բխող խուճապային տրամադրությունները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ