Նախՙ ռեֆորմ եւ դրամ բառերի մասին: Դրանցից առաջինի փոխարեն վերնագրում գիտակցաբար չգործածեցինք հայերեն հայտնի բարեփոխում բառը: Եվ ամենից առաջՙ որովհետեւ վերջին տասնամյակում այն, ինչպես ուրիշ շատ բան մեզանում, գործնականում ոչ միայն խիստ արժեզրկվել է, այլեւս բոլորիս աչքում ձեռք է բերել նույնիսկ հակառակ իմաստ...
Ինչ վերաբերում է դրամ բառին, 1993 թվականից դրա ընտրությանն ու շրջանառության մեջ մտցնելունՙ որպես ազգային արժույթի անվանում, ապա այստեղ ակնհայտ է թույլ տրված տրամաբանական սխալըՙ սեռի եւ տեսակի, ընդհանուրի եւ մասնավորի նույնացումը: Անկախ այդ բառի ծագումից, հնում երբեւէ ունեցած գործառույթից, վաղուց ի վեր հայերենում դրամ նշանակում է փող ընդհանրապես. դա փողիՙ որպես վճարամիջոցի, ընդհանուր հասկացության անունն է եւ այդ նշանակությամբ էլ հանդես է գալիս նաեւ իրենով կազմվող բարդ բառերում ու կապակցություններում (օր.ՙ դրամաշրջանառություն, դրամանենգություն, դրամափոխանակում, դրամատուն, թղթադրամ, տարադրամ, մանրադրամ, դրամական եկամուտ, դրամավարկային քաղաքականություն եւ այլն): Եվ դրամական միավորը հենց դրամ կոչելը մոտավորապես նույնն է, թե երկարության չափման միավորը կոչենք երկարություն, ծանրության կամ կշռի միավորըՙ կշիռ, իսկ ծնված արու զավակի անունը դնենք Տղա: Սակայն, ինչպես ասում են, եղածը եղած է (մանավանդ որ «դրամը» մյուս բոլոր առումներով կարծես թե իր տեղում է): Այստեղ պարզապես ուզեցինք նշել վատ նախադեպը:
Բուն ասելիքս վերաբերում է մեր չարչրկված դրամների անվանական եւ, եթե կարելի է այդպես ասել, գնողունակ արժեքին, որոնց միջեւ խզումն այսօր մեծ չափերի է հասնում: Չգիտեմՙ ներկա պայմաններում հարցադրումս մասնագիտական տեսանկյունից որքան է սխալ հնչում կամ ոչ, բայց գործնական նպատակահարմարության առումով ժամանակը չէ՞ արդյոք եւ չի՞ կարելի հանրապետությունում իրականացնել դրամական ռեֆորմ, ազգային դրամանիշների անվանական արժեքների փոփոխություն (նվազեցում): Այնքան բարձր անվանական արժեքներով թղթադրամներիՙ 1000-անոցների, 5000-անոցների եւ նույնիսկ 20-հազարանոցների ներդրումն ու առկայությունը, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում դրամի բազմապատիկ արժեզրկման հետեւանք է, բնականաբար մեր ազգային դրամի ցածր իրական արժեքի վկայություն է: Արժեզրկումն այժմ թեկուզ դանդաղ, ոչ առաջվա պես սրընթաց, բայց շարունակվում է, ուստի հերթը կարող է հասնել 50-հազարանոցին, 100-հազարանոցին... Հասկանալի է, որ որեւէ երկրի ազգային դրամարժույթի իրական արժեքը կախված է ամենից առաջ բազմաթիվ այլ վճռորոշ գործոններից, եւ անցումային «թմբիրը» չհաղթահարած երկրի պարագայում երեւի այլ կերպ չէր էլ կարող լինել: Բայց եւ ի՞նչ իմաստ ունի որպես աշխատավարձ, թոշակ եւ նպաստ ստանալ հազարներ ու տասնյակ հազարներ, երբ այդքան մեծահունչ գումարներն իրականում չեն ապահովելու գեթ սննդի նվազագույն պահանջմունքների բավարարումը: Գիտեմ, չարժե համեմատել անհամեմատելին, բայց ասում ենՙ նույնիսկ բազմապատիկ արժեզրկված ռուսական 1000 ռուբլով այդ երկրում կարելի է մեկ ամիս ապրել: Մեր 1000 դրամի մասին ինքներդ դատեք:
Չի՞ կարելի այդ արհեստական 1000-ը, որ իր գնողունակությամբ հավասարազոր է, ասենք, նախկին խորհրդային 1-2 ռուբլուն, դարձնել եթե ոչ այդքան, ապա գոնե 5 կամ ամենաշատը 10 դրամ, որով գուցե լուծվի մասնավորապես նաեւ երկու այլ կարեւոր խնդիր: Առաջինՙ որ մեր երկրում մեր ազգային դրամն ի վերջո սկսի գործել նաեւ դրամի մեծ զանգված պահանջելու պատճառով ցարդ դոլարով կատարվող թանկարժեք գնումներում (բնակարան, կահույք, ավտոմեքենա եւ այլն) ու մասնավոր գործարքներում, դրանով դադարելով լինել միայն աղքատ ու չունեւոր խավերի փող եւ յուրատեսակ սոցիալական ջրբաժան... Եվ երկրորդՙ որ մեր մի ամբողջ 10-անոց թղթադրամը չարժենա ընդամենը 1 կոպեկանոց մի տուփ լուցկի, այլ վերջապես ունենանք նաեւ ավելի փոքր անվանական արժեքով դրամներ ու մանավանդՙ մանրադրամ (լումա): Հատկապես վերջինիս բացակայությունը ոչ մի կերպ չես կարող նորմալ համարել:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ