Հանրապետական վարչությունում
Տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը, որը վարում էր ատենապետ Ռուբեն Միրզախանյանը:
Նիստում քննարկվեց «ՀՌԱԿ դիրքորոշումը հանրապետության կառավարման համակարգի կատարելագործման անհրաժեշտության մասին» հարցը, որը ներկայացրեց վարչության անդամ Մեխակ Գեւորգյանը: Քննարկվող հարցի կապակցությամբ ելույթ ունեցան վարչության անդամներ Համլետ Կարապետյանը, Ռոբերտ Մավիսակալյանը, Գագիկ Վարդանյանը, Գառնիկ Հովակիմյանը, փոխանդամ Հրաչյա Տաթեւյանը: Զեկուցման եւ ելույթների մեջ խոսվեց կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, նախարարությունների քանակի կրճատման, տեղական կառավարման որակապես նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին: Հատուկ ուշադրություն հրավիրվեց դատական համակարգի ձեւավորման սկզբունքների եւ սահմանադրական փոփոխությունների ընթացքում մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտությանը:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում կայացրեց մեկ ամսվա ընթացքում հրավիրել կլոր սեղան քննարկվող հարցի շուրջՙ ՀՀ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կառավարման համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը դիտարկելով որպես ազատական տնտեսության եւ ժողովրդավարության զարգացման անհրաժեշտ նախապայման, Հանրապետական վարչությունը որոշեց անհրաժեշտ քննարկումներից հետո հանդես գալ հատուկ հայտարարությամբ եւ ձեռնամուխ լինել այդ հարցի ծրագրի մշակմանը, որը կկազմի ՀՌԱԿ X Պատգամավորական ժողովի կողմից որոշված ազգային պետական ծրագրի մասը:
Հանրապետական վարչությունը քննարկեց նաեւ կազմակերպական բնույթի մի շարք հարցեր: