«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2001-03-02 | #40, 2001-03-03 | #41, 2001-03-06


ՏԱՐԻՆ ՉԻ ԱՎԱՐՏՎԻ ԱՌԱՆՑ ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ

<20014103.jpg>

Ասում է Ժակ Շիրակը Ռ. Քոչարյանի եւ Հ. Ալիեւի հետ ճեպազրույցում

Երեկ Ելիսեյան պալատում հավաքված շուրջ մեկուկես տասնյակ լրագրողների անբավարարվածությունն ակնհայտ էր, գրում է Փարիզում «Ազգի» թղթակից Արմինե Ազիզյանը: Առաջինՙ տեղական ժամանակով ժամը 12:30-ին նախատեսված ասուլիսը տեղի ունեցավ 2 ժամ ուշացումովՙ ժամը 14:30-ին, երկրորդըՙ ասուլիսին մասնակցող 3 նախագահները ոչինչ կամ գրեթե ոչինչ չասացին բանակցությունների բուն բովանդակության մասին: Եվ, անշուշտ, լրագրողների անբավարարվածությունը հաշվի առնելով էր, որ նախագահ Ժակ Շիրակն ասաց, որ այս պահին ինքն ու բանակցություններին մասնակցող մյուս երկու նախագահները չեն կարող մանրամասնություններ հաղորդել, եւ բավարարվեց նշելով, որ բանակցությունների մթնոլորտը եղել է բարեկամական, եւ ինքը բավականություն է ստացել երկու նախագահների հետ ունեցած հանդիպումից:

Համենայն դեպս, մինչեւ ասուլիսին անցնելը, որի ֆրանսերեն տեքստը մեզ տրամադրել է Ֆրանսիայի Հանրապեության նախագահի մամլո խոսնակի գրասենյակը, Փարիզի մեր թղթակիցը տեղեկացրեց, որ երեկ առավոտյան, ժամը 9-ին Ժակ Շիրակի առաջին հյուրը Ելիսեյան պալատում եղել է Ադրբեջանի նախագահը: Մեկ ժամ անց, ժամը 10-ին, պալատ է ժամանել, ըստ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցիՙ ոտքով, Հայաստանի նախագահը, որի առանձնազրույցը Ժակ Շիրակի հետ նույնպես տեւել է 1 ժամ, որից հետո սկսվել է եռակողմ հանդիպումը մինչեւ ժամը 14:30-ը: Ճեպազրույցից հետո 3 նախագահները կրկին բոլորվել են, սակայն ճաշի սեղանի շուրջ, որը տեւել է 1,5 ժամ: Ճաշից հետո, պալատի աստիճանների վրա, հրաժեշտի պահին նախագահները նորից են հուսախաբ արել համբերատար սպասող լրագրողներինՙ նրանց բաշխելով միայն իրենց ժպիտը: Մեր թղթակիցը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ օրըՙ կիրակի, Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը շուրջ 2 ժամ առանձնազրույց են ունեցել:

Ինչ վերաբերում է եռակողմ ճեպազրույցին, ապա այն բացել է Ժակ Շիրակը, որը ներկա լրագրողներին, հատկապես Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանածներին ողջունելուց հետո ներկայացրել է օրվա հանդիպումների թեման: «Յուրաքանչյուրը գիտի, ասել է Ժակ Շիրակը, որ այդ տարածաշրջանում լարվածություններ կան երկու երկրների միջեւ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջանին: Հետեւաբար, երկու կողմերի միջեւ քննարկվեցին այդ տարաձայնությունները, որոնցով զբաղվում է նաեւ Մինսկի խումբըՙ Ռուսաստանի, Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Միասնաբար մենք փորձում ենք հասարակ հայտարարներ գտնել, որոնց հանրագումարը մեզ թույլ կտա նպաստավոր լուծում գտնել լարվածությունների կարգավորման համար: Մենք այս առավոտ, բարեկամական մթնոլորտում, արծարծեցինք այդ խնդիրները, այդ դժվարությունները, հույս ունենալով, որ այդպիսով Մինսկի խումբը ինչ-որ մի պահի կկարողանա ներկայացնել մի այնպիսի առաջարկություն, որն ընդունելի կլինի երկու երկրների համար, եւ ես հույս ունեմ, որ մենք կհասնենք դրան»:

Առաջին հարցը, ուղղված նախագահ Շիրակին, ադրբեջանցի լրագրողի կողմից էր: «Խ. Միության փլուզումից հետո ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ ՄԱԿ-ի եւ միջազգային հանրության կողմից ճանաչված մի երկիր, ինչպիսին է Ադրբեջանը, որի տարածքների 20 տոկոսն այսօր բռնագրավված է Հայաստանի զինված ուժերի կողմից, ինչը դատապարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, արժանանում է նույն վերաբերմունքին, ինչ ագրեսոր Հայաստանը: Սա երկակի ստանդարտների քաղաքականություն չէ՞»:

Նախագահ Շիրակն այս հարցին պատասխանեց հետեւյալ կերպ. «Կուզենայի պարզապես ասել, որ այսօրվա մեր խնդիրը ոչ թե հակաճառությունն է, այլ խաղաղության որոնումը: Հետեւաբար թույլ տվեք չհակաճառել ձեզ եւ դատողություններ չանել, այլ բավարարվել, հաստատելով, որ երկու կողմից էլ կա իսկական շահագրգռությունՙ լուծումներ գտնելու, որը միաժամանակ համապատասխանի երկու կողմերից յուրաքանչյուրի շահերին: Ես երկու կողմերի հետ էլ ունեմ ամենաբարեկամական հարաբերությունները»:

Հաջորդ հարցը ներկայացրեց Փարիզում լույս տեսնող հայկական Nouvelles d՜Armenie թերթի խմբագիր Արա Թորանյանըՙ նախագահ Ալիեւին: «Դուք պաշտպանում եք, ասաց հայ լրագրողը, չեչենների ինքնորոշման իրավունքը, ենթադրում եմ նաեւՙ Կոսովոյի եւ Բոսնիայի: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության ինքնորոշմանը, ինչո՞ւ եք երկակի մոտեցում հանդես բերում»:

«Ո՞վ ասաց, որ ես պաշտպանում եմ ձեր թվարկած ժողովուրդներին, վրա բերեց Ալիեւը: Դուք երեւի չգիտեք իմ համոզմունքներս: Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ես կողմ եմ միջազգային իրավունքի հիմնարար նորմերինՙ սահմանների անձեռնմխելիություն, երկրների տարածքային ամբողջականություն, անջատողական բոլոր շարժումների անընդունելիություն: Հետեւաբար, չեմ կարող պաշտպանել չեչեններին, որոնք փորձում են բռնաբարել Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը»:

Այստեղ միջամտեց նախագահ Քոչարյանը, որն ասաց. «Իմ կողմից հիշեցնեմ նույնպես, որ ես կողմնակից չեմ նման բանավեճերի: Սակայն, քանի որ որոշ հարցադրումներ արվեցին եւ որոշակի մեղադրանքներ հնչեցին, կուզենայի մի քանի խոսք ասել: Նախագահ Ալիեւը պատասխանը տվեց իրեն ուղղված հարցերին: Իսկ ես կոչ եմ անում երկակի ստանդարտների քաղաքականության նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը գնահատել ՄԱԿ-ի ներսում կատարվող քվեարկություններով: Այն որոշումներով, որոնք վերաբերում են Չեչնիային, Կիպրոսին եւ մյուսներին: Ահա՚ այն կողմնորոշիչները, որով պետք է առաջնորդվել դատողություններ անելիս»:

Երրորդ եւ վերջին հարցն ուղղվեց Ժակ Շիրակին, այս անգամ ֆրանսիացի լրագրողի կողմից: «Կարո՞ղ եք բացատրել, թե այսօրվա հանդիպումը ծառայելո՞ւ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հեռանկարին, ակնկալո՞ւմ եք հարցի լուծում այս տարվա ընթացքում»:

«Մենք գտնվում ենք մի աշխարհում, պատասխանեց Ֆրանսիայի նախագահը, որտեղ հստակորեն երեւում է, թե տնտեսական զարգացումների եւ մարդկանց երջանկության վիճակը մեծապես կախված է նրանց ղեկավարներիՙ ծագող հակամարտությունները լուծելու կարողությունից: Հստակ է, որ երկու կողմերի շահերը, աշխարհի այդ գեղեցիկ մասի շահերը, որը հանդիսանում է աշխարհում քաղաքակրթված հնագույն շրջաններից մեկը, պահանջում են գտնվել այնպիսի կայունության մեջ, որը խթանի տնտեսական եւ սոցիալական զարգացում: Հետեւաբար, Ֆրանսիան վայելելով ամենաբարեկամական հարաբերությունները թե՚ Ադրբեջանի եւ թե՚ Հայաստանի հետ, իր ծառայությունն է ի գործի դրել երկու կողմերի համար ընդունելի եւ հավասարակշիռ լուծում գտնելուն: Բնականաբար, Ֆրանսիան անմիջական կապի մեջ է գտնվում նաեւ Մինսկի խմբի մյուս 2 համանախագահներիՙ ամերիկացիների եւ ռուսների հետ: Պետք չէ կանխատեսումներ անել, քանզի քաղաքական կյանքում դրանք երբեմն հերքվում են, սակայն, ամեն պարագայում կարող եմ ասել, որ ես մաղթում եմ եւ հաստատ հույս ունեմ, որ այս տարին չի ավարտվի առանց որեւիցե լուծում գտնելու, որը, կրկնում եմ, քանի որ դա՚ է կարեւորը, ընդունելի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի համար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4