<20014101.jpg>
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանի ազգային հերոս, հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձաձ վարչապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու մասին:
Այսօրՙ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարեդարձի օրը, Արարատի մարզի Արարատ գյուղում բացվեց սպարապետի տուն-թանգարանը, որի մոտ տեղադրված է նաեւ նրա կիսանդրին: Թանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը:
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորեց ներկաներին ուխտատեղի բացման առիթով ու Հանրապետական կուսակցության անունից խոստացավ իրագործել Վ. Սարգսյանի նախանշած ծրագրերը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի խոսքերով, բացված թանգարանն իր մեջ ամփոփող հիշատակներով, դարերի մեջ պիտի խոսի մեր ժողովրդի զավակների հետ, պիտի կրթի ու կերտի նրանց ոգին այն շնչով, որով ապրեց ու գործեց Վազգեն Սարգսյանը:
Հանդիսությանը մասնակցող ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը նշեց, որ Վ. Սարգսյանը ժամանակին եղել է իր աշակերտը, եւ իրեն վիճակվել է Սարգսյանին սովորեցնել զինվորական գործը: Պ. Գրաչովի խոսքերով, Վ. Սարգսյանը դարձավ մեծ զորավոր, ապա նվաճեց վարչապետ լինելու իրավունքը եւ դժբախտաբար հանցագործի գնդակը ընդհատեց նրա կյանքը:
Միջոցառման մասնակիցներըՙ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլք այցելեցին «Եռաբլուր» պանթեոնՙ հարգանքի տուրք մատուցելու Վ. Սարգսյանի հիշատակին: