Ինտերնետային ցանցով ստացված տեղեկության համաձայն, ռուսական HTB հեռուստաընկերության «Խիստ գաղտնի» ծրագրի համար «Ղարաբաղյան բանակըՙ խաղաղության բանակ» վերնագրով նկարահանված ֆիլմը, որը մաս է կազմում տարբեր երկրների բանակներին նվիրված ֆիլմաշարին եւ պետք է ցուցադրվեր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման նախօրեին, հանվել է եթերային ժամից ադրբեջանցիների ճնշումների տակ:
Փետրվարի 26-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացված է եղել փետրվարի 28-ին ծրագրի եթեր արձակման մասին, եւ ինչպես Ադրբեջանի Ազգային հեռուստակայանը, այնպես էլ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռամեզ Ռեզաեւը կարողացել են իրենց միջամտություններով կանխել դա:
«Չցանկացա սրել հարցը: Նշեցի, որ փարիզյան հանդիպումից առաջ հարմար չէր կողմերից մեկի մասին ֆիլմ ցուցադրել», խոստովանել է դեսպանը, ավելացնելով, որ իրեն տրամադրել են ֆիլմի տեսագրությունը, եւ չնայած այնտեղ որոշ կետեր հակաադրբեջանական են, դրանք, այնուամենայնիվ, այնքան սարսափելի չեն: ԼՂ-ն ֆիլմում մի քանի անգամ հանրապետություն է կոչվում, բայց հիմնականում շեշտը ոչ թե երկրի, այլ բանակի վրա է դրված: Այն հարցին, թե ծրագիրը երբեւէ եթեր կգնա՞, դեսպանը չի կարողացել կոնկրետ պատասխանել. «Կտեսնենք: Իհարկե, լավ կլիներ, եթե չհեռարձակվեր: Բայց դա միայն մեզանից կախված չէ: Առայժմ այսքանը հաջողեցրինք, չնայած չափազանց դժվար իրավիճակ էր: Մենք մեր կարելին արեցինք: Տեսնենք հետագայում էլ ինչ կարելի է անել: Երբ Ռուսաստանը չի կարողանում ազդել նրանց վրա, մենք ի՞նչ կարող ենք անել», ասել է նա:
Մյուս կողմից, «Խիստ գաղտնի» հեռուստածրագրի փոխտնօրեն Գալինա Կաբանովան, չցանկանալով թյուր տպավորություն ստեղծել մարդկանց մեջ նախքան ֆիլմի ցուցադրումը, նշել է, որ Ղարաբաղի բանակի մասին ֆիլմ նկարահանելն ամենեւին չի նշանակում, որ հեռուստաընկերությունը ճանաչում է այդ հանրապետության գոյությունը: Մանրամասնություններ չբացահայտելով բովանդակության վերաբերյալ, նա հավաստիացրել է, որ ֆիլմն անպայման կցուցադրվի, բայց ոչ շուտ, քան մարտի երկրորդ կեսին: