«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2001-03-02 | #40, 2001-03-03 | #41, 2001-03-06


ԱՆՑՅԱԼԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Հ. Ալիեւի փարիզյան հերթական հանդիպման առթիվ «Ֆիգարո» թերթն անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված վիճաբանություններին: «Ադրբեջանցիների հետ էթնիկական եւ լեզվական ընդհանրություններ ունեցող Թուրքիան առեւտրական շրջափակման է ենթարկել հարեւան Հայաստանին....

Անկարան շրջափակման վերացումը շաղկապում է Ղարաբաղի խնդրի լուծման հետ. Բաքվին Ստալինի տված այդ հայկական հողը Երեւանը վերանվաճեց 1990-ական թթ. սկզբներին», գրում է թերթը: Թուրքական «Ալարկո» կոնցեռնի նախագահ Իցհակ Ալաթոնը թուրք-հայկական հարաբերությունների կանոնավորման կողմնակից է: Նա հասկացել է, որ 1915 թ. հայկական ջարդերի վիճարկումը ձեռնտու է թուրք գերազգայնականներին եւ խանգարում է Եվրամիությանն անդամակցելուն: Նշելով, որ ցեղասպանության ճանաչումը սփյուռքահայերի համար «ազգային ինքնության հարց է», Ալաթոնը կոչ է անում շրջվել դեպի Հայաստանը, լինել լավ հարեւան եւ բացել սահմանը: «Հայերի առեւտրային ուղիները կանցնեն Կարսով, Էրզրումով կամ սեւծովյան Տրապիզոնով: Հայերը կախման մեջ կլինեն Անկարայի ընձեռնելիք այդ պորտալարից», ասում է Ալաթոնը:

Օսմանյան կայսրության ավերակների վրա Մուստաֆա Քեմալի ջանքերով ստեղծված Թուրքիայի Հանրապետությունը մինչեւ օրս կրում է իր դրամատիկ անցյալի դրոշմը եւ չի զիջում վերանայել պաշտոնական տեսակետները: Թուրքերի մեծամասնությունը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ճանաչումը ընդունեց նույնպիսի զարմանքով ու զայրույթով, ինչպիսիք եղել էին 1974 թ. Կալիֆոռնիայում առաջին թուրք դեսպանի սպանությունից հետո: Դասախոս եւ հրատարակիչ Մուրադ Բելգեն նշում է, որ թուրքերը «չէին հասկանում վրիժառության այդ քայլերի պատճառը», քանի որ թուրք հասարակությունը մշտապես «սնուցվել է» պատմության պաշտոնական տարբերակից: Վերջինս ժխտում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ քրդերի եւ ալեւիների գոյությունը: Թուրք ճարտարապետ Օզդեն պնդում է, թե հայերին Սիրիայի անապատներ են տեղափոխել «իրենց իսկ անվտանգության համար»: Օտարերկրացի մտավորականներից մեկը նշում է, որ թուրքական դպրոցների դասագրքերում 1915 թ. դեպքերը «կամ բացակայում են, կամ էլ ներկայացված են մեղմ արտահայտություններով»:

Ցեղասպանությունն արգելված թեմա է Թուրքիայում: Արգելքը խախտած պատմաբան Հալիլ Բերքթային անվանում են «դավաճան», սպառնում վտարել համալսարանից եւ սպանել: Ըմբոստանալով Անկարայի դիրքորոշման դեմՙ Բերքթայն ասում է. «Իրավիճակի վկայակոչումը մեզ թույլ չի տալիս մոռանալ ահավոր դեպքերը: Դա լոկ տեղահանություն չէր»: Այդուհանդերձ նա «աղետալի» է անվանում Ֆրանսիայի Ազգային ժողովի հունվարի 18-ի որոշումը, որը չմեղմացրեց Թուրքիայում ծավալված վիճաբանությունները: «Ես կուզենայի խորացնել հետազոտություններս: Բայց հիստերիայի մթնոլորտը դժվարացնում է իմ գործը», ասում է հայկական ջարդերի մեկ ուրիշ մասնագետՙ պրոֆեսոր Մերե Թունչայը:

«Ֆիգարոն» Թուրքիայում քննարկումների ծավալումը համարում է նոր երեւույթ: Երկրի մամուլը զգուշորեն մասնակցում է բանավեճին: Վերջին տարիներին քրդական հարցի շուրջ ծավալված քննարկումներն այժմ ընդհատված են: Քաղաքական վերնախավը եւ ամենազոր բանակը լռեցրել են դրանք: «Ճիշտ է, պատմության վերանայումը շատ դժվար գործ է, բայց դա հույժ կարեւոր է Թուրքիայի եվրոպականացման համար», ասում է թուրքագետներից մեկը: «Ինքնավստահություն է պետք անցյալին նայելու համար», ավելացնում է Ալաթոնը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4