«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԸ ԿՄԻԱՆԱ՞ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼԻՆ

<20014201.jpg>

Քավանոյի մտահոգությունը ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր ներքաշումն է

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Արտակ Հարությունյանն ադրբեջանական ANS գործակալությանը տեղեկացրել է, թե Քոչարյան-Ալիեւ-Շիրակ եռակողմ բանակցությունների ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման կոնկրետ առաջարկ չի արվել, ավելացնելով, թե «բանակցային գործընթացում որոշ առաջընթաց է նկատվել, որը պահվում է գաղտնի»: Հարությունյանը նկատել է, որ «առաջընթացի էությունը ԼՂ կողմի հնարավոր մասնակցությունն է բանակցությունների ապագա փուլերում»:

ԼՂՀ ներկայացուցիչը ստույգ չի նշել, թե բանակցություններում ղարաբաղյան կողմը երբ կընդգրկվի:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը ԱՄՆ շահերի համար կենսական է», Փարիզ մեկնելու նախօրեին Հուդսոնում մի քանի հարյուր ամերիկահայերի (որոնք պնդում են, թե Վաշինգտոնը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում աջակցում է Ադրբեջանին) հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն:

«Վաշինգտոնը չի ցանկանում, որ ԼՂ հակամարտությունն իր մեջ ներքաշի տարածաշրջանի այլ երկրներ, ինչպես օրինակ, Թուրքիան», նշել է Քավանոն, ընդսմին ավելացնելով, թե ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց սահմանները բացեն Հայաստանի առաջ, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսության վերականգնմանը: «Ամերիկյան մի շարք նավթային ընկերություններ իրենց գրասենյակներն ունեն նավթով հարուստ Ադրբեջանում», ասել է Քավանոն:

Ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահը հրաժարվել է քննարկել Քոչարյան-Ալիեւ հանդիպումների մանրամասները, քանի որ, ըստ Քավանոյի, «երկու երկրների առաջնորդները երկյուղում են իրենց երկրներում չափից ավելի փոխզիջումների մեջ մեղադրվելուց»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4