«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ

<20014202.jpg>

Ծրագրային մոտեցումն այդ հարցին ռազմավարական նշանակություն է ստանում

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքի անհրաժեշտությունը կարեւորվում էր դեռ այն ժամանակ, երբ հրադադարից հետո խնդիր դրվեց այդ կարգի բնակավայրերին որոշ արտոնություններ շնորհելու միջոցով արգելակել արդեն իսկ սկսված արտագաղթը: Մինչդեռ ամեն ինչ թողնվեց կառավարության հայեցողությանը, ոչ միայն չկասեցվեց արտագաղթը, այլեւ նրա ահագնացող չափերին զուգահեռ ծայրահեղ դարձավ սոցիալական վիճակի վատթարացումը: Այս առումով ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի եւ Վահան Բոստանջյանի համանուն օրենքի նախագիծը նույնիսկ ուշացած կարելի է համարել:

Չնայած դրան օրինագծի շրջանառության մեջ դնելը խիստ կարեւորեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը. «Հարցի կարեւորությունը ռազմավարական է: Սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ համալիր ծրագրված մոտեցում է պետք»: Այս առումով օրինագիծը թերեւս լիովին բավարարի խոսնակի պահանջները, քանի որ նրա ողջ նպատակն ու ուղղվածությունը կառավարությանը պարտավորեցրել է սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ համալիր ծրագիր մշակել եւ ներկայացնել խորհրդարանի հաստատմանը:

Ուշադրություն դարձնելով նախագծի ընդամենը 5 հոդվածներին, պարզ է դառնում, որ ողջ մեխը հենց այս սկզբունքն է: Մեջբերենք օրինագծի առաջին հոդվածը. օրենքի նպատակն է հստակեցնել «սահմանամերձ տարածաշրջանների նկատմամբ պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները եւ կարգավորել դրանց հետ կապված հարաբերությունները»: Հաջորդ հոդվածները փորձում են բացահայտել, թե ինչպես է արտահայտվում պետական քաղաքականություն ասվածը, ինչ մեխանիզմներով եւ իշխանությունների կոնկրետ գործունեության ինչ սկզբունքներով: Այսպիսով պետական քաղաքականությունն իրականացվելու է սահմանամերձ բնակավայրերի զարգացման համալիր ծրագրով, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Մինչեւ 2001 թ. մայիսի 1-ը կառավարությունը խորհրդարան է ներկայացնում այդ ծրագիրը, իսկ ժամանակի ընթացքում գործադիրը պարտավոր է ներկայացնել նաեւ դրա իրականացմանն ուղղված օրինագծերի փաթեթները: Տրամաբանական է, որ ե՚ւ ծրագիրը, ե՚ւ այդ օրինագծերը հաստատվելու են ԱԺ-ի կողմից, որն այս կերպ ոչ միայն ծրագրին է օրենքի ուժ տալիս, որը շահարկեց կառավարությունը, այլեւ ծրագրի իրականացման եւ կառավարությանՙ դրան ուղղված միջոցառումների վրա ԱԺ-ի կողմից վերահսկողության ֆիքսումն է: Ի դեպ, այս դրույթը հաստատվում է նաեւ օրինագծում ամրագրվող եւս երկու դրույթներով, համաձայն որոնց կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջետային քննարկումներին խորհրդարանին մանրամասն հաշվետվություն է տալիս ծրագրով (որը, փաստորեն, նույնը կլինիՙ օրենքով), հաստատված միջոցառումների, դրանց վրա ծախսված գումարների մասին: Մյուս կետով յուրաքանչյուր տարի ամենաքիչը երկու անգամ ԱԺ-ն այդ հարցի կապակցությամբ լսումներ է կազմակերպում ե՚ւ կառավարության ներկայացուցիչների, ե՚ւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ:

Ըստ էության, մյուս բոլոր կարեւորագույն, ելակետային հարցերը խորհրդարանը թողնում է գործադրին: Ֆինանսական հատկացումներին զուգահեռ, որը ամեն տարվա կտրվածքով կատարված հաշվարկների համաձայն հաշվարկվում եւ ներկայացվում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի հետ միաժամանակՙ ունենալով այնտեղ հստակ գրված պաշտպանված հոդված, գործադիրը պարտավորվում է ներկայացնել սահմանամերձ շրջանների ցանկը, տրվող արտոնությունները, ներկայացնել տեղեկանք այդ բնակավայրերի պաշտպանական, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական իրավիճակի մասին, հստակեցնել տարվելիք աշխատանքներն ըստ առանձին մարզերի եւ բնակավայրերի, ըստ աշխատանքները համակարգող լիազորված պետական մարմինների:

Հասկանալի է, որ եթե խոսքը վերաբերում է ծրագրային մոտեցմանը, ապա նման հարաբերությունները կարգավորում է կառավարությունը: Սակայն հետագա կամայականություններից խուսափելու համար, որն առավել վտանգավոր կդառնա կառավարություն-խորհրդարան սերտաճումների պարագայում, անհրաժեշտ է գոնե օրենքով ի սկզբանե ամրագրել սահմանամերձ կոչվող բնակավայրերի ցանկը, հնարավորության դեպքում նաեւ տրվելիք արտոնությունները, կամ գոնե որոշակիացնել, թե որ բնագավառներին են առնչվելու այդ արտոնությունները:

Ամեն դեպքում օրինագիծը լուրջ պաշտպանություն գտավ պատգամավորների շրջանակներում, որոնք, առանց բացառության, բոլոր ելույթ ունեցողները, պարզապես աներկբա էին համարում դրա ընդունումը եւ ոչ մի կերպ չէին ընկալում կառավարության հակափաստարկը:

Ըստ էության սկզբունքային առումով գործադիրը դեմ չէր հարցի ծրագրային մոտեցմանը, սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքերով ծրագրին օրենքի տեսք տալն անտեսում է կառավարության կողմից ֆինանսական հատկացումներ կատարելիս առաջնահերթության սկզբունքի կիրառումը: Փաստորեն բյուջեով, այն էլ պաշտպանված տողով գործադիրը պետք է հստակ ներկայացնի, թե հաջորդ տարի որքան գումար է նախատեսվում այդ ծրագրի շրջանակներում: Եթե, ասենք, որոշակիորեն մուտքերն ավելանան, ապա կառավարությունը չի կարող դրանք ազգաբնակչության թոշակների բարձրացմանն ուղղելՙ ունենալով աչքի առաջ օրենքի ուժ ստացած ծրագիրն իր համապատասխան հատկացումներով հանդերձ:

Ակնհայտ է, որ անկախ այն բանից, թե փոխհամաձայնության ինչ եզրեր կգտնվեն, միայն այս օրենքը ի վիճակի չէ էական ազդեցություն թողնել սահմանամերձ տարածաշրջանի իրավիճակի վրա: Դրա համար նախ ժամանակ է պետք. հետո անհրաժեշտ գումարներ, նպաստող օրենքներ եւ, որ ամենագլխավորն էՙ օրենքների հստակ իրագործումՙ հակառակ պարագայում պատասխանատվության ենթարկվելու անհրաժեշտությամբ, որի մասին, ի դեպ, օրինագիծը կոնկրետ ոչինչ չի ասում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4