«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


«ԺՈԿՈՅԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՄՈՒԿԸ»

Ժոկոյից մինչեւ Մուկը, ահա այն փաստացի ուղին, որ անցել է Հայաստանի երրորդ հանրապետության կառավարությունը: Ինչպիսին էր խորհրդային նախարարը. կուսակցական կամ կոմերիտական անցյալով, «մաքուր» անկետայով, միշտ սպիտակ վերնաշապիկով եւ փողկապով, ձմեռը մոխրագույն վերարկուով (Դայանի «սպեց» բազայից») եւ անդատրայից գլխարկով: Նրանց հարգում էին. եւ դրա համար բերում էին, լավ էլ բերում էին: Նա էլ տալիս էր, լավ էլ տալիս էր. Սակայն բացառություններ կային, ինչքան Հոկտեմբերյան հեղափոխության տարելիցներն աճում էին, այնքան բացառությունների թիվը պակասում էր:

Ուրիշ բան է անկախ Հայաստանի նախարարաց դասը. Ժոկոյից մինչեւ Մուկը: Հիմնականում ճարպիկ տղաներ են: Անկետաներ ընդհանրապես չունեն: Գաղափարներ, որպես կանոնՙ նույնպես: Ի տարբերություն առաջիններիՙ փոփոխվում են հաճախ, դրա համար անում են ամեն ինչ, որ հասցնեն. հնարավորին չափ շատ, հնարավորին չափ լավ: Ճիշտ մարդիկ ենՙ խաղացող աչքերով, տարաբնույթ կրթական պատրաստվածությամբ, ազգին մինչեւ վերջին կոպեկը ծառայեցնելու վճռականությամբ: Նրանց չեն հարգում. եւ դրա համար նրանք վերցնում են, լավ էլ վերցնում են: Նրանց մոտ գործում է ոսկե օրենքՙ գողական աշխարհում ամենահարգվածը ջեպկիրն է: Սակայն նրանց մեջ էլ կան բացառություններ: Տարբեր հարիֆներ, հայրենասերներ, նույնիսկ ակնոցավոր ինտելիգենտներ, մի խոսքովՙ «պյատնո» հայրենյաց գործադիր իշխանության ժողովում:

Երբ հուշանվերների գործարանի ցեխի պետ Ժոկոն դարձավ առաջին կառավարության կարեւորագույն դեմքը, ՀՀՇ-ական հեղափոխականներից շատերը տարակուսեցինՙ մի՞թե դրա համար էին նրանք ժամանակին ջարդում Ոսկանյանի գլուխը: Չգիտեին պարզամիտները, որ դեռ շատ բան է փոխվելու հայրենական կառավարության մեջ, վարչապետ Մանուկյանն էլ ընդդիմություն է դառնալու, Լեւոնն էլ նեղանալու գնալու է, Ժոկոն բոլորից շատ է գոյատեւելու, որովհետեւ նա ոչ ՀՀՇ է, ոչ էլՙ ԱԺՄ: Նա «Ժոկո» կուսակցության անդամ է, որը երբեւէ չի պարտվելու, միշտ շահելու է, որովհետեւ նրա հիմքը հուշանվերների գործարանի չիգանկի ցեխն է: Դե, հիմա նոր ժամանակաշրջան է: Վերջին նորությունը կառավարության մեջ «Մուկն» է: Սիրուն, ոչ բարձրահասակ, մազերի լենինյան կտրվածքով հաճելի մի երիտասարդ: Աշխատանքային հարուստ, կարելի է ասելՙ շատ հարուստ փորձ ունի. գինու կոմբինատ, քաղաքապետ, հետոՙ մարզպետ: Հանրապետության տեղական կառավարման մարմիններն ամուր ձեռքերում եւ գրպաններում են: Այնպես որ, ականատես ենք անցման շրջանի Ժոկոյի կուսակցությունից դեպի Մուկը: Բայց ոչինչ, սիրելի հայրենակիցներ, նրանց խնդիրները, գաղափարախոսությունը, պայքարի ճանապարհը նույնն էՙ ծառայել ազգին եւ հայրենիքին մկնային կամ ավելի ճիշտՙ մուկային ձեւով:

Կ. Լ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4