«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ԴՊՐՈՑՈՒՄ

Մարտի 5-ի երեկոյան Ստեփանակերտում եւս մի արտակարգ դեպք գրանցվեց: Ժամը 22:30-ին ՆԳՆ-ում ահազանգ ստացվեց, որ թիվ 8 միջնակարգ դպրոցի ներքնահարկում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Իրավապահներն այնտեղ իրոք հայտնաբերեցին 810 գրամ տրոտիլ, որին բիքֆորդյան քուղ էր ամրացված: Սարքն առաջինը նկատել էին աշակերտները, որոնք պատահաբար մտել էին նկուղը: Բարեբախտաբար, նրանք ձեռք չէին տվել դրան, այլ անմիջապես հայտնել էին իրավասու անձանց:

Գիշերվա ժամը երկուսին, սակրավորների օգնությամբ ամբողջ դպրոցը ստուգելուց հետո, պայթուցիկ սարքը վնասազերծվեց: Հաջորդ օրը մանրազնին ստուգվեցին Ստեփանակերտի բոլոր հանրակրթական դպրոցները:

ԼՂՀ ՆԳՆ քրեական հետախուզության բաժնի պետ Վլ. Ավաջիմյանի տեղեկատվության համաձայնՙ այլ դպրոցներում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: «Ազգի» թղթակցի հետ զրույցում պրն Ավաջիմյանը չբացառեց, որ այս վերջին միջադեպը եւ մարտի 1-ի երկու հրկիզումները նույն շղթայի օղակներն են:

Զանգվածային-հոգեբանական տեռո՞ր է սկսվել Ստեփանակերտում, թե՞ ոչ: Պատասխանը, թերեւս, կտա վերոհիշյալ փաստերով սկսված հետաքննությունը: Այսուհանդերձ բնակչության մեջ խուճապային տրամադրություն չկա:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4