«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 7-ին լրանում է Երեւանի մետրոպոլիտենի գործարկման 20-րդ տարին: Մետրոպոլիտենի 10 կայարաններից վեցը ստորգետնյա, խորը տեղադրությամբ են, մեկըՙ ստորգետնյա ոչ խորը տեղադրությամբ եւ երեքըՙ բաց: Գծի ընդհանուր երկարությունը կազմում է 12,1 կմ., որից 5,1-ըՙ վերգետնյա: Մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանները գտնվում են ստորգետնյա ջրերի գոտում, ջրահեռացումն ապահովելու նպատակով 1998 թվականին գործարկվել է ջրերի ինքնահոս համակարգի դրենաժային թունել:

Ըստ «Մետլուր» լրատվական ծառայության, չնայած էկոլոգիական մաքրության, արագության եւ անվտանգության տեսակետից մետրոպոլիտենը գերազանցում է վերգետնյա տրանսպորտին, սակայն տարեցտարի արձանագրվում է ուղեւորահոսքի նվազում: Այսպես, եթե 1981 թ. 5 կայարանների առկայությամբ օրական փոխադրվել է 45-50 հազար մարդ, ապա ներկայումս գործող 10 կայարանները վերջին ամիսներին օրական սպասարկել են միջին հաշվով 38 հազար ուղեւորի: Խնդրի լուծման նպատակով որոշակի աշխատանքներ են տարվում մետրոպոլիտենի գծի սպասարկման գոտուն զուգահեռ գործող երթուղիների կրճատման ուղղությամբ:

Ներկայումս Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում աշխատում են 1200 մարդ, որոնց միջին աշխատվարձը կազմում է 29.500 դրամ: Աշխատակիցներից 120-ը ունեն 20 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4