«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴԵՐՔՈՒՄ ԳԱ՞Զ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանն արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ Հայաստանին Իրանի առաջարկած գազի սակագինը 30- 40 տոկոսով ավելի թանկ է, քան առաջարկում է Ռուսաստանը: «Անընդունելի է նման գներով գազ ստանալը», ասել է նախարարը, տեղեկացնելով, որ Իրանի հետ ներկայումս շարունակվում են գազի սակագինն իջեցնելու բանակցությունները:

Ամենաֆանտաստիկը նախարարի հետեւյալ դիտարկումն է. 2000 թ. Հայաստանին հաջողվել է փակել առանց լրացուցիչ պարտքերի, որոշ գումար էլ մարվել է նաեւ նախորդ տարիներին գոյացած պարտքից, իսկ նման պայմաններում բնական է, որ առայժմ Իրանը չի կարող դիտարկվել որպես գազի այլընտրանքային մատակարար:

Պարզապես ապշեցնող է էներգետիկայի նախարարի դիտարկումը, թե Իրանը չի կարող դիտարկվել որպես գազի այլընտրանքային մատակարար: Որտեղի՞ց ենք մենք գազ ստանում, ի՞նչ ճանապարհով է անցնում Ռուսաստան-Հայաստան գազախողովակաշարը, քանի՞ անգամ է պայթեցվելՙ գիտենք բոլորս: Բացի այդ, ի տարբերություն OPEC-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն), որը կանոնակարգում է համաշխարհային շուկայում նավթի գները, գոյություն չունի «գազի OPEC», ասել է թեՙ գազի հաստատուն գին: Նման պայմաններում, երբ դեռեւս կառուցված չէ Իրան-Հայաստան գազամուղը, գնի մասին խոսելն անհեթեթություն է: Պրն Գալուստյանը, ժողովրդական ասացվածքի համաձայն, «ձուկը ջրում բազար է անում»:

Ողջախոհ մարդկանց, այդ թվում պետական այրերին կրկին հիշեցնում ենք, որ Իրան-Հայաստան գազամուղն ունի ռազմավարական նշանակություն Իրանի, Եվրամիության եւ առաջին հերթին Հայաստանի համար: Սկզբնական շրջանում այնքան էլ կարեւոր չէ, թե խողովակաշարով ի՞նչ գույնի գազ է հոսելու, ի՞նչ գներով, ի՞նչ ծավալներով: Ընդհակառակը, այլընտրանքը հայկական կողմին հնարավորություն կտա գազի գների շուրջ սակարկել նույն Ռուսաստանի հետ, որը, օրինակ, Բելառուսին գազ է առաքում 15 դոլարով (1000 քմ), երեք եւ կես անգամ էժան, քան Հայաստանին:

Ամեն անգամ, երբ պրն Գալուստյանը խոսում է իրանական գազի թանկության մասին, մտածում եսՙ միգուցե ՀՀ էներգետիկայի նախարարության շենքի ընդերքում գա՞զ է հայտնաբերվել:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4