«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ՄԻ ԲՈՒՌ ԾԻՐԱՆԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ԾԻԱԾԱՆԻ ՄԵՋ

Մարտի 3- 7-ը Բեռլինում անցկացվող ճանապարհորդության եւ զբոսաշրջության միջազգային տոնավաճառ-2001-ին մասնակցեց նաեւ Հայաստանը: Հանրահայտ այս միջոցառմանն այս անգամ մասնակիցների ռեկորդային թիվ է գրանցվելՙ 10 հազարից ավելի գործակալություններ աշխարհի տարբեր երկրներից: Ռուսաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Ալբանիայի հարեւանությամբ գտնվող հայկական տաղավարի գլխավոր կազմակերպիչն է Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունըՙ (ATDA) Լիզա Սկորսոլինիի ղեկավարությամբ: Երեւանում գործող հիշյալ գործակալության հովանավորությունը ստանձնել է ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանը, որը նույնպես Բեռլինում է:

Ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանից պաշտոնապես մասնակցում են տասնյակից ավելի զբոսաշրջային գործակալություններ եւ ճամփորդական կազմակերպություններ: Ստորեւ մասնակիցների ցանկըՙ «Արմենիա թրափ», «Լեւոն թրավլ», «Պրանա», «Հոթել Արմենիա», «Հայկական ավիաուղիներ», «Երեւան հոթել», «Եվրոստան ույուտ», «Էլիտար», «Ավարայր», «Արմինտուրս», «Մենուա Տուրս», Գյումրիի «Գեսթհաուս-Բեռլինը»: Հայաստանը ներկայացնող դիդակտիկ նյութերում բնականաբար չի շրջանցվում քրիստոնեության պետական ընդունման 1700-ամյակը: Տեղեկագրերի արագ սպառումը վկայում է, որ այցելուների կողմից մեր երկրի հանդեպ որոշ հետաքրքրություն այդուհանդերձ նկատվում է: Դեռեւս վաղ է խոսել գործնական արդյունքների մասին, սակայն անվիճելի է, որ Եվրոպայի մաս կազմող մեր փոքրիկ, եվրոպացուն անծանոթ անկյունը գովազդման, ծանոթացման կարիք շատ ունի, եւ կարեւոր է, որ ՀՀ հետայսու հետամուտ լինի մեծ տոնավաճառներում իր հնարավորինս կազմակերպված ներկայության:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4