«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ՔԱՆԻ ԴԵՌ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՉԻ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

Հայ-ամերիկյան բանակցությունների հիմքում Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման խնդիրն էր

«Հայ-ամերիկյան միջկառավարական բանակցությունների հիմքում ընկած էր Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման խնդիրը», երեկ հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի նորանկախ երկրների գծով օգնության համակարգող Ռ. Թեյլորը: Ինչպես հայտնի է, նրա գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Հայաստանում էրՙ հայ-ամերիկյան միջկառավարական բանակցություններ անցկացնելու: Մարտի 5- 6-ը Երեւանում կայացած բանակցությունները երրորդն են, իսկ ԱՄՆ-ում Ջորջ Բուշի իշխանության գալուց հետոՙ կառավարությունների մակարդակով առաջինը: Ընդհանրապես նման բանակցություններին, քննարկումներին հաջորդում են արդեն կոնկրետ համագործակցության համաձայնագրեր կոնկրետ ոլորտների վերաբերյալ: Այս հերթական հանդիպման քննարկումների թեմատիկ շրջանակը եւս մեծ էրՙ մակրոտնտեսական վիճակ, բյուջետային քաղաքականություն, կառավարության հակակոռուպցիոն ծրագիր եւ օգնության տրամադրում եւ այլն:

«Նախապես ասեմ, որ որեւէ հարցի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել», երեկվա ճեպազրույցում հայտնեց Հայաստանի աշխատանքային խմբի ղեկավար, ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանըՙ փորձելով կանխել լրագրողների առավել կոնկրետ հարցերը: Այնուամենայնիվ կոնկրետ հարցեր եղան. առաջինը վերաբերում էր կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի քննարկմանը: Նշենք, որ այս հարցը մինչ այժմ եղած քննարկումների մեջ ամենահրատապերից ու դժվար լուծելիներից մեկն է եղել: Պրն Թեյլորը մի փոքր խուսանավեց. «Այս անգամ այդ հարցը չքննարկվեց»: Ինչ վերաբերում է Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդրին ու ԱՄՆ դիրքորոշմանը Իրան-Հայաստան գազամուղին, Վարդան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդրի հետ կապված այլընտրանքային ծրագրերի (իսկ ՀԱԷԿ-ը 2004 թ.-ին փակվելու պարագայում դա անհրաժեշտություն է) ֆինանսավորման հարցը անպայման կդրվի հունիսին Փարիզում կայանալիք դոնոր երկրների հանդիպմանը, որը կազմակերպում են ՄԱՀ-ն ու ՀԲ-ն: Իսկ «Սեզամ» ծրագրի հետ կապված (այս ծրագրով նախատեսվում է Ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծել արագացուցիչ) պրն Թեյլորը հայտնեց, որ չի բացառվում մեկ այլՙ «Սեզամ-1» ծրագիրը, որը կքննարկվի UNESCO-ի առաջիկա կոնֆերանսի ժամանակ: Ծրագրի հետ կապված ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:

«Ինչպիսի՞ն է ամերիկյան փորձագետների գնահատականը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ եւ ամերիկյան կողմից ինչպիսի՞ խոչընդոտներ են մատնանշվել քննարկումների ժամանակ», «Ազգի» հարցին ի պատասխան պրն Թեյլորը նշեց. «Ակնառու է, որ վերջերս ձեր երկրում տեղի են ունեցել որոշակի բարեփոխումներ, հատկապես հարկային օրենքներում: Նկատվում են որոշակի դրական միտումներ»: Ինչպես ամերիկյան կողմը, այնպես էլ հայկականը այդ իմաստով կարեւորում են մայիսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի ներդրումների վերաբերյալ համաժողովը, որին մասնակցելու են խոշոր ներդրումային ընկերություններ, ներկայացվելու են հաջող փորձերը, Հայաստանի ներկայիս բիզնես միջավայրը: «Այդ համաժողովում ՀՀ կառավարությունը պետք է լինի երկրորդ պլանում», հարկ համարեց շեշտել Վ. Խաչատրյանը:

ԱՄՆ-ը ՀՀ տնտեսության մեջ շարունակում է իր օգնության ծրագրերը. այս տարի ԱՄՆ Կոնգրեսը երկկողմանի օգնության ծրագրերի համար Հայաստանին է տրամադրել 90 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ Հայաստանի տնտեսության մեջ մինչ այժմ ամերիկյան լուրջ ներդրումներ չկան:

«Ներդրումների ակտիվացման կարեւոր գործոններից մեկը, որից օգուտ կքաղեն բոլոր երկրների ներդնողները, կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատումն է», նորից ու նորից հիշեցրեց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, չմոռանալով ակնարկել, որ նման հանդիպումներ լինում են այն ժամանակ, երբ կան լավատեսական սպասումներ, հնարավոր են քաղաքական խնդիրների լուծումներ: Քանի դեռ քաղաքական խնդիրներին լուծումներ չեն տրվել, շահեկան իրավիճակ ներդնողների համար չի լինի:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4