Մարտի 5-ին Գորիսի մշակույթի պալատի դահլիճը աննախադեպ մարդաշատ էր. Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նրա հիշատակին երախտիքի տուրք տալու էին եկել նրա զինակից ընկերները, հարյուրավոր գորիսցիներ:
Մոմերով լուսավորված բեմահարթակում միայն. Վազգեն Սարգսյանն էրՙ նրա մեծադիր, ինքնատիպ ժպիտով լուսանկարը, ճերմակ մեխակներով թագադրված մի թիկնաթոռ եւ երաժշտություն: Հայոց սպարապետի, ազգային հերոսի, մարտական ընկերոջ մասին հիշատակի խոսք ասացին Սյունիքի Երկրապահ կամավորների միության նախագահ, ԱԺ պատգամավոր, երեկոյի կազմակերպման նախանձախնդիր Սուրեն Խաչատրյանը, Գորիսի ավագ զինկոմ, փոխգնդապետ Գենադի Դավթյանը: Հիշողություններից կրկին հառնեց հայոց ազգային բանակը հիմնադրած անձնուրաց հայորդին, զորավարը, որ սթափ հեռատեսությամբ գիտակցում էր ինչպես ողջ Սյունիքի, մասնավորապես Գորիսի անառիկության դերը, որ «սիրում էր առիթի դեպքում կրկնել, որ Գորիսն իր երկրորդ ծննդավայրն է», որ հիանալի գիտեր Գորիսի պատմությունը ու, նաեւ աշխատանքի բերումով, քաջատեղյակ էր տարածաշրջանի հիմնախնդիրներին, որ մտահղանում ու իրականացնում էր «Սյունիք, Զանգեզուր» բազում ծրագրեր:
Գորիսի Ակ. Բակունցի անվան դպրոցի գրական ակումբի սաները (ղեկ.ՙ Ռ. Մարտիրոսյան) իրենց ելույթով հավաստեցին մեծ զորավարի «21-րդ դարը մերն է լինելու» պայծառ հավատամքը: Ելույթ ունեցան նաեւ անհատ կատարողներ:
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս