«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ԱՊՀ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մասնակիցների թվում է Ադրբեջանի երկաթուղու ներկայացուցիչը

Երեկ Երեւանում իր աշխատանքը սկսեց ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 28-րդ նիստը: Խորհուրդը ստեղծվել է 1992 թ.-ի փետրվարինՙ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների որոշմամբ: Նրա անդամներ են ոչ միայն ԱՊՀ, այլեւ Մերձբալթյան երկրների եւ Բուլղարիայի երկաթուղային վարչակազմերի ղեկավարները: Չի կարելի չկարեւորել այս կառույցի գոյությունը: Սա համագործակցության երկրներում իսկապես գործող հազվադեպ կառույցներից է: Ի տարբերություն տնտեսական ոլորտում գործող այլ սուբյեկտների, որոնք կորցրին իրենց գործընկերներին, երկաթուղայինները կարողացան պահպանել իրենց համակարգը: Ներկայումս 140 հզ. կմ երկաթուղային ճանապարհները պահպանել են իրենց միասնական տեխնոլոգիական տարածքը:

Երեւանում սկսված նիստին ողջույնի խոսք էր հղել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա, կարեւորելով երկաթուղային տրանսպորտի համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու խնդիրը, հույս է հայտնել, որ հարավկովկասյան երկրները հնարավորություն կստանան իրականացնելու այդ ձգտումը:

Կապերի վերականգնումն այս երկրների եւ Թուրքիայի ու Իրանի միջեւ հնարավոր կլինի Ախուրյան, Իջեւան եւ Ջուլֆա կայարանների միջոցով: Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքում, որն ընթերցեց տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը, նշվում էր, որ Հայաստանն առավելապես տուժել է երկաթուղային կապերի խզումից եւ շահագրգռված է երկաթուղու վրաց-աբխազական հատվածի վերականգնմամբ: 28-րդ նիստին քննարկվելիք հարցերին նախարարն ավելի հանգամանորեն անդրադարձավ արդեն լրագրողների հետ զրույցի ժամանակ: Դրանք ենՙ բեռնա եւ ուղեւորափոխադրումների, բեռնատար վագոնների եւ բեռնախցիկների (կոնտեյներ) տեխնիկական վիճակի եւ օգտագործման, երկաթուղիների վարչակազմերի փոխվճարումների համակարգի կատարելագործման, երկաթգծերի միջպետական ինֆորմացիոն-հաշվողական ցանցի զարգացման, սակագնային քաղաքականության եւ այլ հարցեր: Առանձնահատուկ ուշադրության է արժանի Երվանդ Զախարյանի հայտնած տեղեկատվությունը, որ միտումներ կան ընդհանուր սակագնային քաղաքականության անցնելու:

Նման պարագայում Հայաստանը հնարավորություն կունենա իր արտադրանքի արտահանման դեպքում երկաթուղային տեղափոխման համար ավելի էժան վճարել, ինչը նշանակում է ցածրացնել դրա ինքնարժեքը: Գաղտնիք չէ, որ ներկայումս Վրաստանը բավականին բարձր սակագին է սահմանել իր տարանցիկ ծառայությունների համար: Մինչդեռ միասնական սակագների դեպքում նման խնդիր կդադարի գոյություն ունենալուց:

Եվս մեկ հետաքրքիր պահ երեկվա նիստից: Դրա աշխատանքներին մասնակցում էր նաեւ Ադրբեջանի երկաթուղու դեպարտամենտի ներկայացուցիչըՙ Ամրա Խուսանովը: Բնական է, որ նիստի ընդմիջմանը նա անմիջապես հայտնվեց հայ լրագրողների ուշադրության կենտրոնում: Սակայն ադրբեջանցի պաշտոնյայի պատասխանները ընդհանուր էին եւ ոչինչ չասող: Նա հենց սկզբից հայտարարեց, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանելու, ապա երկու անգամ կրկնեց նույն միտքըՙ երկու երկրների ղեկավարները հանդիպում են, բանակցություններ վարում եւ դրանց արդյունավետության դեպքում երկաթուղային կապի հաստատումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինքնաբերաբար կլուծվի: Ադրբեջանական երկաթուղու ներկայացուցիչը նշեց, որ այդ կապի բացակայությունից տուժել են ե՚ւ Հայաստանը, ե՚ւ Նախիջեւանը, եւ ցանկացավ, որ որքան հնարավոր է շուտով այդ կապը հաստատվի:

Այսօր ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 28-րդ նիստը կավարտի աշխատանքը, եւ արդեն հայտնի կդառնա, թե նախանշած հարցերից որոնք եւ ինչ չափով են լուծում գտել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4