«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ԴԱՐՁՅԱԼ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ

Հարգելի խմբագրակազմ

Ձեզ գրում է այն նույն Արամազդը, որը զայրացել էր: Միանգամից ասեմ, որ դա իմ իրական անունն է, եւ, ի տարբերություն ոմանց, վերցնովի չէ:

Շնորհակալ եմ նամակիս հանդեպ դրսեւորած ուշադրության համար, եւ ցանկանում եմ մեկ անգամ էլ ձեր ուշադրությանը ներկայացնել մարտի 8-ի պատմության մի քանի էական փաստեր:

Բայց մինչ այդ, թույլ տվեք նկատառումներս արտահայտել այս տոնի սկզբունքային կողմի վերաբերյալ: Ես գտնում եմ, որ այն փաստը, որ մարտի 8-ն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից եւ մի քանի կոմունիստական (Չինաստան, Կուբա) եւ հետկոմունիստական (Ռուսաստան, այլք) երկրներում նշվում է որպես պետական տոն, ամենեւին չի նշանակում, որ դա նաեւ մե՚ր տոնն է լինելու: Ինչո՞ւ լիտվացի կամ ամերիկացի կանայք Մայրերի տոնը նշում են ոչ թե մարտի 8-ին, այլ մեկ այլ օր, որովհետեւ այն ուղղակի ՕՏԱՐ տոն է:

Հիմա անցնեմ տոնի բուն պատմությանը:

Չնայած կանանց պայքարը հանուն իրենց իրավունքների (ընտրելու, աշխատանքային եւ այլն) սկիզբ է առել XIX դարում, այնուամենայնիվ, մարտի 8-ը որպես Կանանց միջազգային օր հռչակելու հետ այդ պայքարն անմիջականորեն կապված չէ: 1910 թ. Կոպենհագենում ընդամենը 17 երկրների ներկայացուցիչներ էին մասնակցում Սոցիալիստ կանանց երկրորդ միջազգային համաժողովին, եւ նրանք ողջունեցին Կլարա Ցետկինի առաջարկըՙ հիմնել մի օր, երբ կանայք ամբողջ աշխարհում կպայքարեն իրենց իրավունքների համար: Սոցիալիստներ Ցետկինը, Ռոզա Լյուքսեմբուրգը եւ ռուս հեղափոխական ու ֆեմինիստ Ալեքսանդրա Կոլոնտայը կանանց պայքարի առաջամարտիկներից էին: Ամենամեծ ցույցնՙ այսպես կոչված Կանանց միջազգային օրը, տեղի է ունեցել դե, իհարկե, Պետրոգրադումՙ Սոցիալիստական մեծ հեղափոխության օրրանում, եւ իհարկե, 1917-ին: Իսկ որ 1960- 1975 թթ. այս տոնն անցկացվեց նաեւ ՄԱԿ-ում եւ մի քանի կապիտալիստական երկրներում, անկասկած կոմունիստական երկրների եւ, առաջին հերթին, ԽՍՀՄ-ի ջանքերով իրականացավ:

Հիմա հարցնում եմ ձեզ եւ բոլոր հայ կանանց. արդյո՞ք այս պատմությունը ՁԵՐՆ է, արդյո՞ք հենց ա՚յս կիսաֆեմինիստ-կիսաբոլշեւիկ կանայք պետք է սկիզբ դնեին մի տոնի, որի գալով ես պետք է շնորհավորեմ կնոջս: Հարցնում եմ ձեզ, հարազա՞տ է ձեզ այս ամբոխավարական, ՍԱՐՔՈՎԻ տոնը: Ես ընդունում եմ, որ մեր մեջ արմատացած է (դեռեւս) մարտի 8-ը, եւ այն արմատախիլ անելը նույնքան դժվար է լինելու, որքան դժվար է Կասյան փողոցն անվանափոխելը, Կիրովական կամ Լենինական բառերը մոռանալը, փետրվարի 23-ին հայ տղամարդկանց շնորհավորելուց հրաժարվելը: Ցանկը կարող եմ շարունակել:

Ժամանակ եւ կամք է միայն անհրաժեշտ. ուրիշ ոչինչ:

Հարգանքներով

Արամազդ Ղալամքարյան

Խմբագրության կարծիքով, այնքան էլ կարեւոր չէ, թե ովքե՞ր եւ ի՞նչ հանգամանքներում են տոնը ստեղծել: Կարեւորը բովանդակությունն է: Եվ այս իմաստով նույնիսկ խորհրդային տարիներին Մարտի 8-ը իսկապես սիրված, համաժողովրդային տոներից մեկն է եղել: Տեսեք, 1700 տարի առաջ մեր եկեղեցին շատ ավելի իմաստուն է վարվել: Փոխանակ վերացնելու ժողովրդի մեջ արմատավորված հեթանոսական տոները, դրանց տվել է նոր իմաստ: Չե՞նք կարող 17 դար հետո հետեւել մեր պապերի օրինակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4