«Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական վերաձեւումների կնքահայր կարող է դառնալ
Չկայացած քաղաքական համակարգում հասկանալի են նույնիսկ այնպիսի գործընթացներ, որոնք հակասում են արվող քաղաքական հայտարարություններին: Ասպարեզ է իջնում եւս մի կուսակցություն, որը նման իրավունք թերեւս վաստակել էր դեռեւս պատերազմից հետո, սակայն որի գոյությունը մշտապես կանխվում էր դեպքերի զարգացումներով:
«Եթե մարդիկ համախմբվում եւ նոր կուսակցություն են ստեղծում, համարում եմ, որ իսկապես քաղաքական հարցերը քաղաքական ճանապարհներով լուծելու խնդիր են հետապնդում, ինչը շատ նորմալ է ժողովրդավարական երկրներում: Որքանով այս գործընթացը կբերի իսկապես քաղաքական համակարգի կայացմանը, այսօր դժվար է ասել, բայց այս պրոցեսները փորձում եմ դիտարկել դրական զարգացման միտումով», այսպես բնութագրեց նոր ստեղծվող «Հանրապետություն» կուսակցությանը ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանըՙ իհարկե, «Միասնություն» դաշինքի հետ «Հանրապետության» ցանկացած հարաբերությունների խնդիրը թողնելով նրանց տրամադրություններին: Կուսակցության ստեղծման սեպը հենց այս ոլորտներում պետք է որոնել:
Վազգեն Սարգսյանը, որոշակի վերապահումներ ունենալով քաղաքական ասպարեզ երկրապահների զանգվածային մուտքի հանդեպ, անհրաժեշտ գտավ բավարարվել միայն հասարակական կազմակերպության լիազորություններով ԵԿՄ-ի ստեղծմամբ: Առաջին անգամ երկրապահների ընթացքը մեծ քաղաքականություն արգելվեց այդ ժամանակ: Երկրորդը լինելու էր նրանց միաձուլումը Հանրապետական կուսակցությանը, որի միջոցով թեեւ միջանցքն ստեղծվեց, սակայն երկրապահները իշխանություններին մոտեցան միջնորդավորվածՙ հնարավորություն չունենալով առավելագույնս պարզ ներկայացնել սեփական գաղափարախոսությունը: Նման վիճակը, ինչպես հոկտեմբերի 27-ին հաջորդած շրջանը հաստատեց, զուտ արհեստական էր եւ քննություն չէր բռնելու:
Երբ Ալբերտ Բազեյանը եւ Արամ Սարգսյանը ՀՀԿ շարքերից լքելու հայտարարություն արեցին, հատուկ ձեւակերպեցին մի դիրքորոշում, ըստ որի «Միասնություն» դաշինքը չի կարողացել շարունակել Վազգեն Սարգսյանի գաղափարախոսությունը, որի առաքելությունը իրենք վերցնում են իրենց ուսերին: Դրան հաջորդած շատ կարճ ժամանակահատվածում այս անհատները, ինչպես նաեւ նրանց շրջապատը որեւէ կերպ «անառակ որդու» կերպար չընդունեցին, ցույց տալով, որ իսկապես հետեւողական են հայտարարությամբ ներկայացված իրենց նպատակներին: Կարճ ասած, ստեղծվեց մի աբսուրդային իրավիճակ, երբ միաժամանակ երկու քաղաքական ուժեր պնդում են, որ հավատարիմ են առաջնորդների ծրագրերինՙ գտնվելով միաժամանակ հակադիր բեւեռներում: Հիշեցնենք, որ այս մասին «Ազգին» դեռ նախորդ ամիս մտավախություն էր հայտնել ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը: Սակայն նույն այդ կուսակցության անդամ եւ ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազգին» մեկ այլ տեսակետ ներկայացրեց. «Որեւէ գաղափարախոսություն անհնար է սեփականացնել փոքր խմբերով կամ կուսակցություններով: Կսպասենք, մինչեւ կուսակցությունն իր համագումարը կանի, կունենա կոնկրետ ծրագիր, նոր կարող ենք խոսել: Սակայն նկատի առնենք, որ մեր սերուցքը նույն հունով է գալիս, եւ մենք ուրախ կլինենք, որ Վազգեն Սարգսյանի ծրագրերի կատարողը լինի այդ կուսակցությունը: Ես գտնում եմ, որ ե՚ւ անձերի տեսակետից, ե՚ւ ընդհանրապես որպես կուսակցություն, համագործակցության կարիք կզգացվի եւ անպայման կհամագործակցենք»:
Սակայն հիրավի տրամաբանական հարց է առաջանում. եթե նման լուրջ համագործակցություն կարող էր լինել, ապա ինչու պետք է հատկապես հենց երկրապահները դուրս գային ՀՀԿ-ից, այն էլ նման հայտարարությամբ, եթե կարելի էր ստեղծվող խնդիրները հենց կուսակցության ներսում լուծելՙ ջրի մակերես չհանելով»:
Ըստ Ալբերտ Բազեյանի «Հանրապետությունը» գտնվելու է քաղաքական աջ կենտրոնամետ տիրույթում, այսինքն հանրապետականների հետ կողք կողքի, սակայն ոչ միասին, այսինքն ունենալու է նույն ծրագրային հիմունքները եւ քննադատելու է «Միասնության» եւ նրա կառավարության գործունեությունը: Եթե ավելացնենք նաեւ, որ «Հանրապետություն» կուսակցության հանդեպ սիրալիր է տրամադրված նաեւ ՀՀԿ դաշնակից ժողովրդական կուսակցությունը, ապա անհեթեթ պատկերն առավել ամբողջական կդառնա: Ի դեպ նման վերաբերմունքը չթաքցրեցին նաեւ ՀՀԿ անդամ Վարդան Մկրտչյանը (դեռ հայտարարության հրապարակմանը հաջորդած օրերին, որին «Ազգը» անդրադարձել է) եւ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը, որի տեսակետներին մենք կանդրադառնանք հաջորդիվ:
Ողջ այս պրոցեսներից որոշակի կարելի է ասել, որ արդեն իսկ երեւում է ապագա քաղաքական դաշտի գծանկարը. ՀՀԿ-ն կհամագործակցի «Հանրապետության» հետ, իսկ ՀԺԿ-ն կփնտրի նոր դաշնակիցներիՙ նախ իշխանությունը չկորցնելու նպատակով, ապա նաեւ քաղաքական դաշտում ուժերի հավասարակշռվածությունը պահպանելու եւ վերջնականապես չվերադառնալու այն վիճակին, որին էր մինչեւ ՀՀԿ-ԵԿՄ- ը մերձեցումը: Երկրապահները կփորձեն վերադարձնել կորցրած իշխանական լծակներըՙ հայտարարելով, որ «Միասնության» ծրագիրն իրենք կարող են իրագործել ՀԺԿ-ի հետ, որը հնարավորություն կտա այդ երկու ուժերին միասնական հաղթահարելու խորհրդարան մտնելու արգելանքը: Եվ դա վատագույն դեպքում եւ, եթե «Հանրապետությունը» կարողանա ՀԺԿ-ին համոզել առավել ընդգծված ընդդիմադիր կեցվածք ընդունել իշխանությունների հանդեպ:
Նման գործընթացները սակայն զուտ կանխատեսումներ են տիրող տրամադրությունների հոլովույթում: «Հանրապետությունը» դեռեւս ծրագիր, կանոնադրություն չի ստեղծել, որը կլինի առաջին համագումարի ընթացքում, եւ որեւէ կոնկրետ քաղաքական հայտարարություն չի արել: Ամեն ինչ կախված է վերջինից:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ