Մինչ մենք մտածում էինք այս կերպ բարձրաձայնել մեր ժողովրդի անցյալ դարի հարյուր ընտրյալներին (Թումանյան ու Թամանյան, Կոմիտաս ու Սպենդիարյան, Սարյան ու Խաչատրյան, շատերը) հատկացված ժամանակի (ընդամենը 5- 7 րոպե) տարակուսելի չափի մասինՙ մեր կարծիքը, ազգային-հանրային հեռատեսիլի տնօրենությունը դա էլ շատ համարեց:
Ինչո՞ւ: Ինչպե՞ս հասկանալ, երբ շռայլվում է եթերային ժամանակն ամեն կարգի շոուների, հիթշքերթների, ազգայինի հետ ընդհանուր ոչինչ եւ օգտակարՙ շատ կասկածելի հաղորդումների համար ու հենց ազգային արժեքներ արծարծող հաղորդումների՞ առիթով են սկսում «խնայողությունները». Եթե մեր հասարակության մի ստվար մասը, որ դեռեւս կրում է ազգային կրթության եւ հոգեբանության բարերար շորշոփը, մեծ ըմբռնողություն է ցուցաբերում երիտասարդության նախասիրությունների հարցում, ապա ինչո՞ւ նույնը չի կարող լինել իր հանդեպ: Իսկ հաղորդաշարի հեղինակը թողություն է խնդրում հեղինակներից եւ չեղյալ համարում պայմանավորվածությունները: Ինչո՞ւ: Ովքե՞ր են մեր հեռատեսիլի գաղափարագեղարվեստական հայեցումների «օրենսդիրները», որ ա՚յդ աստիճան անբարեհաճ են վերաբերվում ազգայինին: Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով. Հազիվ մի հաղորդաշար էր ստեղծվել, որին անհամբեր սպասում էին մարդիկ եւ ազգային արժանապատվությունը զորացնող լիցքեր ստանում. եւՙ ընդհատվեց: Մի՞թե հեռատեսիլի ղեկավարությունը չի մտածում իր հեղինակության մասին: Ի վերջո եթերի կարգուկանոն կա: Եթե հայտարարվել է, թե հարյուր ընտրյալներ են ներկայացվելուՙ ուրեմն ինչո՞ւ է ընդհատվում. դա ի՞նչ կուլտուրա է: Ամենաթողություն չէ՞. թե ոմանք Եվրախորհրդին անդամակցելն ա՚յս կերպ են հասկանում: Անհրաժեշտ է հարգանքՙ ոչ միայն հեռուստադիտողի, այլեւ սեփական ծրագրի ու միտումների հանդեպ, մանավանդ, կրկնում ենք, երբ այդ մասին նախապես քանիցս տարփողված է. Ինչեւէ, մի ձեռքը չգիտիՙ մյուսն ի՞նչ է անում:
ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ